Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեխանիզմները հստակ չեն՝ ինչպե՞ս ենք ստուգելու հանդիսատեսին». քովիդի դեմ պայքարի նոր կանոններն ուժի մեջ են

Հունվար 24,2022 14:30

Այսօրվանից հանրային փակ վայրեր՝ թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, ռեստորաններ եւ նմանատիպ այլ վայրեր քաղաքացիների մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Իհարկե, այս սահմանափակումները չեն վերաբերում մինչեւ 18 տարեկաններին, հղիներին, պատվաստման հակացուցում ունեցողներին կամ 90 օր առաջ քովիդով հիվանդացածներին։

Առողջապահության նախարարի այս հրամանը շատերի սրտով չէ, սակայն այն, ըստ կառավարության անդամների, խիստ անհրաժեշտ է, մանավանդ, ըստ ոլորտի պատասխանատուների, վարակի օմիկրոն շտամն արդեն մեր երկիր էլ է ներթափանցել, եւ դրա վարակելիությունը շատ բարձր է։

Թե ինչպես կազդեն այս սահմանափակումները թիրախային ոլորտների գործունեության վրա, գոնե ռեստորանային բիզնեսով զբաղվողներից շատերը կանխատեսում են՝ վատ։ Իսկ ահա թատրոնների ղեկավարները չեն դժգոհում, ասում են՝ կարեւորը առողջությունն է եւ անվտանգությունը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ դժվար է այսօր գնահատել, թե սահմանափակումներն ինչ ազդեցություն կունենան, բայց հանրությունն ի վերջո պետք է սովորի օրենքը պահպանել։

«Ես դա դիտարկում եմ անվտանգության միջոցառում, հասարակական կյանքը ավելի անվտանգ դարձնելու միջոցառում է, հետեւաբար պետք է ենթարկվենք օրենքին։ Թե ինչ կլինի՝ պարզ կլինի 1-2 ամիս հետո»,-ասում է պարոն Մկրտչյանը։

Այսօր էլ թատրոնն ակտիվ գործում է, ներկայացումներ ունի։ Տնօրենն ասում է, այս թատրոնի մոտ 96%-ը պատվաստված է, ընդամենը 7 աշխատակից է, որ ամեն շաբաթ ՊՇՌ թեստի արդյունք է ներկայացնում։ Մկրտչյանն ասում է՝ եթե այլ հաստատություններում, կազմակերպություններում էլ, եւ ընդհանրապես, հանրապետությունում պատվաստման ցուցանիշները բարձր լինեն, ապա խնդիր պետք է, որ չառաջանա, սահմանափակումները հնարավոր կլինի մեղմացնել։

Այս թատրոնում, ինչպես վստահեցնում է Մկրտչյանը, հանդիսատեսը պարտադիր պետք է դիմակով լինի, թատրոնն էլ է այցելուներին դիմակ տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում. «Բացի այդ, մենք շախմատաձեւ նստելաձեւ ենք ապահովում։ Ու թեեւ կային ներկայացումներ, որ կարող էինք վաճառել ավելի շատ տոմս, նախընտրել ենք ավելի քիչ վաճառել, բայց պահել կանոնները։ Կարեւորն անվտանգ միջավյարն է, բայց թե հանդիսատեսի քանակը կպակասի, թե՝ ոչ, այս հարցի մեջ դեռ չեմ կարող մտնել։ Գուցե էականը դա չէ այս պարագայում։ Եթե օրենքի նպատակը լավն է, պիտի ենթարկվենք»։

Վարդան Մկրտչյանը հիշում է՝ տարիներ առաջ Գերմանիայում հյուրախաղերի էին, եւ խմբով, երբ պետք է փողոցն անցնեին, բոլորը կանգնել են, թեպետ մեքենա չկար. «Կանգնեցինք ու սպասեցինք, որ կանաչ լույսը վառվի, նոր անցնենք։ Ու ես մտածեցի՝ ինչո՞ւ այսպես չեմ ապրում իմ երկրում, ես նախ պետք է իմ երկրում օրենքը պահեմ։ Այնպես որ, եթե կա նման պահանջ, ուրեմն պետք է ենթարկվել»։

