Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնականն ու քաղաքականը

Փետրվար 02,2022 10:00

Քանի որ արդեն պարզ է, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Վահագն Խաչատրյանը, ուզում եմ խնդրին անդրադառնալ ե՛ւ անձնական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից:

Անձնական տեսակետից նա միանգամայն արժանի թեկնածու է: Այն, ինչ հիմա խոսվում է Վահագն Խաչատրյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում իբր կատարած «չարաշահումների» մասին, որեւէ հավատ չի ներշնչում եւ որեւէ տրամաբանական քննության չի ենթարկվում: Այն կերպարը, որը փորձում են կերտել ընդդիմադիրները կամ պարզապես Խաչատրյանի «չուզողները», խիստ հակասության մեջ է մտնում նրա իրական արժեքային համակարգի հետ:

Թեկնածուի բազմաթիվ մարդկային արժանիքներից կուզեի առանձնացնել զսպվածությունը. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք նա ընդդիմադիր էր, բայց ո՛չ հրապարակային խոսքում, ո՛չ մասնավոր զրույցներում նա իրեն թույլ չէր տալիս այն բառապաշարը, որը հատուկ է նախկին եւ ներկա ընդդիմադիրներին: Դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ, իմ տեսանկյունից, բանավեճի տոնայնությունն ավելի կարեւոր է, քան դրա բովանդակությունը:

Սակայն, եթե վերլուծենք Խաչատրյանի նշանակման քաղաքական համատեքստը, ապա այստեղ որեւէ դրական ակնկալիքներ ես չունեմ: (Օգտագործում եմ «նշանակում» բառը, որովհետեւ ներկայիս նախագահը կլինի «ՔՊ»-ի նախագահ՝ նրան, ի վերջո, ընտրելու են միայն այդ խմբակցության անդամները): Նախ՝ արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, որ ներկա Սահմանադրությամբ նախագահից շատ քիչ բան է կախված, եւ այդ «շատ քիչը» ներկա հանգամանքներում կհավասարվի զրոյի: Այնպես որ՝ նախագահի անձն այսօր որեւէ բան չի որոշում:

Բացի այդ, նախագահի հնարավոր թեկնածուն այժմ աշխատում է որպես նախարար: Դա նշանակում է, որ նա Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է: (Արմեն Սարգսյանը, գոնե ձեւականորեն, ՀՀԿ-ական թիմի անդամ չէր): Հետեւաբար, Խաչատրյանը համարում է, որ նախկին իշխանությունները «թալանչի» են եւ «պարտության մեղավորներ»՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Փաշինյանի մոտ նախարար աշխատել եւ չկիսել իշխող ուժի այդ գլխավոր «գաղափարախոսական թեզը»: Ըստ այդմ, հայ ժողովուրդը դարերով խարխափում էր խավարի մեջ, եւ միայն 2018-ին ծագեց արեւը՝ ի դեմս Փաշինյանի: Բայց հանրապետության նախագահն, իմ ընկալմամբ, պետք է այդ ամենից այնքան բարձր գտնվի, որ կարողանա համագործակցել քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ: Ինչպե՞ս է հնարավոր համագործակցել «թալանչիների» եւ «Արցախը նախապես հանձնողների» հետ:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրությունների մասնակիցների 54 տոկոսն ընտրել է «ՔՊ»-ին, 26 տոկոսը՝ ընդդիմադիր երկու ուժերին, մնացած 20-ը՝ ուրիշներին: Ընտրողների կեսն ընդհանրապես չէր եկել տեղամաս, եւ մենք չգիտենք, թե ինչ են նրանք մտածում: Կառավարությունը, բնականաբար, պետք է կազմվեր «ՔՊ»-ից՝ ուրիշ տարբերակ պարզապես չկա: Բայց նախագահը, որքան հասկանում եմ, պետք է արտահայտի բոլոր քաղաքացիների, ավելին՝ բոլոր հայերի շահերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անորակների շարքում ընտրել որակով բան՝ դա բանականության շրջանակներից դուրս է:
    «Պետական» կառավարման ապարատի պաշտոնների 80%-ը մակաբույծների համար է, այդ թվում՝ նախագահինը:

  2. Nimar says:

    Ինչպես պետք է նախագահը արտահայտի ընտրողների այն կեսի կարծիքը, որը «ոչ ոք չգիտի»։
    Ինչո՞ւ պետք է տեղի հարկատուների հաշվին աշխատող նախագահը արտահայտի համայն հայության շահերը։ Արդյո՞ք նրան լիազորել են դա անել։ Ո՞վ, երբ և ինչպես:
    Մի օր, շատ հեռավոր ապագայում, դա չի կարելի բացառել, բայց սա բարի ցանկությունների տիրույթում է։

  3. Հայ մարդ says:

    Մի քանի անգամ լսել եմ արագախոս Վահագն Խաչատրյանի ելույթները, փորձել եմ հասկանալ նրա արտասանած երկար տեքստերի իմաստը, բայց հնչել են բառեր, նախադասություններ և այդպես էլ չի տպավորվել նրա առաջարկած լուծումը, նրա քաղաքական կողմնորոշումը: Առանց «իզմ»-երի ՔՊ-ական իշխանության համար այս ոճի նախագահը շատ հարմար է և յուրային նախագահին նշանակելուց հետո, առանց այն էլ քիչ լիազորություններով օժտված նախագահի ինստիտուտը լիովին կվերածվի գործադիր իշխանության կցորդի՝ մեկը մյուսի ետևից արագ-արագ վավերացնելով գործադիրին ձեռնտու բոլոր օրենքներն ու համաձայնագրերը և կատարելով գործադիրի առաջարկած բոլոր նշանակումները (Արմեն Սարգսյանն էլ էր իհարկե նույն բանը անում, բայց թատերական բնույթի ձգձգումներով):

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28