Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Համաշխարհային հայագիտություն է մտնում մի սերունդ, որը բերում է նոր մոտեցումներ». Ռուբեն Սաֆրաստյան

Հոկտեմբեր 08,2021 21:30

ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց. 9-1-րդ դար» եվրոպական ծրագիրը, որի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է։ Նրա խոսքով, «Ծրագրով շրջանառության մեջ կդրվի մեծ ծավալի աղբյուրագիտական նյութ, հատկապես հայերենով, ինչը հիմք կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար»։

Անդրադարձ եղավ այն թեմային, թե բնակչության լայն զանգվածների միգրացիայի կամ զինված ուժերի ներխուժման հետևանքով նոր տարածքների գրավումը ինչ տիպի մշակութային փոխհարաբերություններ է ստեղծում։ Նշվեց, որ առաջիկայում Ֆլորենցիայի համալսարանում կստեղծվի հայագիտության կենտրոն, որը կհամագործակցի հայաստանցի գիտնականների հետ։

ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի ձեւակերպմամբ, ծրագիրը կնպաստի մեր մշակութային արժեքների պաշտպանությանը, զերծ կպահի մեր մշակույթը կեղծիքներից: Նա կարեւորեց հայագիտական կենտրոնի ստեղծումը Ֆլորենցիայի համալսարանում։

Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի վարիչ Ֆրանկ Հեսսը եւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Վերջինիս խոսքով, անչափ կարեւոր է, որ հայագիտությունը շարունակի մնալ որպես միջազգային գիտություն։

ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ համաշխարհային հայագիտություն է մտնում մի նոր սերունդ, որն իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր աշխարհընկալում և դրանք համաեվրոպական են: Aravot.am-ի հարցին՝ ինչքանո՞վ է այս ծրագիրը մեզ՝ հայերիս համար կարևոր, պարոն Սաֆրաստյանն այսպես արձագանքեց. «Մեր պատմությունը սկսում ենք ներկայացնել եվրոպական պատմության համատեքստում։ Այն Հայաստանը, որը եղել 9-14 դարերում, ցույց է տրվելու ժամանակակից Եվրոպական պատմագիտության մեթոդաբանության հիման վրա, որը ես մեծապես կարևորում եմ»։

Հարցրինք, թե ինչ նոր մոտեցումների, մեկնաբանությունների և մեթոդաբանությունների մասին է խոսքը։ «Այս մոտեցումներն ու մեթոդաբանությունները այնպիսինն են, որ քիչ են ուսումնասիրվել մեզանում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է միկրոպատմությանը, որը ներկայացված է լինելու ծրագրում։ Սրանք ժամանակակից պատմագիտական մտքի արգասիք են։ Նպաստում են,որ հայագիտությունը մտնի ժամանակակի գիտության, պատմագիտության կարևոր ոլորտ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքոց, ծրագրի իրականացման համար հինգ տարի է նախատեսված, որ մեջ պետք է փորձեն տեղավորվել. «Համոզված եմ, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի հինգ տարվա ընթացքում, իսկ պրոֆեսոր Զարուհի Պողոսյանը կկարողանա շատ լավ ղեկավարել դրա իրագործումը»։

 

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031