Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ է, ի վերջո, պատերազմի «զգետնված» քարոզչության պատասխանատուն

Օգոստոս 19,2021 12:11

Ի շարունակություն նախորդ հոդվածի, որը վերաբերում է 44 օրյա պատերազմին առնչվող «տեղեկատվական հարթության մարտական գործողություններին», ինչպես դրանք բնութագրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, կարող ենք արձանագրել, որ, ցավոք, այդ հարթությունում ևս մենք տապալվեցինք: Ի դեպ, ոչ միայն ներքին լսարանին ուղղված քարոզչության առումով, այլ նաև՝ արտաքին:

Արդարության համար պետք է նշել, որ Արցախի շուրջ կառուցած քարոզչական մեր քաղաքականությունը կաղում էր դեռ վաղուց: Այս մասին մատնանշեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմից հետո Արամ Աբրահամյանին տված հարցազրույցում՝ ասելով, թե. «…վերջին տարիներին փոխանակ զբաղվեինք նրանով, որ ստեղծեինք այսպես կոչված ազգային տեղեկատվություն, որը կդիմակայեր ադրբեջանական պրոպագանդային միջազգային հարթակներում, մենք զբաղված էինք իրար հայհոյելով, շարունակում ենք դա մինչև այսօր: Սա պարտություն է՝ տեղեկատվական պարտություն»,-ընդգծեց նախագահը: Սակայն, սա առանձին թեմա է:

Այսպիսով, վերադառնալով բուն թեմային, հստակորեն կարող ենք ասել, որ պատերազմի և, հատկապես, Շուշիի շուրջ ստեղծված տեղեկատվական քաոսը ձնագնդի էֆեկտի պես իր մեջ ներառել էր բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ մոտ էին կանգնած լրատվական հոսքերին և, դա պաշտոնական լրատվության ամենավառ ձախողումներից էր, քանզի հավաստի, բազմաշերտ ու հավասարակշռված ինֆորմացիա տարածելու դեպքում հեշտ կլիներ կառավարել այդ քաոսը, սակայն նման բան տեղի չունեցավ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին Շուշիի Ղազանչեցոց տաճարի բակից հանդես եկավ ելույթով՝ հայտարարելով, թե հակառակորդը քաղաքից հեռու է ընդամենը հինգ կիլոմետր և պահն օրհասական է.
«Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է: Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…», – արցախյան լազուր երկնքի ֆոնին, չափազանց հանդարտ տոնայնությամբ ու ժպիտով հայտարարեց Արցախի նախագահը:

Այս հայտարարություն-կոչը ամենաառաջին լուրջ ամպրոպն էր, որ պայթեց հաղթելու աներեր վստահությամբ մեկ ամիս շարունակ ապրող հայկական լսարանի ականջներում, բայց հայտարարությունից ժամեր անց, քննարկումներ սկսվեցին ոչ թե Արցախին օգնության շտապելու կամ չշտապելու հարցի շուրջ, այլ այն մտայնությամբ, թե գուցե Արցախի նախագահը փոքր ինչ չափազանցնում է՝ ասելով, թե թշնամին Շուշիից հեռու է հինգ կիլոմետր, չէ որ դեռ երեկ, ըստ ՀՀ ՊՆ հրապարակած քարտեզի, թշնամին միայն մի փոքր էր կրծոտել մեր սահմանի բնագիծը:

Գտնվեցին, նույնիսկ ռազմական գործի մի քանի մասնագետ, ովքեր հանրային հարթակներում համոզմունք հայտնեցին, որ հինգ կիլոմետր ասվածը ուղիղ ճանապարհն է դեպի Շուշի, իսկ ոլորաններով այդ ճանապարհը շատ ավելի երկար է, կարիք չկա խուճապի մատնվել: Եվ դա տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ առավել ինտենսիվ և ծանր հրետանու դեր կատարող հայաստանյան պաշտոնական քարոզչությունը ամեն կերպ, մինչև վերջին պահը քողարկում էր փաստը, որ ճակատում վիճակն, իրավմամբ օրհասական է, որ մենք լայն քայլերով նահանջել ենք:

