Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում անցկացվեց սպորտային պարերի միջազգային մրցույթը

Դեկտեմբեր 28,2021 16:40

Օրերս Երևանում անցկացվեց VIVAT Cup 2021 WDSF Open սպորտային պարերի միջազգային մրցույթը, որին մասնակցում էին պարային զույգեր Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Վրաստանից, Ղազախստանից, ինչպես նաև Հայաստանից։

Պարային մրցաշարն անցկացվում է 2011 թվականից։ Այն շատ կարևոր, գեղեցիկ և սպասված իրադարձություն է պարասերների, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների համար։

Այս անգամ ևս մրցաշարն աչքի ընկավ մեծ թվով և պարային բարձր պատրաստվածությամբ կոլեկտիվների մասնակցությամբ։ Այն բաղկացած է երկու մասից և տևում է երկու օր։ Մրցութային առաջին օրը պարահարթակում գեղեցիկ բեմադրություններ ներկայացրին տարբեր պարային ուղղություններում, ինչպես օրինակ` հայ ժողովրդական պարեր, մոդեռն, «բռեյքինք», հիփ-հոփ, պարային շոու, աշխարհի ժողովուրդների պարեր, ազատ ոճ և լատինաամերիկյան պարերում հանդես եկող պարային կոլեկտիվներ։

Մրցույթի հիմնական նպատակներից է ժյուրիի կազմին և հանդիսատեսին ներկայացնել տարբեր պարային ուղղություններում հանդես եկող պարային խմբերի ելույթները, բացահայտել նրանց տաղանդը, ներուժն ու պոտենցիալը, բեմադրող պարուսույցների հմտությունները, բեմադրական լուծումներն ու մտահղացումները։ Այն շատ կարևոր է նաև պարարվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, պարողներին ոգևորելու, նրանց մրցակցային ոգին բարձրացնելու և պարարվեստին նոր շունչ հաղորդելու տեսանկյունից։ Իսկ մրցութային երկրորդ օրը պարահարթակում ներկայանում էին լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերում մրցող արտասահմանից ժամանած և հայաստանյան պարային զույգեր և անհատներ։

«Արդեն 10 տարի է, ինչ VIVAT պարային ստուդիան կազմակերպում է տարբեր պարային ոճերի և լատինաամերիկյան ու եվրոպական պարաձևերի բաց մրցաշար։ Այս տարի մրցութային երկրորդ օրը սպորտային պարերի բաժինն առանձնահատուկ էր նրանով, որ անցկացվում էր 5 WDSF Open միջազգային վարկանիշային մրցույթներ տարբեր տարիքային խմբերում, որը սպասարկելու համար մրցավարներ էին հրավիրվել Ռուսաստանից, Լիտվայից, Լեհաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից»,- նշում է մրցաշարի կազմակերպիչ, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, WDSF միջազգային կարգի մրցավար, «Վիվատ» պարային ստուդիայի ղեկավար Արմեն Մխիթարյանը։

WDSF Open Երիտասարդների լատինաամերիկյան պարաձևում հաղթողը Հայաստանը ներկայացնող Նիկիտա Զիմլիանոյ և Ամելիա Սեֆերյան զույգն է, Մեծահասակների կարգում՝ Ռուսաստանից Յարոսլավ Կիսելյով և Սոֆիա Ֆիլիպչուկ զույգը, իսկ Լիտվայից Կիպրաս Կուրա և Էլզե Գինտվիլե Վալյունայտե զույգը հաղթող է ճանաչվել  Պատանի 2 լատինաամերիկյան և Պատանի 2 եվրոպական պարաձևերում։ Երիտասարդների եվրոպական պարաձևում հաղթել է Բելառուսից ժամանած Վլադիսլավ Միխնո և Անժելինա Տարասևիչ զույգը:

Արմեն Մխիթարյանը կարևորում է պարային միջազգային մրցույթների անցկացումը մեր երկրում, ինչն արդյունավետ և ոգևորող հանգամանք է և՛ պարողների, և՛ մարզիկների համար։ Ի դեպ, մեկ ամիս առաջ Հայաստանում կազմակերպվել էր սպորտային պարերի երիտասարդների լատինաամերիկյան պարաձևի աշխարհի առաջնությունը, ինչը մեծագույն ձեռքբերում է մեր երկրի այդ ոլորտի համար։

Արմեն Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ սա ուղղակի պարային մրցույթ չէր, այլ մրցութային ձևաչափով պարային տոն, որը համախմբել էր գրեթե բոլոր պարային ուղղություններով զբաղվող արժանի խմբերի։

«Եղան հաղթողներ և պարտվողներ․ դա երկու կողմերի համար նոր շարժառիթ է՝ շարունակել ստեղծագործել և ձգտել ավելիին։ Համավարակի ծանր շրջանից հետո տպավորություններն ու զգացողությունները, կարծես, կրկնապատկվել էին, ինչի ապացույցը խմբերի ստեղծագործական մտքի և կատարողական որակի մեծ աճն էր»,-նշեց Արմեն Մխիթարյանն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ժյուրիի ողջ անձնակազմին, պարային կոլեկտիվների ղեկավարներին և բոլոր մասնակիցներին։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031