Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավիրատոմսերով դահլիճ ապահովելը պետական բյուջեի մսխում է»

Սեպտեմբեր 30,2021 13:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, ողջունելի է շուրջ երեք տարվա ընդմիջումից հետո ձեզ կրկին տեսնել թատրոնի փոխտնօրենի պաշտոնում, մանավանդ որ ավելի քան քառորդ դար այստեղ եք անցկացրել՝ 1992-ից որպես նվագախմբի արտիստ, 1999-ից՝ գեղարվեստական ղեկավար, ապա փոխտնօրեն։ Մինչ թատրոնի 89-րդ թատերաշրջանի բացումը «Առավոտը» հանգամանալից զրույց է ունեցել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հետ (14.09.2021թ.)։ Թատերաշրջանը բացվեց սեպտեմբերի 16-ին՝ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումով, որին հաջորդեց Տիգրանյանի «Անուշը», ապա Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, ընդ որում՝ իրար հաջորդող երկու օր։ Հաճելիորեն զարմանալի էր, որ բոլոր ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճում։ Կխնդրեինք կիսվել մեզ հետ այդ գաղտնիքով, որը, կարծում ենք՝ կհետաքրքրի մշակութային մյուս օջախների ձեր կոլեգաներին նույնպես։

– Ձեր որակմամբ՝ «գաղտնիքը» գովազդն է։ Օրինակ, նախկինում եղել են ֆինանսական հոսքեր, բայց հիմա, ճիշտ եք նկատել, որ տոմսերի վաճառքը 3-4 անգամ ավելացել է։ Իմ համոզմամբ՝ գովազդի վրա չի կարելի գումար խնայել։ Իհարկե, մենք դեռ կաշխատենք այս ուղղությամբ, որպեսզի տոմսերը մշտապես սպառվեն։

– Մեր տեղեկություններով՝ հրավիրատոմսեր՝ որպես այդպիսիք, չեն եղել, իսկ եթե եղել են, ապա շատ քիչ։

– Ձեր տեղեկությունները ճիշտ են։ Աշխարհում ընդունված չէ հրավիրատոմսերով դահլիճ ապահովել, դա պետական բյուջեի մսխում է։ Օրինակ՝ Գերմանիայում, որպես այդպիսին, հրավիրատոմսեր չկան, դրանք լինում են միայն պրեմիերաներին։ Եթե հանդիսասրահում մի քանի ազատ տեղեր լինում են, ասենք՝ 150-200 եվրո արժողությամբ, տրամադրվում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողներին 5-10 եվրո գումարով։ Բայց այստեղ փոքր զիջումների կարելի է գնալ մեր աշխատողների համար, ինչի օպտիմալ տարբերակը կգտնենք։

– Մի օրինակ էլ, այս անգամ Ռուսաստանի Դաշնության հետ կապված, մենք բերենք. Դուման հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում, որ պատգամավորները պարբերաբար մասնակցեն դասական երաժշտության երեկոների, բալետային, օպերային ներկայացումների։ Իսկ բազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձառություններով հարուստ Չեխիայում էլ պառլամենտը ամբողջությամբ իր վրա է վերցրել բոլոր թատրոնների ֆինանսական ծախսերը։ Չե՞ք կարծում, որ պետք է դիմել Ազգային ժողովին, որպեսզի մեզ մոտ էլ թատրոններին աջակցելու հատուկ վերաբերմունք ձեւավորվի։

– Դա հիանալի կլիներ…

– Մինչ ընթացիկ թատերաշրջանի բացումը հանդիսատեսը, այդ թվում՝ մենք, վստահ էինք, որ թատրոնը կմեկնարկի այն Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով, մանավանդ…

– Հասկանալի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2020-21թթ. օրացույցում ընդգրկված է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը։ Ինչպես գիտեք՝ ամռանը շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային։ Նամականիշի մարումը իրականացրին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Նոյեմբերի 1-ին՝ Սպենդիարյանի ծննդյան օրը, համագործակցելով կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ, կներկայացնենք «Ալմաստը», որը կուղեկցվի անվանի արվեստագետի կյանքի հետ կապված արխիվային նյութերի ցուցադրություններով, եւ ոչ միայն։ Թույլ տվեք այդ «ոչ միայնը» չմանրամասնել այսօր։