Այո, ըստ մատուցվող պաշտոնական լրատվության լսարանը հավատում էր, որ վիճակը բարդ է, ծանր պայքար է, տակտիկական նահանջներ են լինում մեր զորքի մոտ, բայց, որ օրհասական է, թշնամին Շուշի է հասել ու մենք Արցախը կորցնելու վտանգի առաջ ենք, այդ մասին ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, քանի որ հայաստանյան պաշտոնական լրատվությունը շարունակում էր հանգստացնող կաթիլներ ներարկել լսարանի ականջների մեջ:

Օրինակ, նոյեմբերի 3-ին, Արցախ հեռուստաընկերությամբ հանդես եկող ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը վստահաբար հորդորեց. «Արևելյան ուղղությամբ կատարվել է վերախմբավորում, որի արդյունքում մի փոքր ճակատային հատվածում մեր ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր, խոսքը մի փոքր հետ քաշվելու անհրաժեշտության մասին է: Սակայն, մարտական գործողությունների ընթացքում դա բնականոն երևույթ է և այստեղ որևէ անհանգստության, որևէ խուճապի առիթ չկա: Մեր ժողովրդին խորհուրդ կտայի բացառապես չհավատալ այդ տարածվող լուրերին, հասկանալ, որ չստուգված տեղեկությունները, խուճապը հաճախ ավելի վնասակար են, քան հակառակորդի գործողությունները: Պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, մենք պարզապես ներկայացնում ենք իրականությունը ամեն օր, խնդրում եմ հետևել մեր հաղորդագրություններին»:

Իսկ նոյեմբերի 4-ին էլ, հերթական ասուլիսի ժամանակ Ա. Հովհաննիսյանը ի պատասխան լրագրողի հարցին վրդովված հայտարարեց. «Մեր վիճակը հիմա ավելի լավ է, քան 15 օր առաջ։ Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց, կարծում եմ, 10-15 օր առաջ ավելի ծանր էր։ Հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, մեր ինքնակազմակերպվածությունը, կառավարումը, շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են: Չի կարող այս կամքը, էներգիան պարտվել, դա անհնար է և, բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, ուրեմն ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են՝ ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել այդ տղերքի հետ»:

Նույն նոյեմբերի 4-ին, երբ մամուլում և սոցցանցերում արդեն զգուշավոր կասկածներ էին թևածում ճակատում տիրող իրական վիճակի մասին, պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ գրառումը, այդպիսով վերջնականապես իր վրա վերցնելով պաշտոնական տեղեկատվական քաղաքականության հետևանքների ողջ պատասխանատվությունը. «Ով համարում է, որ ինձնից շատ իրավունք ունի հասարակությանը տեղեկացնել ռազմաճակատի մասին՝ թող մտածի: Կարող է նոր զենքի տեղն ու գործողության մանրամասներն էլ թշնամուն պետք կգան, դա էլ հայտնեք ու վերջ»:

Իսկ պարոն Հովհաննիսյանի նախավերջին գրառումը, մինչ նրա ինքնազգացողության վատթարանալը, ֆեյբուքում արվել է նոյեմբերի 9-ին՝ օրվա առաջին կեսին. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները՝ հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Սա է իրերի իրական դրությունը: Այլ չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»:

Եվ լսարանը մերժեց բոլոր կարծիքները և տեղեկատվական հոսքերը, նույնիսկ Արցախից հաղորդվող պաշտոնական լրատվությունը՝ ի դեմս խոսնակ Վահրամ Պողոսյանի, երբ վերջինս հայտարարեց, թե Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Ամենևին նպատակ չկա որևէ մեկին մեղադրանք ներկայացնելու և նման իրավասություն էլ չունենք: Զբաղվել մանիպուլյացիաներով կամ համոզված պնդել, որ նման սխալ ինֆորմացիոն քաղաքականությունը հատուկ էր ընտրված, նույնպես, անհեթեթ կլինի, բայց սթափ հայացք նետել փաստերին և սառնասրտորեն արձանագրել, որ պատերազմի տեղեկատվական քաղաքականությունը արմատապես սխալ գծով էր տարվում՝ պարտավոր ենք: Ու այսօր, այդ թեմայի շուրջ ետադարձ հայացքի ու քննարկումների նպատակը պետք է միայն մեկը լինի՝ ոչ թե ինքնարդարացումը կամ սլաքները մեկը մյուսի վրա ուղղելը, այլ՝ ցավոտ անկեղծությամբ սխալների վեր հանումն ու դրանց հիման վրա նոր տեղեկատվական հայեցակարգի մշակումը:

