Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ուսուցիչը կամավոր ատեստավորմանը բավարար արդյունք ցույց չտվեց՝ հասկանում ենք, որ չունի գիտելիքներ այն առարկայից, որը դասավանդում է». Ժաննա Անդրեասյան

Փետրվար 07,2022 15:30

«Հանրակրթությանը այսօր տրամադրվում է 103 մլրդ դրամ՝ տարրական, միջին եւ ավագ աստիճանների համար: Այդ 103 մլրդ-ի կառավարման արդյունավետությունը պետք է բարձրանա առնվազն 30 տոկոսով»,- այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց՝ ուսուցիչների համար արգելակ չի՞ հանդիսանալու կամավոր ատեստավորում անցնելը, միգուցե գոնե սկզբնական փուլում ճիշտ կլիներ դա թողնել՝ հավելավճարի եւ դրույքաչափի փոփոխության համար որպես խրախուսում. «Հիմա ատեստավորման արդյունքներով կարող է աշխատանքային պայմանագիրը լուծվել: Կամավոր ատեստավորման դեպքում այդ պայմանը դնելը կարող է արգելք հանդիսանա, որ նրանք գնան եւ անցնեն այդ ատեստավորումը»:

Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ հերթական ատեստավորումը հիմք է, որ որոշում կայացնեն ուսուցչի հետագա պաշտոնավարման հարցում. «Մենք բազմազանեցնում ենք ատեստավորման ձեւերը, բայց նոր որոշման չենք բերում, նույն քաղաքականությունն ենք կիրառում բոլոր ձեւերի նկատմամբ, որոնք կան: Ի տարբերություն հերթական ատեստավորման, կամավոր ատեստավորման դեպքում այդ քաղաքականությունը շատ ճկուն է: Երբ ուսուցիչը կամավոր ատեստավորման եկավ ու բավարար արդյունք ցույց չտվեց, մենք չենք որոշում կայացնում նրա հետագա աշխատանքային գործունեության վերաբերյալ, սա խրախուսող համակարգ է, բայց մենք հասկանում ենք, որ կա խնդիր՝ ուսուցիչը չունի առարկայական գիտելիքներ այն առարկայից, որը դասավանդում է:

Տալիս ենք ուսուցչին հնարավորություն նորից գալ ատեստավորման՝ դրա համար տրամադրելով բավարար ժամանակահատված՝ 1 տարի: Այդ 1 տարվա ընթացքում նաեւ վերապատրաստման դասընթաց ենք առաջարկում՝ նրա առարկայական գիտելիքները լրացնելու, խնդիրը վերացնելու, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե ուսուցչի մասին է, այլ՝ մեր երեխաների: Եթե բնագիտության առարկան դասավանդում է բնագիտություն չիմացող ուսուցիչ, սա առաջին հերթին ցույց է տալիս, որ վաղը մենք խնդիր ենք ունենալու այդ բոլոր երեխաների գիտելիքների հետ առաջին հերթին: Եթե մեկ տարի հետո պարզվեց, որ էլի գիտելիքները բավարար չեն, ապա մենք՝ որպես պետություն, պետք է որոշենք՝ շարունակո՞ւմ է դասավանդել, թե՞ նպատակահարմար է նրա համար այլ գործունեություն գտնել»:

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ փորձագետներն էլ են գտնում՝ այս նախագիծն ընդունելով՝ պետությունը մեծ բեռ է վերցնում իր վրա, բայց դա բխում է ՔՊ-ի ծրագրից: Գուցե այս փոփոխությամբ դպրոցներում լինեն կրճատումներ տնտեսվարի, այդ գծով տնօրենի տեղակալների, որոնք տարիներ շարունակ բարեխիղճ աշխատել են, ուստի որոշել են նրանց հնարավորություն տալ իրենց հետագա գործունեությունը վարչական համակարգողի պաշտոնում շարունակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28