Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի՞ է արդեն «Եվրատեսիլ-2022»-ի հայ մասնակցի անունը

Սեպտեմբեր 10,2021 13:00

Հարցազրույց Սոչիում անցկացվող «Նովայա վոլնա-2021» երգի մրցույթի հաղթող Սարո Գեւորգյանի հետ

– Դուք ավանդաբար անցկացվող  «Նովայա վոլնա» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-րդ մասնակիցն եք։ Այդ մրցույթին մասնակցել են Էմմին, «Հայեր» խումբը, Գրիգոր Կոկչյանը, Ռազմիկ Ամյանը, Սոնա Ռուբինյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սոնա Շահգելդյանը, Մհեր-Արմենիան, Էրիկը, Մաշա Մնջոյանը, Էռնա Միրը։ Իսկ առաջինը Հայկոն էր։ Բայց, չգիտես ինչու, երբ առիթի դեպքում այդ մասին փաստել ենք, շատերի մոտ տարակուսանք է առաջացել։ Այս պահին, կներեք, ստույգ չենք հիշում՝ 1998, թե՞ 99 թվականներին էր։ Մեր մասնակիցներից մրցույթում հաղթող են ճանաչվել Սոնա Շահգելդյանը՝ 2010թ., եւ դուք։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, մինչ մրցույթին մասնակցելը երբեւէ Սարո Գեւորգյան անունը, մեծ հաշվով, ծանոթ չէր ժամանակակից երգի երկրպագուներին։ Բայց հիշում ենք, որ ժամանակին լուսահոգի Նադեժդա Սարգսյանը մեզ հետ զրույցներում գովեստի խոսքեր չխնայելով իր սաների հասցեին, հիշատակում էր նաեւ ձեր անունը…

– Հաճախել եմ տիկին Սարգսյանի ղեկավարած «Դո, ռե, մի» վոկալ ստուդիան, հետո արդեն Երեւանի մշակույթի պետական քոլեջ, ապա Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոն։ Այդ տարիներին մասնակցել եմ շուրջ 20 միջազգային մրցույթի…

– Այս պահին մի բան էլ մտաբերեցինք. Նադեժդա Սարգսյանի սաները մշտապես հաղթանակած էին վերադառնում մրցույթներից։ Այդպես եղել է։ Իսկ հաղթանակած՝ նկատի ունենք առաջին մրցանակներով։ Դուք հիշո՞ւմ եք ձեր առաջին հաղթանակը, որտե՞ղ էր եւ քանի՞ տարեկան էիք։

– 2012 թվականն էր. Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցույթում հաղթող ճանաչվեցի, ընդ որում՝ 265 մասնակիցների թվում, 13 տարեկան էի։ Մի բան էլ. որպես բեք-վոկալիստ Սրբուկի հետ մասնակցել եմ «Եվրատեսիլ 2019»-ին։

– Բայց մի բան, այնուամենայիվ, տարօրինակ է՝ ձեզ երբեւէ չենք հանդիպել բեմում։ 

– Գուցե տարօրինակ է։ Իհարկե, կարող էի ձայնագրություններ, տեսահոլովակներ իրականացնել, ի վերջո, ինչպես նշեցիք՝ բեմ բարձրանալ։ Բայց սպասում էի, սպասում էի կոնկրետ մի բանի, ինչը, փաստորեն, իմ դեպքում եղավ 22 տարեկանում։ Եվ դա «Նովայա վոլնա»-ն էր։

– Ըստ մեր տեղեկությունների՝ մրցույթի ավարտից հետո ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովի կողմից հիանալի առաջարկություն եք ստացել, կբացե՞ք փակագծերը։

– Իսկապես, ռուսական էստրադայի աստղը իմ ներկայությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ աջը դրեց գլխիս եւ հայտարարեց՝ ես հավատում եմ քեզ, Սարո, եւ ամեն ինչ անելու եմ, որ քեզ համար հաջորդ մրցույթը լինի «Եվրատեսիլ 2022»-ը…

– Իսկ այդժամ ներկայացնելու եք Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը։

