Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստմանս տերը եղա, այսօր երդմնակալությունից հետո դուրս եկա «Իմ քայլ»-ից»․ ԱԺ նորընտիր պատգամավոր

Հուլիս 15,2021 23:47

Նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանն այսօր, Ազգային Ժողով ոտք դնելուն պես, դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու համար։ Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված իր դիմումը հրապարակել էր ֆեյսբուքյան էջում։

Արա Մելիքջանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես հայտարարել էի, որ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալուն պես՝ առաջին քայլս կլինի դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից, խոստմանս տերը եղա։ Այսօր երդմնակալությունից հետո էլեկտրոնային դիմումը ուղարկել եմ քարտուղարության պետին։ Ես կուզենայի ավելի երկար տևեր իմ պատգամավորական գործունեությունը՝ լիքը ասելիք ու անելիք կար, բայց դե՝ ո՛չ սրանով է սկսվում, ո՛չ էլ ավարտվում, հիմա ավելի շատ անելիքներ կան՝ անկախ նրանից՝ Ազգային ժողովում ես, թե հասարակական սեկտորում կամ զուտ սովորական քաղաքացի ես՝ քո բարձր իրավագիտակցությամբ»։

Արա Մելիքջանյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ չի կիսում  «Իմ քայլ»-ի գաղափարները։ «Շատ ու շատ հարցերում համոզմունքների, պատկերացումների ու մոտեցումների էական տարբերություններ կան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  Արա Մելիքջանյանին 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրել էր Լուսինե Եգանյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Արա Մելիքջանյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն էր։

Արա Մելիքջանյանը թավշյա հեղափոխությունից հետո, մոտ 9 ամիս զբաղեցնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, հրաժարական էր ներկայացրել։

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա սատարում էր Ռոբերտ Քոչարյանի  գլխավորած «Հայաստան» դաշինքին՝ նշելով․ «Այո՛, սատարել եմ, բայց պիտի ասեմ, որ ես ո՛չ նիկոլական եմ եղել, ո՛չ քոչարյանական, ես ոչմեկական չեմ եղել, եթե կարիք է եղել՝ ելնելով ինչ-որ արժեքներից, իմ պատրաստակամությունն եմ հայտնել որևէ կերպ սատարելու, և դա չի կարող բնութագրվել ինչ-որ մեկական»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Երբ «քաղաքական գործիչը» «մեկ գիշերվա» ընթացքոում մի թիմից վազում է մեկ այլ, որևէ կասկած չի մնում շարժառիթների վերաբերյալ, առավել ևս, եթե նա վազել է «Հայաստան»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031