Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի Գայի փողոցի շենքերի բնակիչները կտուրի անմխիթար վիճակի համար անպատասխան բողոքներ են ուղղում պետական կառույցներին

Նոյեմբեր 11,2021 16:51 Share

Դիլիջանի Գայի փողոցում գտնվող շենքերի բնակիչները բողոքում են, որ իրենց բնակարանները անմխիթար վիճակում են և բոլոր անձրևաջրերը տներն են լցվում:

Մեր զրույցում բնակիչներից Դավիթ Առաքելյանը պատմեց, որ շենքը վաղուց է գտնվում անմխիթար վիճակում և արդեն 20 տարի է՝ ոչ մի միջամտություն չի կատարվել շենքի կտուրի վերանորոգման հարցում:

Բնակիչների խոսքով՝ շենքը սովետական ժամանակներից ի վեր ոչ մի ամրացման կամ վերականգման չի ենթարկվել և գտնվում է սեյսմիկ անկայուն վիճակում:

Առաքելյանի ընտանիքը բնակվում է շենքի ամենավերջին հարկում և, ինչպես ընտանիքն է պատմում՝ տեղումների ժամանակ իրենք տանը անձրևանոցով են նստում:

«Վերջին անգամ, որ անձրև եկավ՝ տան ամբողջ լույսերը վառվեցին ու մենք մի շաբաթ առանց լույսի ենք ապրել: Տան բոլոր անկյուններում խոնավություն է ու դույլեր, որ ջուրը մեր գլխին չկաթա: Մենք էլ դույլեր ենք դնում, որ գոնե ներքևի հարևանը չտուժի, բայց մեկ է՝ ամբողջ շենքի տների պատերը ջուր են, քանի, որ անձրևաջրերը տանող խողովակը, որը տեղադրված է կտուրի մեջտեղում՝ շարքից դուրս է եկել ու անձրևաջրերը լրիվ լցվում են շենքի բնակիչների տները»:

Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենք բնակչներով արդեն բազմաթիվ անգամներ դիմել են Դիլիջանի քաղաքապետարան, սակայն մինչև այսօր ոչինչ չի ձեռնարկվել:

«Էն ժամանակ դեռ ընտրությունները չէին եղել ու անընդհատ ասում էին՝ չենք կարող գումար տրամադրել: Մի անգամ էլ քաղաքապետարանից եկել էին՝ ներկ էին քսել թիթեղների իրար միացման հատվածները ու էդ եղավ իրանց սարքելը: Ոչ էլ եկան մեր տան վիճակը նայեցին, ոչ հաղորդեցին, որ հարցը լուծել են: Դրանից հետո նորից դիմում գրեցինք, որին պատասխան եկավ, թե քանի որ դեռ ընտրությունները չեն եղել՝ բյուջե չունենք ու չենք կարող վերանորոգել: Իսկ այն ժամանակ, երբ արդեն անձրևի հետևանքով պայթել էր մեր լույսերը, անձնական նամակով դիմեցինք այդ ժամանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին, որը վստահեցրեց, թե այդ հարցով կզբաղվեն, բայց քանի որ ոչ մի բան չէր լինում, մենք դիմեցինք Տավուշի մարզպետին: Մարզպետարանից տեղեկությունը փոխանցվել էր քաղաքապետարան, որտեղից էլ մեզ վստահեցրել էին, որ եղանակների տաքանալուն պես՝ կգան էդ հարցը կլուծեն, բայց տաքերը ընկան, բնականաբար բան չարվեց ու հիմա էլ արդեն բոլոր անձրևաջրերը պետք է լցվեն մեր տները»:

Առաքելյանի խոսքով՝ իրենք անգամ առաջարկել էին, որ քաղաքապետարանը տրամադրի թիթեղները և բնակիչներն իրենք իրենց ձեռքով կվերանորոգեն, բայց նորից դրական պատասխան չի եղել:

«Շենքն ունի նաև սեյսմիկ խնդիրներ: Ժամանակին ԱԻՆ-ը եկել և գնահատել էր ու շենքը համարվել էր սեյսմիկ վտանգավոր շենք: Երբ մի քիչ մեծ մեքենա է անցնում փողոցում՝ ամբողջ շենքը դղրդում է:

Հատակը ճաքել է թույլ երկրաշարժի հետևանքով, որը գնալով ավելի է մեծանում: Այս տան մեջ 3 անչափահաս երեխաներ են մեծանում ու սա միայն մի շենքի բնակիչներն են, քանի որ այս փողոցում մի քանի շենքեր կան, որոնք նույն խնդիրն ունեն»:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930