Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից տարածքների բռնազավթումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ բանակցությունների ընթացքում Արցախի վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա». «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 17,2022 10:59

Արցախի Հանրապետությունն այս տարվա համար որդեգրել է «նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային» արտաքին քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ ձեւակերպված են պետության առաջնահերթությունները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Արցախի շահը պահանջում է, որ այն ամրագրվի նաեւ իրավական հարթության վրա։ Դրան է ուղղված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հեղինակած՝ երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների» մասին օրենքը։ Օրինագծի հեղինակներն Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցություններն են:
Օրենքի նախագիծն ամրագրում է, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, եւ դրանց վրա տարածվում են Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը: Սահմանվում են նաեւ 1991-1994 եւ 2016 թթ. Ադրբեջանի Հանրապետության եւ 2020-ին Թուրքիայի Հանրապետության ու օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը եւ տեղաշարժը թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ դրա խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Պատասխանատվության է ենթարկվելու նաեւ բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն եւ շինարարություն, իսկ տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը եւ միջոցները, ինչպես նաեւ շինարարության արդյունքում կառուցված շինությունները անօրինական ճանապարհով ստացված են եւ առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետեւանքներ:

Օրենսդրական նախաձեռնությունը լիարժեքորեն բխում է Արցախի Հանրապետության եւ արցախահայության հիմնարար իրավունքներից եւ շահերից, այն միաժամանակ արտաքին ազդակներ է պարունակում` ուղղված միջազգային կառույցներին եւ պետություններին: Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը չեն կարող ստորադասվել եւ հարմարեցվել միջազգային իրավունքի այլ նորմերին եւ սկզբունքներին։ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով օրենքի նախագիծը, խիստ կարեւոր ընդգծում էր կատարել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը՝ նշելով, որ «Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի տարածքների բռնազավթումը, օկուպացիան որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28