– Պարոն Գրիգորյան, ասացիք, որ կտրուկ ավելացել են թատրոնի դրամարկղային մուտքերը, որոնք, բնականաբար, պետք է ուղղվեն թատրոնի կարիքները հոգալուն։ Այս պահին, դարձյալ մեր տեղեկություններով, Խաչատրյանի «Սպարտակ» բալետը վերականգնելու համար խմբի հետ աշխատում են հրավիրյալ մասնագետներ՝ 2009թ. երեւանյան «Սպարտակի» բեմադրիչ, հռչակավոր Յուրի Գրիգորովիչի ասիստենտ Ռուսլան Պրոնինը եւ Օքսանա Ցվետնինսկայան։ Հետաքրքիր է՝ թատրո՞նն է հոգում հրավիրյալների ծախսերը։

– «Սպարտակը» նախատեսված է հաջորդ ամսվա 13, 15 եւ 16-ին։ Այժմ ընթանում են փորձերը եւ ասեմ ավելին. մինչ առաջին ներկայացումը՝ 3-4 օր առաջ, կժամանեն նաեւ տեխնիկական մասի մասնագետները։ Մինչ ձեր հարցին կոնկրետ պատասխանելը տեղեկացնեմ, որ «Սպարտակից» հետո կժամանի նաեւ 2010թ. մեր թատրոնում «Աիդա» օպերայի ռեժիսորը՝ Մարիո Կորրադին՝ հիշյալ օպերան վերականգնելու նպատակով։ Այս պահին բանակցություններ են ընթանում իտալացի տենոր Իվան դե Ֆաբիանի հետ, որը մեր հիանալի տենոր Հովհաննես Այվազյանի հետ տարբեր օրերի հանդես կգան Ռադամեսի դերերգով։ «Աիդան» նշանակված է հոկտեմբերի 30, 31 եւ նոյեմբերի 2-ին։ Հրավիրել ենք մեր հանդիսատեսին ծանոթ գերմանացի դիրիժոր Մայքլ Վենդեբերգին, որը նոյեմբերին կղեկավարի Պուչինիի «Տոսկան»։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին. հրավիրյալների ծախսերը հոգում ենք մեր թատրոնի արտաբյուջետային միջոցներից։ Կհրավիրենք նաեւ իտալերենի, ֆրանսերենի մասնագետներ, որոնք կպարապեն երգչախմբի եւ մեներգիչների հետ։ Ուզում եմ մի բան կարեւորել. սրանք դեռ բոլորը չեն։ Ամենակարեւորը՝ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքը ոգեւորություն է առաջացրել կոլեկտիվում։

– Տեղեկացնենք ձեզ, որ վերջին տարիներին մեզ հետ զրույցներում մեր ժամանակակից կոմպոզիտորները մշտապես «հիշեցնում» են, որ ազգային օպերային թատրոնում պետք է գերիշխեն հայ դասականների, նաեւ ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործությունները։

– Այդ թեման տնօրենի հետ քննարկել ենք, իհարկե, դասական հեղինակների գործեր կան թատրոնի խաղացանկում, բայց ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործեր, դա միանշանակ է։ Թույլ տվեք այս պահին որեւէ անուն չբարձրաձայնել, դա թողնենք մեր հաջորդ հանդիպմանը, նոր ենք սկսել աշխատել։ Այնուամենայնիվ, մի բան հայտնեմ. բոլոր հնարավորություններն օգտագործում ենք նոր հանդիսատես պատրաստելու նպատակով (նկատի ունի մանկական ներկայացումները-Ս.Դ.)։ Համագործակցում ենք Դպրոցականի ֆիլհարմոնիայի հետ եւ շատ շուտով մեր երեխաները կդիտեն իրենց շատ սիրելի «Չիպոլինոն»՝ բալետային ձեւաչափով։

– Թեեւ մաեստրո Դուրգարյանը սպառիչ պատասխան էր տվել հարցին, թե ինչպես է համատեղելու տնօրենի պաշտոնը եւ հյուրախաղորդ դիրիժորի գործունեությունը, բայց նրա հետ հարցազրույցի հրապարակումից հետո տարաբնույթ մեկնաբանություններ են արվել։ Կխնդրենք դուք էլ ձեր կարծիքը հայտնեք։

– Ցանկացած թատրոնի գեղարվեստական մակարդակը բարձրացնելու համար արտերկրյա հյուրախաղերի մեկնելը ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր։ Դրանք յուրատեսակ փորձի փոխանակում են։ Օրինակ, այս օրերին մաեստրո Դուրգարյանը նույնպես հյուրախաղերի է եւ դրանք ծառայեցնում է տնօրենի գործունեությանը՝ հիմա արդեն բանակցում է մեր թատրոնի արտիստներին դրսում ներկայացնելու եւ դրսից արտիստներ հրավիրելու համար։ Չի բացառվում, որ հետագայում ամբողջական ներկայացում «արտահանենք»։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջյունում եմ, Հրաչ Գրիգորյանի և Կարեն Դուրգարյանի վերադարձը …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930