Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ինքը այսօր բավական հետաքրքիր բան ասաց՝ մենք քաղաքական մրցակիցներ ենք՝ նկատի ունենալով ներկաներին». Տիգրան Խզմալյանը՝ հանդիպման մասին

Հուլիս 24,2021 23:33

Ինչպես հայտնի է, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստն էր: Նիստին մասնակցել են 10 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Պարզվում է՝ նիստը բավականին երկար է տեւել:

Aravot.am-ի հետ զրույցում հանդիպման մասին իր տպավորությունները կիսեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը. «Ես չգիտեմ որքանով է հնարավոր խոսել արդյունավետության մասին առաջին հանդիպումից: Թեեւ լինելով երկրորդը՝ սա առաջին աշխատանքային  նիստն էր: Դատելով մի քանի արդյունքներից՝ կարելի է համարել, որ սա փորձ է՝ կառուցողական ընդդիմություն ստեղծել երկրում, որտեղ այդ գործառույթն իր վրա պետք է ընդուներ խորհրդարանը: Եթե խորհրդարանը լիներ այն, ինչ պետք է լինի ժողովրդավարական երկրում, համոզված եմ, արտախորհրդարանական այս ձեւաչափը պետք չէր լինի: Բայց մենք բոլորս գիտակցում ենք, որ խորհրդարանական ընտրությունները փաստորեն մեծ հաշվով երկու աշխարհաքաղաքական ճամբարների պայքարն էր: Գոնե այն հանգամանքը, որ քոչարյանական թեւը ներկայացնում էր Կրեմլը, դա ակնհայտ է, ուստի խորհրդարանը այս կարեւոր պահին չի տալիս Հայաստանին այն քաղաքական ու հատկապես արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ ճկունությունը, որը թույլ կտա երկրի, պետության նավը այս փոթորկոտ ջրերում բերել նավահանգիստ անցումային շրջանում՝ առանց լուրջ կորուստների: Ես այդպես եմ գնահատում այդ արտախորհրդարանական ձեւաչափի ստեղծման փաստը, որովհետեւ մեծամասնությունն այնտեղ մարդիկ են, կուսակցություններ, որոնք ներկայացնում են պայմանական ժողովրդավարական ճամբարը, որոնք Պուտինի «թրի» տակով չէին անցել՝ գոնե նախընտրական ծրագրերում իրենց հռետորաբանությամբ: Եվ հիմա այդ ուժերի համախմբումը խիստ անհրաժեշտ է: Փաստորեն, գործադիր իշխանությունը ստեղծեց հակակշիռ ինքն իրեն, որովհետեւ առանց դրա ժողովրդավարական գործընթաց չի ստացվի: Մեր առաջին հանդիպումը նվիրված էր բոլոր այն հարցերին, որոնք պետք է քննարկի ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ գործադիրը: Դատելով նրանից, որ մենք մի ամբողջ աշխատանքային օր ենք անցկացրել միասին, այդպիսին էր օրակարգը, պետք է համարել, որ սա ոչ թե ֆորմալ, ձեւի համար, այլ՝ աշխատող ձեւաչափ կարող է լինել»:

Հարցին՝ այսօրվա օրակարգում քննարկվե՞լ են սահմանադրական փոփոխությունների հարցը, արտաքին քաղաքականության ուղղությունը, կա՞ր ընդհանուր կոնսենսուս, թե՞ տեսակետները տարբեր էին՝ Խզմալյանը պատասխանեց. «Նախ, մենք պայմանավորվել ենք չհրապարակել քննարկումները, որպեսզի դրանք իմաստ ունենան: Բայց ընդհանուր առումով կարող եմ ասել, որ կոնսենսուս երբեք չի լինում: Բայցեւայնպես, քանի որ պայմանական ժողովրդավարական ուժերը մեծամասնություն են կազմում, մեզ հաջողվում է բավական արագ շարժվել եւ վեճերը ոչ թե սկզբունքային են, այլ ավելի հաճախ ձեւակերպումների ձեւաչափի մասին են: Բովանդակային առումով մեծ բախումներ առայժմ չկան: Սա առաջին հանդիպումն էր, գուցե ապագայում լինեն: Անհամաձայնություններ առնվազն կան, վերապահումներ կան, ինձ մոտ էլ կային, բայց դա դեռ չի խանգարել աշխատել մասին: Կարեւոր է այն, որ հարյուր հազարավոր ժողովրդավարականների ձայնը հասնում է գործադիրին: Երկխոսությունը առայժմ ստացվում է»:

Հարցին՝ երբ արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումները եղան, այսպիսի թեզ էր շրջանառվում, որ  Փաշինյանը միջազգային կառույցների աչքակապությամբ է զբաղված, սա զուտ ֆորմալ բնույթ է կրում, Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ժողովրդավար ղեկավար է, համագործակցում է այլ ուժերի հետ, իրականում չի լսելու որեւէ մեկին, դուք կամք տեսա՞ք իսկապես արդյունքի հասնելու ու միասին աշխատելու՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Այդպիսի մտավախություն, իհարկե, կար: Ես հասկանում եմ, որ շատերը այդպես կարող էին մտածել: Փաշինյանն ինքը այսօր բավական հետաքրքիր բան ասաց՝ մենք քաղաքական մրցակիցներ ենք՝ նկատի ունենալով ներկաներին: Եվ դա ճիշտ է՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք նրա թիմում չենք եւ հենց դրանում է այս ձեւաչափի հիմնական իմաստը: Մենք թիմակիցներ չենք, մենք մրցակիցներ ենք, ուստի առաջին փորձը ձեւականացնել այդ աշխատանքը, ստեղծել տպավորություն՝ առանց դրա բովանդակային լիցքավորման, ստել, կեղծել՝ անմիջապես հակադարձի կարժանանա հենց մեր կողմից: Ես շատ զգայուն եմ ձեր ասած վտանգի նկատմամբ եւ անընդհատ փորձում եմ ինքս իմ համախոհներին պատասխանել այդ հարցին, որը դուք տվեցիք: Առայժմ ես չեմ տեսնում նման վտանգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ոգևորվելու առիթ չկա, մի քանի այդպիսի հանդիպումից հետո արտախորհրդարանականներդ այնքան կհարազատանաք կառավարությանը, որ ուղղակի կդառնաք նրա գրպանային ֆորմալ ընդդիմությունը (իսկ ձեզնից որոշները հենց հիմա են այդպիսին)։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031