Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծով առանձին միավորված համայնք կլինի Երեւանը»․ Վաչե Տերտերյան

Սեպտեմբեր 22,2021 12:52

Համայնքների առաջ ծառացած հատկապես տնտեսական մարտահրավերները շատ են, եւ համայնքների խոշորացումը բխում է դրանից։ Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով՝ քննադատողներից շատերը բախվել են այն խնդրին, որ մեր վարչատարածքային բաժանման տրամաբանությունը փոփոխման կարիք ունի՝ ապահովելու համար արդյունավետություն։

«Այս նախագծով առանձին միավորված համայնք կլինի Երեւանը։ Վեց չմիավորված համայնքներ, այդ թվում՝ Գյումրին, եւ եւս հինգ ազգային փոքրամասնությունների համայնքներ կան, որոնց այս պահին չենք անդրադարձել»,-տեղեկացրեց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների համայնքների միավորման հարցը հատուկ խնդիր է․ «Ազգային փոքրամասնությունների մշակութային կամ այլ առանձնահատկությունները տեսնելն անքննարկելի խնդիր է , ուստի դրա համար այլ մեխանիզմներ կան»։

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը խնդրեց հիմնավորել՝ ի՞նչ սկզբունքով են կիրառելու խոշորացման շրջանային եւ փնջային մոդելները։ Վաչե Տերտերյանը նշեց՝ ակնհայտ է, որ, օրինակ, Արտաշատի փնջում գյուղերը մեծ են ու սահմանակից, ներաճած են իրար, մեկ քաղաքաշինական-մշակութային միավոր են, ուստի այս դեպքում լիազորությունների ապակենտրոնացումն այլ տրամաբանություն ունի, որը տարբերվում է լեռնային համայնքների փնջերից․ «Որեւէ այլ ձեւաչափով պատրաստ ենք առանձնահատկությունները կոնկրետ օրինակներով ներկայացնել»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ բարձրաձայնեց, որ վեց համայնքներում մանկապարտեզների շենքերը գործում են կիսատ կամ պետք չեն առհասարակ։ Փոխնախարարը հաստատեց՝ վեց համայնքներում կան մանկապարտեզներ, որոնք ամեն ինչով պատրաստ են, բայց չեն գործում․ «Չունեն շահագործման ռեսուրս։ Կառավարությունը վերջերս գումար տվեց, որ աշխատեն։ Ճիշտ չարեցինք, որովհետեւ շատ ու շատ այլ համայնքների գումար չենք տվել, բայց խոշորացումից հետո համայնքային բյուջեն վերաբաշխվելու է։ Հուսանք, որ այդ մանկապարտեզները կգործեն։ Որպես խոշորացման արդյունք՝ շատ համայնքների է բնորոշ մանկապարտեզների բացումը։ Ճանապարհները, խմելու ջրագծերը նույնպես»։

Բլեյանը նաեւ նշեց․ «Երեւանը շարունակաբար դիտարկում եք որպես հանրապետություն կլանող գիգանտի դերում, ինչո՞ւ Երեւանի հարցը լուրջ չեք քննարկում․ «Վարչական շրջաններն ինքնուրույն են։ Երեւանը գլխավոր խոչընդոտն է համայնքների զարգացման համար»։ Վաչե Տերտերյանը չհամաձայնեց․ «Վարչատարածքային բաժանումը «դոգմա» չի։ Ինչ-որ փուլում հնարավոր է, որ այս կամ այն կառավարումն է արդյունավետ։ Չի բացառվում, որ որեւէ փուլում վարչական շրջաններին կարելի է ավելի մեծ ինքնուրույնություն տալ, ինչը կա որպես գաղափար՝ Երեւանի մասին օրենքում։ Երեւանը խանգարող գործոն չի, այն լոկոմոտիվ պետք է լինի։ Այլ է հարցը, որ շատ երկար տարիներ Երեւանին ավելի քիչ պետական ռեսուրսներ են տալիս՝ համաչափ զարգացման գաղափարախոսության շրջանակում։ Վարկային պետական ռեսուրսներն, օրինակ, ավելի շատ մարզեր են ուղղվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930