Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց միավորելու առումով». ԱՄՆ դեսպանատան մշակույթի կցորդ

Սեպտեմբեր 24,2021 16:27

«Ուրախ եմ հանդիպել ձեզ հետ եւ ներկա լինել այստեղ ու մաս կազմել այսքան կարեւոր նախագծի»,- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման առիթով հրավիրված ասուլիսում խոսքը հայերեն սկսեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը: Հավելեց, որ երկու տարի է, ինչ Հայաստանում դեսպանատունը գործում է, եւ իրենք փորձում են շատ ակտիվ գործունեություն ծավալել:

Դեսպանի խոսքով, քանի որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը համեմատաբար փոքր է մյուս դեսպանատներից, ինքն ասուլիսին ներկա է նաեւ որպես մշակութային պատասխանատու: Նա ընդգծեց, որ անցյալ տարի համագործակցել են «Ուջան» կինոփառատոնի հետ, որի տնօրենը իրեն փորձել է բացատրել, թե ինչ դժվար ժամանակներ են կինոյի համար տարբեր պատճառներով` այդ թվում պատերազմի: Դեսպանն ասաց, որ անչափ կարեւոր է ներդրում կատարել մշակութային նախագծերում: Դեսպան Սխերմերսը հայտնեց, որ դեսպանատունը որոշում է կայացրել աջակցել նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի համահիմնադիրներից Սուսաննա Հարությունյանը ներկայացնելով «Ոսկե ծիրանի» եւ արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը` հիշեցրեց, որ «Ոսկե ծիրան» օրաթերթը ստեղծվել է հոլանդացի կինոքննադատի կողմից, որին կարելի է որակել որպես փառատոնի համահիմնադիր: «Շատ տրամաբանական է, որ Նիդերլանդների դեսպանատունը շարունակում է աջակցել օրաթերթին, որն այս տարի եւս կլինի փառատոնի մի մասը»,-ասաց տիկին Հարությունյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Աննա Մովյոն նշեց, որ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի դեսպանության կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին աջակցելը: Նա շնորհավորեց փառատոնի կազմակերպիչներին հարուստ եւ հետաքրքիր ծրագրի համար, ասաց, որ շատ լավ առիթ է Երեւանի սրտում ներկայացնել միջազգային կինոփառատոնների լավագույն ֆիլմերը: Նա տեղեկացրեց, որ ի թիվս այլնի՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագիրը՝ Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Ժյուլիա Դյուկուրնոյի «Տիտան» ֆիլմերը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոն եւս իր խոսքը հայերեն սկսեց, ապա ներկայացրեց այն ֆիլմերը , որոնք կցուցադրվեն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրանց թվում են «Սանդենս» կինոփառատոնի ֆիլմերից Քարեն Սինորի «Օգնեցեք» ֆիլմը, իսկ փառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկացի նշանավոր սցենարիստ և կինոռեժիսոր Փոլ Շրեյդերը, եւ դեսպանության հետ համագործակցությամբ հետահայաց ցուցադրությամբ կներկայացվեն նրա «Տաքսիստը», «Անծանոթների մխիթարանքը», «Քահանայի օրագիրը», «Սառահաշվարկ» ֆիլմերը։

«Ֆիլմերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց միավորելու, փոխադարձ կապեր ձեւավորելու առումով, դրանք կինոյի լեզվով կարողանում են ներկայացնել հասարակությունը»,-ասաց տիկին Աութլոն: Նաեւ հավելեց, որ այս տարի նշվում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը եւ այդ համատեքստում առանձնակի գոհունակությամբ են մասնակցություն բերում «Ոսկե ծիրանին», որը միտված է մշակութային կապերի եւ երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը:

Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին եւ Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի օգնական Հասմիկ Պետրոսյանը եւս ներկայացրին, թե իրենց հետ համագործակցությամբ ինչ ֆիլմեր են լինելու: Նշվեց, որ Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանի իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը: Հենց նրա «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ կբացվի «Ոսկե ծիրանը»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930