– Կիրկորովը հավաստիացրեց, որ Հայաստանը։

– Մեզ տեղեկություն է հասել նաեւ, որ օրերս պատրաստվում եք մեկնել Մոսկվա։

– Ձեր տեղեկությունը ճիշտ է։ Շուտով։

– Անդրադառնանք «Նովայա վոլնա»-ի մրցելույթներին։ Յուրաքանչյուր տարի այդ մրցույթի ժյուրին որոշակի փոփոխություններ է կատարում՝ հենց թեկուզ երգերի ընտրության հետ կապված։ Սովորաբար նախկինում մեր մասնակիցները ներկայացնում էին ճանաչված հայ կոմպոզիտորի երգ…

– Ճիշտ եք նկատել։ Որպես մեր երկրի հիթ հնչեցրի Արամ MP3-ի «Կուզես» ստեղծագործությունը, իսկ կազմկոմիտեն ցանկություն էր հայտնել, որ այդ ստեղծագործությունը լինի վերջին տարիներին գրված, ոչ թե, ասենք, այնպիսի երգ, որի հեղինակին՝ կոմպոզիտորին, լավ գիտեն իրենք։ Նկատի ունեմ Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Արամ Սաթյան եւ այլն։ Օրինակ, մրցույթի կազմկոմիտեն եւ ժյուրին որոշել էին նաեւ, որ եթե մասնակիցը ներկայացնում է համաշխարհային հիթ, կատարի այնպիսի ստեղծագործություն, որը, ուղիղ ասած՝ աշխարհը անգիր գիտի։ Ես ընտրել էի Բիոնսեի երգացանկից «Lisen»-ը, որը համացանցում ունի շուրջ մեկ միլիարդ դիտում։ Երրորդ ստեղծագործությունը իմ հեղինակային գործն էր՝ «Երկբեւեռ սեր», ռուսերենով։ Խոսքերի հեղինակը Դավիթ Բադալյանն է։ Ընդ որում, երգերի ընտրությունը կատարում էր մրցույթի մասնակիցը եւ վերջնական OK-ն տալիս են երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Րեզնիկովն ու Անաստասիա Մուխինան։

– Մրցույթից վերադառնալուց հետո մեր հեղինակների կողմից նոր երգի առաջարկ ստացե՞լ եք։

– Ոչ։ Բայց, օրինակ, Մոսկվայից ստացել եմ նման առաջարկներ, ինչպես նաեւ հրավերներ՝ ռուսաստանյան տարբեր ալիքների շոուներին մասնակցելու համար։

– «Նովայա վոլնա»-ում 2-րդ, 3-րդ մրցանակակիրներին արդեն ընդունել եւ շնորհավորել են իրենց երկրների նախագահները…

– Հասկանալի է հարցը։ Գոնե պատերազմից հետո միջազգային ասպարեզում «Նովայա վոլնա»-ն առաջին մրցույթն էր, որին մասնակցում էր Հայաստանը։ Այո, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի հրավիրել ու չի շնորհավորել, բայց դա կարելի է հասկանալ՝ դաժան պատերազմից հետո ապրում ենք հետպատերազմյան ոչ պակաս ծանր օրեր։

– Մրցույթի հետ կապված՝ ձեր կատարումների մասին եթե հնչում են միանշանակ հիացմունքի խոսքեր, ապա ձեր հագուկապի մասին խոսակցությունները նույն «բարձրության» վրա չեն, ինչի հետ համամիտ ենք։ Ախր, ինչո՞ւ էր ընտրված կոստյումի գորշ երանգը։ Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա մրցույթի զգեստների դիզայների, ոճաբանի գործառույթն է։

– Զգեստների դիզայները, ոճաբանը մոսկվաբնակ մեր հայրենակիցն էր՝ Յորգանս Պողոսյանը։ Իսկ մրցանակաբաշխության օրն արդեն հնարավորություն կար բեմ դուրս գալ մեր ճաշակով։ Ինչպես տեսաք, այդ օրը ես արդեն «գույնի մեջ» էի (ժպտում է- Ս.Դ.)։

– Ամենակարեւորի մասին չխոսեցինք. եթե չլիներ աջակցություն, չէր լինի եւ մասնակցություն մրցույթին։

– Ինձ աջակցել է ընտանիքս եւ մոսկվաբնակ գործարար Կարինե Կարապետյանը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930