Պատերազմը դեռ չի ավարտվել ու, սարսափով կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այն թեժ հոսքագիծ մտնի, իսկ մեր պաշտոնական տեղեկատվական քաղաքականության ռազմավարությունը լինի ու կրկնվի ճիշտ այնպես ինչպես 44 օրերի ընթացքում էր:

«Առավոտ»-ին տված պարոն Ա. Հովհաննիսյանի հարցազրույցում կարդում ենք հետևյալ միտքը.

«Հաջորդ փուլը (ի նկատի ունի արցախյան պատերազմի-Ն.Բ.) միջանկյալ հատվածն է, երբ իրավիճակն աստիճանաբար վատանում էր, իսկ քարոզչությունը ի դեմս ինձ…ընդ որում, ես քարոզչության պատասխանատուն չեմ եղել, այլ արտահայտողը: Քարոզչության պատասխանատուն պետությունն է, գլխավոր շտաբը, կառավարությունը: Որոշ հարցեր հաճախ չգիտակցված կերպով ինձ են հասցեագրվում»:

Այս միտքը անմիջապես հիշողության մեջ արթնացնում է նոյեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ պարոն Հովհաննիսյանի կողմից հնչեցրած հետևյալ պնդումը, որի մասին նշվեց վերևում, թե. «Մեր վիճակը հիմա ավելի լավ է, քան 15 օր առաջ։ Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց, կարծում եմ, 10-15 օր առաջ ավելի ծանր էր», և անմեկնելի հակասություն է ստացվում, քանի որ նոյեմբերի 4-ից 10-15 օր առաջ ընկած ժամանակահատվածը, թերևս, հենց պատերազմի միջանկյալ հատվածն է, երբ ըստ Հովհաննիսյանի իրավիճակն աստիճանաբար սկսել է վատանալ: Ինչևէ:

Բացի այդ, մեկ բան ևս այդպես էլ հնարավոր չի լինում հասկանալ՝ ի վերջո ո՞վ է պատերազմի «զգետնված» քարոզչության պատասխանատուն: Եթե պարոն Հովհաննիսյանը պաշտոնական քարոզչության պատասխանատուն չէ, այլ միայն արտահայտողը, ինչպես պնդում է նա, եթե նրան վերապահվել էր լեվիտանյան դերակատարում (Լեվիտանը ռազմական գործի մասնագետ չէր, նա ռադիոհաղորդավար էր, որը կարդում էր Երկրորդ համաշխարայինի պաշտոնական ռազմական լրահոսը, որտեղ ամեն մի տառն ու ստորակետը համաձայնեցված էր), ապա ինչո՞ւ էր նա ստեղծում տպավորություն, թե ինքն ունի ինֆորմացիայի ազատ մշակման և տարածման իրավունք՝ ըստ իր աչքով տեսածի ու լսածի: Իսկ եթե նա, այնուամենայնիվ, մեզ պատմում էր իր աչքով տեսածն ու լսածը և նրան ոչ մեկ չէր արգելել ճշմարտության ճիշտ չափաբաժինը մեզ մատուցելու, ապա ինչո՞ւ լսարանը այդպես էլ նրանից չլսեց, որ մեր վիճակն օրհասական է, թշնամին հարյուրապատիկ ուժեղ է, մենք ունենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ և, իհարկե հաղթելու ենք, եթե միայն սթափվենք ու դուրս գանք էֆորիայից:

