Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ եւ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հրավերով` հունվարի 24-29-ը աշխատանքային այցով Փարիզում էին գտնվում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Բադալյանը նշեց, որ ծրագիրը երկու բաժնով էր՝ թանգարանների, հուշարձանների, արգելոցների, ինչպես նաեւ հուշարձանների գրանցման, արխիվների, գրադարանների վարման թեմայով:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին` «Շատ արժեքավոր էր հատկապես Լուվրում տեղի ունեցած հանդիպումը Լուվրի թանգարանի Արեւելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիամ Թոմայի հետ, որի հետ ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ. «Դրանից առաջինն այն է, որ Լուվրը կսկսի աջակցել Էրեբունի թանգարանին մասնագետների վերապատրաստման գործում: Նախնական դրական համաձայնության եկանք, որ շատ հնարավոր է՝ Էրեբունուց իրեր ցուցադրվեն Լուվրի թանգարանում, եւ Լուվրը աջակցի մեր թանգարանի նոր ցուցադրության ստեղծմանը»:
Կարդացեք նաև
Միքայել Բադալյանը հավելեց, որ պայմանավորվել են Էրեբունի թանգարանի մասնագետների, վերականգնողների համար վարպետաց դասեր իրականացվեն՝ հատկապես ուրարտական ժամանակաշրջանի տեքստիլի, փայտի վերականգնման բնագավառում: «Էրեբունի թանգարանն ունի երիտասարդ ուրարտագետների բավական լավ պոտենցիալ: Լուվրում ուրարտագետներ չկան, իրենք շատ լավ ասորագետներ եւ այլ մասնագետներ ունեն: Մենք ցանկություն հայտնեցինք իրենց աջակցել այդ ասպարեզում եւ պայմանավորվեցինք ավելի գործնական քայլերի դիմել: Այնպես որ, մոտ օրերս տարբեր առաջարկներով դիմելու ենք Լուվրի մեր գործընկերներին»,-տեղեկացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
Նա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանությանը, Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտին՝ նման հնարավորության համար, նշեց, որ Ֆրանսիայում ձեռք բերած փորձով ու գիտելիքներով արդեն սկսել են կիսվել հայ գործընկերների հետ ու կարծում ենք, որ դա շատ օգտակար կլինի Հայաստանի համար:
Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Միքայել Բադալյանը նաեւ ասաց, որ նախնական մի շարք պայմանավորվածություններ կան. «Մենք անընդհատ կապի մեջ ենք Ֆրանսիայի դեսպանության, հատկապես մշակութային ոլորտը համակարգող աշխատակիցների հետ: Անցյալ տարի Էրեբունի թանգարան էր այցելել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրենը: Չի բացառվում, որ այս տարի մեր թանգարան այցելեն նաեւ Լուվրի ներկայացուցիչները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Միքայել Բադալյանի ֆեսյբուքյան էջից



















































