Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտությունը երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում». «Ճախրուկ» փառատոնի հիմնադիր

Հուլիս 26,2021 16:13

Հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում մեկնարկեց «Ճախրուկ» փառատոնը, որի մասնակցեց նաեւ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։ Փառատոնի բարեգործական համերգը շարունակեց Արտո Թունջբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։

Փառատոնի կազմակերպիչ եւ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները։ Քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյանները, մասնագիտությամբ երաժիշտներ են, նվագում են փողային և հարվածային երաժշտական գործիքներ։

2019թ-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ եւ կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ՝ ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը եւ երգչախումբը։

«Մեզ ներկայացնում եք Աննա եւ Անահիտ Մխիթարյաններ, կամ Մխիթարյան քույրեր։ «Ճախրուկ» մշակութային կենտրոնի, Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր և ղեկավարներ։ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ստեղծման նպատակն է երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը եւ ամենակարեւորներից մեկը՝ ուժի, կամքի, նպատակասլացության օրինակ ծառայել:

Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձեւավորելը, այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում, սոցիալական կյանքում ներգրավվածություն, ինչպես նաեւ մասնագիտության ձեռքբերում: Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունն օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մխիթարյան քույրերից Անահիտը։

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի աջակցությամբ անհատույց տրամադրված սենյակները քույրերը նորոգել են, կահավորել` բարի եւ սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին քույրերը տվել են ընտանեկան օջախի ջերմ մթնոլորտ: 2021թ-ի հունիսի 1-ին հենց այդ սենյակներում կայացավ մշակութային կենտրոնի բացումը և մանկատան երեխաների համերգային ելույթը` բացման շրջանակներում: «Հիմնել ենք «Ճախրուկ» հասարակական կազմակերպություն, որը պետք է զբաղվի մշակութային եւ առողջապահական գործունեությամբ, երեխաների համար կազմակերպել համերգներ, փառատոններ։Ինչպես նաեւ մանկատան երեխաների եւ ոչ միայն մանկատան երեխաների, առողջական խնդիրների լուծմամբ»,- ասում է Անահիտ Մխիթարյանը։ Նրանց նպատակներից է նաեւ հաջորդ տարիներին արտերկրից եւս յուրահատկություններով օժտված երեխաները ներկայացնեն իրենց ազգային երաժշտությունը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031