Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են վերանայել նախագծի կարգավորումները

Հոկտեմբեր 15,2021 19:33

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

նախագահ Տիգրան Հակոբյան

ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի

Նախագահ Գեղամ Գևորգյանին

ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերություններից, ինտերնետային կայքերից և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպություններից

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

ք. Երևան                                                                                                                                                     15.10.2021թ.

Հարգելի պարոնայք,

ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 29-ին ուղիղ հեռարձակվող նիստին հայտարարվեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2021թ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:

Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Նախագծի և դրա հիմնավորման վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին:

1.Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը (փաստացի գրեթե ամբողջական) չի համապատասխանում միջազգային փորձին և դժվար է գտնել երկրներ, որոնք թույլատրում են խաղային գործունեությունը, սակայն չեն թույլատրում գովազդը: Առավել տրամաբանական կլիներ ամբողջությամբ արգելել խաղային գործունեությունը, ինչը սակայն փաստացի գրեթե անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համացանցով օտարերկրյա (Հայաստանում չլիցենզավորված) խաղային օպերատորների գործունեությունը արգելելու հնարավորության բացակայությունը: Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում խաղային ոլորտի օպերատորի ապրանքային նշանին նման նշաններով քողարկված գովազդի սահմանափակումը, ինչը կարող է չարաշահումների հիմք հանդիսանալ:

2.Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեություն իրականացնողների և ՀՀ տարածքից դուրս գրանցված՝ համացանցով կամ ինտերնետային այլ լուծումներով ՀՀ տարածքում գովազդ տարածողների միջև, մասնավորապես՝ անհնար է արգելել օտարերկրյա կայքերի կամ ցանցային (կաբելային) հեռուստաընկերությունների (IPTV, OTT և այլն) միջոցով գովազդը, ինչի արդյունքում օտարերկրյա գովազդակիրները կստանան մրցակցային առավելություն ՀՀ տարածքում: Հարկ է նկատել, որ ֆինանսական խնդիրներից խուսափելու համար համացանցում գործող մի շարք կազմակերպությունները կարող են տեղափոխել իրենց գործունեությունը արտասահման՝ այնտեղ գրանցելով կազմակերպություններ, շրջանցելով խաղային ոլորտի գովազդի արգելքը և ծառայությունները առաջարկելով օտարերկրյա խաղային օպերատորներին, ինչը փաստացի չի արգելվում և չի էլ կարող տեխնիկապես արգելվել Նախագծով:

3.Ավելին, օտարերկրյա օպերատորները կթիրախավորեն հայկական շուկան՝ օգտվելով առաջացող ազատ գովազդային տարածություններից և այդ նույն ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունների գովազդից, ինչի հետևանքով տեղի կունենա հայկական խաղացողների արտահոսք դեպի ՀՀ տարածքում չլիցենզավորված, առանց վերահսկողության և առանց խաղացողների իրավունքների պաշտպանության գործող խաղային կայքեր, ինչն ուղղակիորեն հակասում է Նախագծով սահմանված նպատակին: Նման միտումները կարող են հանգեցնել նաև ՀՀ քաղաքացիների անձնական և բանկային տվյալների արտահոսքի, որը դուրս կլինի պետության վերահսկողությունից:

4.Հիմնավորման մեջ նշված է, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը արգելված է եղել մինչ 2020 թվականի հունվարի 1-ը և թույլատրվել է օրենքի փոփոխության արդյունքում, մինչդեռ ՀՀ տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների գովազդը փաստացի տարածվել է նաև նշված ամսաթվից առաջ և արգելքը վերաբերել է բացառապես խաղատներին և շահումով խաղերին, իսկ ինտերնետ շահումով խաղերի մասով որևէ արգելք սահմանված չի եղել օրենքով, ուստի Նախագծի հիմնավորման պատճառաբանությունը ամբողջությամբ սխալ է:

5.Գովազդային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունները ունեն երկարաժամկետ գովազդային պայմանագրեր, իսկ որոշները լիցենզիա ստանալու համար ֆինանսական պլանավորումը կամ բիզնեսի վարկային պարտավորությունների ստանձնումը իրականացրել են խաղային ոլորտից ստացվող եկամուտների հաշվառմամբ: Միջինում խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեների հետևյալ համամասնությունը.

  • Հեռուստաընկերություններ՝ 30-40 տոկոս
  • Ռադիո՝ 40-50 տոկոս
  • Համացանց՝ 40-50 տոկոս
  • Արտաքին գովազդ՝ 40-50 տոկոս

Նշված թվերից ակնհայտ է, որ այս ոլորտներում աշխատող բոլոր կազմակերպությունները անդառնալի կորուստներ են ունենալու, քանի որ հայկական շուկայում առկա չեն այլ ապրանքներ, որոնք կարող են ապահովել գովազդի նման ծավալ և պատրաստ կլինեն վճարել նույն չափով: Ավելին, այս ոլորտի գովազդի արգելքը հանգեցնելու և նաև գովազդային ծառայությունների գնի էական նվազման՝ պահանջարկի նվազման հետևանքով:

6.Հաշվի առնելով պատերազմի և COVID19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարման կամ սնանկացման: Նման խաղի կանոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի: Հարկ է նկատել, որ Նախագիծը վերջին երկու տարում խաղային ոլորտի գովազդի սահմանափակման արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը իսպառ բացառում է կանխատեսելիությունը գովազդի ոլորտում և խախտում է ներդրողների իրավունքները: Նախագծով չի ներկայացվել որևէ վերլուծություն նախկին սահմանափակումների արդյունավետության վերաբերյալ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գովազդի սահմանափակումներով խնդիրը չի լուծվում:

Նման կերպ զրկելով հայկական մեդիա ընկերություններին ֆինանսական կարևորագույն աղբյուրից և դրա փոխարեն չառաջարկելով որևէ այլ աղբյուր՝ վտանգի տակ է դրվում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համանման խնդիրները կարգավորվում են ոչ թե գովազդի արգելքների միջոցով, այլ ոլորտի կարգավորման, մասնավորապես՝ «պատասխանատու խաղի» մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, վերահսկել և կանխարգելել խաղամոլությունը: Բոլոր ներքոստորագրյալ մեդիա կազմակերպությունները պատրաստ են իրականացնել այդ նպատակով «պատասխանատու խաղի» սոցիալական գովազդներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ/հաղորդումներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց:

Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ Նախագծի վերաբերյալ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ:

 

Բաց նամակին միացած մեդիա ընկերություններ՝

 

Հեռուստաընկերություններ և հեռուստագվազդ

1. Armenia TV
2. ATV
3. Armnews
4. Shant TV
5. Erkir Media

Ռադիոընկերություններ և ռադիոգովազդ.

6. Russkoe radio
7. Radio Van
8. 105,5 radio
9. Radio Hay
10. Radio Aurora
11. Kiss FM
12. Pop radio
13. Radio Jan
14. Europa plus
15. Avtoradio
16. Yerevan FM
17. Shanson radio
18. Marshal radio

 

Արտաքին գովազդ իրականացնողներ.

19. Nushikyan
20. V.V.art Outdoor effect
21. Bigboard
22. Armada
23. Adverland
24. Image style
25. Country style

 

Կայքեր և համացանցում գովազդ տարածողներ.

26. 1in.am
27. Asekose.am
28. Armlur.am
29. Lurer.com
30. Aravot.am
31. Hraparak.am
32. Lragir.am
33. Mediamax.am
34. Shabat.am
35. 168.am
36. Blognews.am
37. Tert.am
38. Armsport.am
39. IP Marketing
40. Media Stream
41. Media Systems
42. Digital Caramel

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031