Թե ինչպես է կազմակերպվելու պատվաստումը հավաստող կոդը կամ ՊՇՌ թեստի պատասխանը ստուգելու գործընթացը հանդիսատեսի շրջանում, Մկրտչյանը դեռ չգիտի, ասում է՝ նոր երեւույթ է, կփորձեն հասկանան՝ ինչպես արդյունավետ կազմակերպել այդ գործընթացը. «Երբ մեր հանդիսատեսը մոտենում է թատրոնի տոմսարկղ, եթե ինքն է գալու ներկայացման մեկ կամ երկուսով, տվյալ պահին ցույց է տալիս պատվաստման վկայականը, աշխատակիցը հատուկ նշում է անում տոմսի վրա, ներկայացման օրը երբ գալիս է, հսկիչը տեսնում է նշումը եւ ներս է թողնում: Այսպիսի բան ենք անում վաղուց։ Հիմա էլ կհասկանանք՝ ինչպես ստուգել։ Հանդիսատեսին նախօրոք տեղյակ ենք պահելու, շուտով հայտարարություն կտեղադրենք։ Եթե հանդիսատեսը գա հեռախոսը բաց՝ կոդը ցույց տալու, տոմս նայելն ու կոդը ստուգելը վայրկյանների հարց է»։ Իհարկե, տնօրենը չի բացառում, որ բարդություններ էլ կլինեն, օրինակ կլինեն մարդիկ, որոնք գուցե խնդիրներ կառաջացնեն։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանն էլ կարծում է՝ գլխավորն առողջությունն է։ Այս թատրոնում էլ կանոնները պահպանում են, չնայած, որ դահլիճում միշտ չէ, որ հաջողվում է։

Թե ներկայացումից առաջ հանդիսատեսի մուտքը ինչպես են ստուգելու՝ թեստի պատասխանի կամ պատվաստման հավաստագրի առկայությունը, Մխիթարյանը դեռ չի պատկերացնում, ասում է՝ դա կարող է ժամ տեւի. «Այդ մեխանիզմները դեռ հստակ չեն, կարգավորված չեն։ Ես ամիսներ առաջ Լիտվայում էի, որտեղ առանց պատվաստման QR կոդի չէի կարող մտնել ո՛չ թատրոն, ո՛չ խանութ։ Դա Եվրոպայում նորմալ է։ Բայց եթե ստուգման մեխանիզմները հստակեցված չեն, այստեղ խնդիր կա։ Բացի այդ, հիմա սովորական գրիպը շատ է տարածված, եթե ինչ-որ մեկը գա, պատվաստման հավաստագիրը ցույց տա, բայց գրիպով հիվանդ լինի, փռշտա, հազի, ի՞նչ պետք է անենք, ես չգիտեմ»։

Մարիաննա Մխիթարյանն ասում է՝ ամեն դեպքում սահմանված նոր կանոններին պետք է հետեւել, ավելի լավ է խիստ կանոններով, քան համատարած լոքդաուն լինի, սա անընդունելի է։

Առողջապահության նախարարի հրամանով՝ տնտեսվարողն ինքը պետք է ստուգի՝ արդյոք այցելուն ունի պահանջվող փաստաթուղթը, թե՝ ոչ, տնտեսվարողներին էլ տեսչական մարմիններն են վերահսկելու։ Խախտման դեպքում տնտեսվարողը կտուգանվի 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչեւ 500 հազար դրամով։

Մայրաքաղաքի ռեստորաններից մեկի տնօրենը, որը չցանկացավ անունը հրապարակենք, մեզ հետ զրույցում ասում է՝ նոր սահմանափակումներն, անշուշտ, ազդելու են բիզնեսի վրա։ «Նախ՝ վերահսկումը հավելյալ աշխատանք է մեզ համար, դեռ պարզ էլ չէ, ինչպես ենք կազմակերպելու՝ նոր մարդ ենք ընդունելու, որ մուտքի մոտ ստուգի, թե աշխատակիցները հերթով կանեն, չգիտեմ։ Բայց, կարծում եմ՝ հաճախորդների թիվը կնվազի, հաստատ։ Մինչ այս էլ, այնպես չէր, որ լավ վիճակում էինք։ 2020-ին լավ տուժեցինք, ահագին վնասներ կրեցինք, անցյալ տարի էլ հրաշալի չէր։ Դե, աշխատելու ենք, տեսնենք ինչ կստացվի։ Բայց ես չեմ կարծում, թե ռեստորաններն են վարակի տարածման տեղը։ Հանրային տրանսպորտն ավելի վտանգավոր է՝ իրար գլխի լցված, մարդիկ՝ առանց դիմակ։ Նախ՝ տրանսպորտում վիճակը կարգավորեին, հետո անցնեին մյուսներին։ Եթե մարդը չի ուզում պատվաստվի, ռեստորան գալու համար հաստատ չի գնալու ՊՇՌ թեստ հանձնի, եթե իհարկե աշխատող մարդ չէ, ու ասենք նոր է թեստ հանձնել։ Ամեն դեպքում, եթե փաստաթուղթ չունենան՝ թույլ չենք տա ներս մտնեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31