Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոմունիկացիաները կան, բայց գերիների հարցը դեռ մնում է բաց. Արամ Վարդեւանյան

Նոյեմբեր 11,2021 15:21 Share

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գնահատմամբ, իշխող խմբակցության պատգամավորներին չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում մեր հայրենիքի, ինքնիշխանության հետ, համակերպվում են այն ամենի հետ, ինչը կատարում է իրենց քաղաքական առաջնորդը, այլապես ներկա կլինեին այս քննարկմանը:

Հիշեցնենք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրատապ քննարկում էր հրավիրել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեկ երեկոյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, այդ հատվածում վաղուց էին ադրբեջանական հենակետեր տեղադրված, իրանցի վարորդներին էլ տուգանում էին, իսկ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր, որ դա ադրբեջանաիրանական ներքին գործն է եւ մենք մտահոգվելու առիթ չունենք: Նա նաեւ հիշեցրեց 2021 թվականի սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտային միջոցների անարգել օգտագործման համար: «Փաստորեն, այս հայտարարությունները հերթական փափուկ բարձն էին, հերթական սուտն էին եւ հերթական անգամ, ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց իշխանավորների՝ վերջին օրերի հայտարարություններն այն մասին, որ իրենք որեւէ փաստաթուղթ չեն ստորագրելու՝ հավելեց, որ շարունակվում է Ադրբեջանի հետ ՀՀ իշխանության բանավոր եւ հանրությունից գաղտնի գործարքների պրակտիկան, այս դեպքում էլ խիստ վտանգելով Սյունիքի անվտանգությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ զարմացավ, որ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից վճարվող իշխանական պատգամավորները չեն ներկայացել այս քննարկմանը, մինչդեռ եթե հարցը վերաբերվեր պարգեւավճարների սահմանափակմանը, նա վստահ է, որ դահլիճը լեփ-լեցուն կլիներ:

Ադրբեջանական մաքսակետի տեղակայմամբ, ըստ Արամ Վարդեւանյանի, ՀՀ-ն հայտնվել է իրավական առումով աբսուրդային իրավիճակում: Նա անգամ տարակուսում է՝ մենք Սահմանադրություն ունե՞նք, թե՞ ոչ, քանի որ ՀՀ տարածքի մեկ մետր անգամ չի կարող փոփոխվել առանց ժողովրդի, քանի որ Սահմանադրությամբ հստակ ֆիքսվում է, այդ պարագայում պետք է հանրաքվե իրականացվեր: Ըստ բանախոսի, Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ ԶՈՒ-ը նաեւ պարտավոր են ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ անձեռմխելիությունը ու անկախ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անձից, նրա տված հրամաններից, Սահմանադրությունը ՀՀ ԶՈՒ-ին անգործության մատնվելու լիազորություն չի տալիս:

Արամ Վարդեւանյանը չի տեսնում ՀՀ ազգային եւ պետական շահերի սպասարկում, փոխարենը տեսնում է Ադրբեջանի շահերի սպասարկում: Նա նաեւ ուշադրություն է հրավիրում Արմեն Գրիգորյանի հայտարարության այն հատվածին, որ իրենց տեղեկացրել են ու նկատում, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոմունիկացիաները կան, բայց գերիների, ռազմագերիների հարցը դեռ մնում է բաց, ՀՀ սուվերեն տարածքին վերաբերվող հարցերը լուծվում են ի վնաս ՀՀ-ի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930