«Աշխարհում դեռ չի եղել դեպք, որ պատերազմի քաոսի, կորուստների ու նահանջի մասին լուրերն առաջացնեն համապետական պոռթկում և հայրենասիրություն»,-համոզմունք է հայտնում պարոն Հովհաննիսյանը: Համաձայն եմ: Ոչ ոք չի ասում, որ պետք էր ահասարսուռ ձայնով հայտարարել, թե, ժողովուրդ, պարտվում ենք, բեռ ու բարձը հավաքեք ու կախվեք օդանավերի անվադողերից, զորքը նահանջում է:

Օրինակ, պետք չէր անհարկի թերագնահատել թշնամու ուժը: Անհարկի էր անել, օրինակ, նման քարոզչական հնարք, երբ Ա. Հովհաննիսյանը հրապարակեց ադրբեջանցի զոհված զինվորների մոտ եղած կերակուրը՝ երշիկ ու մսի պահածո և գրեց, թե Իլյուշը (Իլհամ Ալիև) հիմա կատաղած է, քանի որ այնքան էլ լավ կերակրում է իր զինվորներին, բայց ապերախտները մեկ է՝ լավ չեն կռվում: Լսարանը խուճապի չէր մատնվի, եթե նրան պարբերաբար և լուրջ տեքստով տեղեկացվեր, որ հակառակորդը լավ զինված է և ուժեղ ու մենք պետք է ամեն վարկիան մարտական զգոնության մեջ լինենք:

Այո, քարոզչության հաջողության հիմնաքարը լսարանի զգացմունքային ընկալունակության վրա ազդելն է, բայց պատերազմների համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ մարտունակ թիկունք ունենալու համար գրագետ քայլերով պետք է կառավարել լսարանի ոչ միայն դրական էմոցիաները՝ ոգեշնչելով նրան, այլ նաև բացասական, ասենք օրինակ, ցասումը, կորստի վախը, որոնք մարտի նետվելու վճռականություն են հաղորդում: Երբ Առաջին համաշխարհայինն ժամանակ անգլիական մամուլը հորինված սարսափներ էր գրում գերմանական բանակի վայրագությունների մասին, կամ Սինոպսյան ճակատամարտից հետո տարածում էր, թե ռուս նավաստինը դաժանաբար կրակահերթ են բացել խորտակվող թուրքական նավատորմի զինվորների վրա, երբ Լեվիտանը հստակ ու ձայնի համապատասխան տոնայնությամբ տեղեկացնում էր սովետական զորքի նահանջի մասին, դա արվում էր մեկ նպատակով, որպեսզի թիկունքը լինի զգոն:

Պարոն Հովհաննիսյանը, իրավմամբ նշում է նաև, որ ինքը տողատակով հայտնել է, թե իրականում ինչ վիճակ է ճակատում: Այո, նման տողատակեր նրա ֆեյբուքյան գրառումներում և բանավոր խոսքում եղել են: Օրինակ նրա ֆեյսբուքյան գրառումներից՝

Հոկտեմբերի 11 – «Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, թե իբրև Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջիբրաիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»:

Հոկտեմբեր 14 – «Հաղթելու վճռականությունը կարևոր է հատկապես նահանջի ու կորստի ժամանակ: Հաղթելու ենք»:

Հոկտեմբերի 15 – «Չափազանց թանկ է մեզ համար այս հաղթանակը: Հաղթելու ենք»:

Հոկտեմբերի 20 – «Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941-ին էլ կար նահանջ, 1992 -ին էլ կար նահանջ, բայց բոլոր դեպքերում վերջում եղավ հաղթանակ, էլի է լինելու: Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար: Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է: Մի արեք նման բաներ: Անհանգստանալու առանձնակի առիթ չկա»:

Նոյեմբերի 7 – «Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն: Այսքանից հետո, եթե մի տեղ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»:

Պարոն Հովհաննիսյան, եկեք լինենք անկեղծ, հնարավո՞ր է արդյոք, լայնամասշտաբ ու արդեն ոչ մեր օգտին ընթացող պատերազմի պարագայում նման մեկ-երկու շատ խորը տողատակը համարել ահազանգ ճակատում տիրող օրհասական վիճակի մասին և, կարո՞ղ էր արդյոք, ռազմական գործի ոչ մասնագետ և, ինչպես Դուք էիք Ձեր հարցազրույցում բնութագրել՝ աղավաղված արժեհամակարգով, հնդկական սերիալներով դաստիարակված, սամուրայ դառնալու ոչ պատրաստ հանրությունը ընկալել նման նուրբ քարոզչությունը:

