Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնաց այդ անձնազոհ քայլին, չնայած կարող էր փախնել ու փրկվել». Ռոբերտ Աբաջյանի պապիկ

Նոյեմբեր 16,2021 21:21

Նոյեմբերի 16-ին քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանը՝ «Մոնումենտցի կյաժը» կդառնար 25 տարեկան: Հերոս հայորդին զոհեց իր կյանքը 2016-ի ապրիլին՝ հանուն հայրենիքի: Տարիներ անց, նույն օրը լույս տեսավ նրա եւ նրա զինակից ընկերների մասին գիրքը՝ «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» վերնագրով, գրքի հեղինակը Լիլիթ Հարությունյանն է: Շնորհանդեսին ներկա էին Ռոբերտի եւ նրա ծառայակիցների հարազատները: Տխրությունը, հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին, դժվարությամբ էին խոսում ներկա գտնվողները՝ մեկ ժպիտով, մեկ հուզմունքով:

«Ես Ռոբերտի մասին անցյալով խոսել չեմ կարող: Մեր հերոսները, ավելի քան ողջ են, մեզ հետ են: 2-3 տարի առաջ, երբ Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում միջոցառում էր կազմակերպել ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված, այդ երեկոյի ավարտին Ռոբերտի հայրը մոտեցավ ինձ եւ ասաց, որ ուզում է որդու տարեդարձին գիրք նվիրել ու ըստ նրա՝ դա ես կարող էի անել: Ինձ համար շատ պարտավորեցնող էր առաջարկը, ու չէի կարող մերժել: Կարճ ժամանակ անց ուղեւորվեցինք Մարտակերտ: Երեւանում խոսում են հայրենիքի, թշնամու, վախի, քաջության մասին, սակայն դրանք խոսքեր են, ամեն բան այլ է, երբ դիրքում ես, այդժամ հասկանում ես, թե որքան շոշափելի է այդ ամենը:

Իմ կյանքը Մարտակերտից առաջ եւ հետո այլեւս առաջվանը չի լինի: Անկեղծ ասած՝ վերջին պատերազմի ժամանակ վախով սպասում էի՝ արդյոք այդ դիրքն էլ կհանձնե՞ն, բարեբախտաբար չհանձնեցին: Մենք բոլորս գիտակցում ենք, որ Ռոբերտն ու մնացած տղաները մեզ ուրիշ հայրենիք էին թողել, եւ ես հիմա մեծ պարտքի զգացում ունեմ իրենց հանդեպ»,- ասում է գրքի հեղինակը:

Լիլիթն ասաց, որ ուզում է՝ Ռոբերտ Աբաջյանի հետ կապված միշտ լավն ու լուսավորը հիշենք, որովհետեւ ինքը հենց այդպիսին էր: Ռոբերտի պապիկի խոսքով էլ՝ թոռը մարդակային ամենաբարձր արժեքների տեր անձնավորություն էր, ում համար հայրենիքը մեծագույն արժեք էր: Ասում է՝ ուրախ, կատակասեր երիտասարդ էր, բոլորն էլ նրան այդպես են հիշում. «Նաեւ շատ աշխատասեր էր ու պարտաճանաչ: Մենք նրա մասին պիտի միշտ լավը հիշենք եւ լավով խոսենք: Գրքում գրվածներից զատ դեռ շատ բաներ են ուսումնասիրվում, որոնք Ռոբերտի իրական բնութագիրն են կազմում: Նա գնաց այդ անձնազոհ քայլին, որովհետեւ իր համար այլ տարբերակ չկար, չնայած որ կարող էր փախնել ու փրկվել»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930