Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչից մեղադրյալ. Հակոբ Գրիգորյանը զղջում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր և վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար. «Ազատություն» ռ/կ

Նոյեմբեր 25,2021 23:45

Դպրոցից դատարանում ամբաստանյալի աթոռին հայտնված Հակոբ Գրիգորյանը զղջում է ամիսներ առաջ դասի ժամին աշակերտների մոտ վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ, բռնության կոչեր ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

59-ամյա արդեն նախկին ուսուցիչն իր գործով դատական առաջին նիստին դատարան էր եկել շփոթված, առանց փաստաբանի։ Գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին խնդրեց իրեն տալ նյութերը, որ ծանոթանա, ասաց՝ անցած ամիսներին քննիչներն այդպես էլ իրեն չեն ծանոթացրել իր մեղադրանքն ապացուցող փաստաթղթերին։

«Չէի պատկերացնում, որ էս օրն էլ կընկնեմ, դե ոչինչ թուրքից, որ չեմ վախեցել, կռվել եմ, էլ դատարանից ինչի՞ պիտի վախենամ: Ես շատ եմ խնդրում, հարգելի դատարան, հաշվի առնել, որ ես արդեն կես տարուց ավելի է չեմ աշխատում, սոցիալապես վատ վիճակում եմ, ինձ տրամադրեք դատապաշտպան և գործի նյութերն էլ տվեք, որ ծանոթանանք», – ասաց Գրիգորյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախաքննության փուլում Հակոբ Գրիգորյանը չի առարկել իրեն առաջադրված մեղադրանքին։

Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը մեղադրվում է անցած մայիսին դասի ընթացքում 7-րդ դասարանի աշակերտների հետ վարած ներքաղաքական և հետպատերազմյան թեմաներով զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի, կնոջ, զավակների նկատմամբ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Վիրավորական արտահայտություններով համեմված զրույցը ձայնագրվել և տարածվել էր համացանցում։ Հայտնի չէ, թե ով է ձայնագրել ուսուցչին և ուղարկել իրավապահներին։

«Ազատությանն» այսօր չհաջողվեց դպրոցի տնօրենի հետ զրուցել, նա աշխատավայրում չէր։

Թեև տեսախցիկի առաջ Գրիգորյանը չցանկացավ խոսել, բայց «Ազատությանն» ասաց՝ մեղքն ընդունել է, սեփական կամքով դիմում է գրել ու դուրս եկել բոլոր երեք աշխատատեղերից։ Ուսուցչից մեղադրյալ դարձած Գրիգորյանն իր արարքը դատարանի առաջ բացատրում էր 44-օրյա պատերազմով, հատկապես մոր ծննդավայրի՝ Հադրութի անկմամբ։

«Մամայիս հետ եմ ապրում, էդ որ թուրքերը Հադրութի հուշարձանը, դպրոցը, գերեզմանը պատերազմում սաղ այրեցին, դա իմ վրա շատ ազդեց, որ ես այդպիսի կարծիք հայտնեցի: Ես Ղարաբաղում կռվել եմ, ոտից վիրավորվել եմ, Եղնիկներում եմ կռվել, բայց ես լացող տղամարդ չեմ, ինչ կա էն եմ ասում, հարգելի դատարան, գիտեմ, որ մեղքի բաժին էլ ունեմ», – նշեց Հակոբ Գրիգորյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930