Պատերազմական իրավիճակում տարվող քարոզչությունը չի կարող լինել նուրբ և ունենալ տողատակ: Այն պետք է լինի հստակ, հասկանալի և թիրախավորված: Հատկապես այսօրվա լսարանը՝ և ոչ միայն հայկական, որը բավարարվում է միայն գլխագրեր կարդալով, պահանջում է բոլորովին այլ մոտեցում: Մենք սիրում ենք օրինակներ բերել համաշխարհային պատերազմներին և հատկապես սովետմիությանը առնչվող տեղեկատվական ռազմավարությունից, սակայն ժամանակն է գիտակցել, որ մենք ապրում ենք բացարձակապես այլ իրականությունում: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ բազմամիլիոնանոց ազգաբնակչությունից առգրավվել էին ռադիոընդունիչները, հեռուստատեսությունը,  բացի այն, որ սաղմային փուլում էր, նույնպես, դադարեցրել էր հեռարձակումը պատերազմի տարիներին, մամուլը տոտալ վերահսկողության տակ էր, իսկ այսօր, նույնիսկ, խոհանոցի ծորակը մեզ կարող է պատմել աշխարհի անց ու դարձի մասին:

Եվ վերջում՝ Գանձակի օդանավակայանի առեղծվածի մասին: Պարոն Հովհաննիսյանը պնդում է, թե Գանձակի օդանավակայանի երևակայական պայթյունի փաստը պարունակում է շատ խորը և երկարաժամկետ ռազմական գաղտնիք: Հետաքրքիր է, ինչպիսի՞ խորը և երկարաժամկետ գաղտնիքի մասին է խոսքը, երբ Հայաստանն այլևս ստորագրել է կապիտուլյացիա: Հովհաննիսյանը նշում է նաև, որ այդ օպերացիան ինֆորմացիայի քողարկման դրսևորում է: Այսինքն` մենք, պատկերավոր ասած, պլանավորում էինք պայթեցնել Բաքվի նավթամուղը, բայց տարածեցինք, որ պայթեցրել ենք Գանձակի օդանավակայանը, որպեսզի քողարկվենք և շեղենք հակառակորդի ուշադրությունը: Եվ ինֆորմացիայի քողարկման այդ ճկուն քարոզչական հնարքը իրականացրեց Արցախի քաղաքական իշխանությունը այն նպատակով, որ Հայաստանի Հանրապետությունը խուսափի «իրավունքի խորքային խնդիրներից», ինչպես փորձում է բացատրել Ա. Հովհաննիսյանը: Այսինքն, եթե «Գանձակի օդանավակայանի հօդս ցնդելու» լուրը հայտնեին Ա. Հովհաննիսյանը կամ Շ. Ստեփանյանը, միջազգային հանրությունը անմիջապես կդատապարտեր Հայաստանի Հանրապետությանը այն պարագայում, երբ Ադրբեջանը զուգահեռաբար ֆոսֆոր պարունակող քիմիական զենք էր կիրառում և գնդակոծում էր Արցախի խաղաղ բնակչությանը:

Ինֆորմացիոն պատերազմում կիրառված ցանկացած մանիպուլատիվ քարոզչական գործողություն պետք է ունենա ցանկալի և տեսանելի արդյունք: Օդանավակայանի պարագայում նման արդյունք մենք չտեսանք՝ հակառակորդի լսարանը չցնցվեց, համաշխարհային մամուլը չողողվեց այդ լուրով, իսկ մեր սեփական լսարանը ապրեց հերթական հիասթափությունը: Նշանակում է, այն անհաջող կիրառված ռազմավարություն էր կամ՝ այն բոլորովին կապ չուներ ինֆորմացիայի քողարկում քարոզչական հնարքի հետ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031