Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունակ դառնալու ճանապարհին

Դեկտեմբեր 15,2021 20:30

«Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության դասընթացներն այսուհետ կանցկացվեն նաև Էջմիածնում:

ՈՄԱ-ում անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից անձինք դառնում են մարտունակ։ «Ազգ-բանակ, երկիր-ամրոց»․ այս կարգախոսով է առաջնորդվում հասարակական կազմակերպությունը, որին կարող են անդամակցել 16-99 տարեկան անձինք։ «ՈՄԱ»-ն մասնաճյուղեր ունի հանրապետության տարբեր շրջաններում։ Վերջիններս ներառում են քաղաքացիական պաշտպանություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, մարտավարություն, աշխատանք խմբով, լեռնային պատրաստություն (ալպինիզմ), սառը զենք, ատրճանակ։ «ՈՄԱ Էջմիածին»-ի առաջին խմբի անդամները շուրջ 20-ն են։ «Ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին անհրաժեշտ են լինելու կենցաղից մինչև մարտի դաշտ»,- մեզ հետ զրույցում ասաց «ՈՄԱ Էջմիածին»-ի ղեկավար Թովմաս Խաչատրյանը։

Պարապմունքների անցկացման տարածքը տրամադրել է Էջմիածնի քաղաքապետարանը։ Առաջացած խոչընդոտների մասին Խաչատրյանն ասաց․ «Կար տարածքի նորոգման խնդիր, որն այժմ լուծման փուլում է»։

Ղեկավարի խոսքով՝ նպատակ կա Էջմիածնում ստեղծել նաև ինժեներական խմբակ, որտեղ երեխաները կսովորեն պատրաստել անօդաչու թռչող սարքեր․ «Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են»։

Մարտավարություն. պատմում է հրահանգիչը

«Մարտավարության և կրակային պատրաստության դասընթացների շրջանակներում մասնակիցները ծանոթանում են զենքերի տեսակներին, դրանց առանձնահատկություններին, կրակ վարելու ճիշտ ձևերին, կապի միջոցներին՝ դրանք կիրառելով գործնականում: Նրանք սովորում են նաև կրակի վարման դիրքերը, դրանց ճիշտ կիրառումը, կատարում են իրենց առջև դրված ուսումնական խնդիրները»,- ասաց «ՈՄԱ Էջմիածին»-ի մարտավարության և կրակային պատրաստության հրահանգիչ Գ․Ք․-ն (անհատի անունն իր ցանկությամբ չենք հրապարակում):

Վերոնշյալ դասընթացների նպատակն է, որ մասնակիցները կարողանան ինքնապաշտպանվել, ճիշտ կողմնորոշվել մարտի դաշտում (և ոչ միայն)՝ առավելագույնս նվազեցնելով թիրախ դառնալու հավանականությունը: Կարողանան ճիշտ դիրքավորվել, առաջ շարժվել, շարժվելիս վարժ կերպով փոխել զենքի պահեստատուփը, կրակել՝ կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Դժվարությունները հիմնականում կապված են ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ «Այն հաղթահարելու միջոցը ֆիզիկապես կոփվելն է, որն էլ մասնակիցներն անում են ֆիզիկական պատրաստության դասի ժամանակ: Քիչ-քիչ կհասնենք նրան, որ մասնակիցները առավելագույնս կհաղթահարեն դժվարությունները»,- եզրափակեց հրահանգիչը:

Մասնակիցները՝ դասերի և դժվարությունների մասին

26-ամյա Ա․Ա․-ն (անհատի անունն իր ցանկությամբ չենք հրապարակում) մոտ երեք ամիս է՝ հաճախում է պարապմունքներին։ Մասնագիտությամբ միջազգայնագետ, տնտեսագետ է, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ «ՈՄԱ»-ի գործունեությանը ծանոթ է եղել վաղուց․ «Քանի որ Էջմիածնում չկար մասնաճյուղ, հեռավորության և ժամանակի պատճառով անդամակցել չէի կարողանում։ Պատահական ֆեյսբուքյան էջում տեսա «ՈՄԱ Էջմիածին»-ի բացման մասին հայտարարությունը և առանց մեկ վայրկյան մտածելու գրանցվեցի ու սկսեցի հաճախել պարապմունքներին։ Իսկ թե ինչո՞ւ «ՈՄԱ», պատասխանը միանշանակ է․ «Ինձ համարում եմ գաղափարակից։ Անցկացվող գործնական պարապմունքներն իմ նախասիրություններն են եղել, բայց այսօր ավելի քան զգում եմ դրանց անհրաժեշտությունն ու ցանկանում եմ վարժ տիրապետել ռազմարվեստի տարրական տեխնիկաներին»։

Դժվարությունների մասին պատմելով՝ Ա․Ա․-ն նշեց, որ դրանք կապված են եղել ֆիզիկական պատրաստվածության հետ․ «Դժվարություններն այսօր արդեն թեթև են թվում։ Դրանք հաղթահարելի են, եթե սովորելու ցանկություն կա, իսկ մեր հրահանգիչներն անում են առավելագույնը՝ դասերը հագեցած անցկացնելու համար»։

Մասնակցի խոսքով՝ պարապմունքներն անցում են ոգեշնչող ու մոտիվացնող միջավայրում․ «Ինձ դուր է գալիս, որ բացի գործնական պարապմունքներից՝ մենք հնարավորություն ունենք խոսելու հայոց պատմությունից, մշակույթից, արվեստից, ռազմարվեստից, այն ամենից, ինչը հայկական է ու դաս է ներկայի համար։ Շատ եմ կարևորում նաև մարդկային հարաբերությունները, շփումը «մարտական ընկերների» հետ (ինչպես մենք ենք իրար կոչում), որն անմիջական է, բայց միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող»։

Կ․Ե․-ն (անհատի անունն իր ցանկությամբ չենք հրապարակում) սովորում է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում, ապագա ծրագրավորող է։ «Քանի որ շուտով զորակոչվելու եմ բանակ, ցանկացա մինչև այդ ստանալ ռազմարվեստի մասին գործնական գիտելիքներ։ «ՈՄԱ Էջմիածին»-ի բացման մասին տեղեկացել եմ ընկերոջիցս․ իմանալուն պես որոշեցի մասնակցել դասերին։ Շատ տպավորված եմ։ Սպասելիքներս արդարացված են և դեռ շարունակվում են արդարանալ»։

Մասնակցի նախընտրելի դասերն են մարտավարությունը և առաջին բուժօգնությունը․ «Մարտավարությունը, քանի որ սովորում ես տիրապետել զենքին, պատերազմական իրավիճակում կարողանում ես ճիշտ օգտվել դրանից՝ լուծելով քո առաջ դրված խնդիրը, իսկ բուժօգնությունը, քանի որ դրան տիրապետելով՝ կարող ես օգնել քեզ կամ փորձել փրկել մեկ ուրիշի կյանքը․լուրջ վիրավորում ստանալուց հետո մարդու համար կենսական նշանակություն ունեն առաջին րոպեները այդ ընթացքում պետք է հասցնես ճիշտ օգնություն ցուցաբերել»։

Կ․Ե․-ն սկզբնական շրջանում դժվարացել է ֆիզիկական վարժություններից։ «Ժամանակի ընթացքում ինձ վրա աշխատելով՝ դժվարությունը որոշ մասամբ հաղթահարեցի։ Հիմա էլ շարունակում եմ նույն ոգով, որպեսզի կարողանամ առաջադրանքները պատշաճ կերպով կատարել»,- եզրափակեց նա։

Հասմիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031