Լրահոս
Օրվա լրահոսը

Պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս. Գարեգին Բ

Փետրվար 27,2022 18:00

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը Մեծ պահքի առիթով 

Սիրելի հավատավոր զավակներ,

Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։

Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդը լինելու շնորհը պարգևում, միտքն ազատում տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն։ Պահեցողությունը օգնում է մեզանում կատարելության նախանձախնդրությունը զորացնել, սեր և հաճություն տարածել առ մերձավորը, հաստատել բարիք ու խաղաղություն ընտանեկան կյանքում, շրջապատում և հասարակությունում։ Այսպիսի հոգեշահ իրագործումները ուժ են տալիս, որպեսզի զորանանք տերունապատվեր խոնարհության ու հեզության մեջ (Մատթ. 11.29), հեռու մնանք կամայականությունից և կատարենք մեր Տիրոջ և Փրկչի կամքը։

Յուրաքանչյուրս մեր կոչման ու ծառայության մեջ պետք է դրսևորենք այս բարի վարքը։ Ամենքս պահեցողության նախանձախնդրությամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ու վնասակար ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար։ Ջանք ներդնենք՝ Քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելու աստվածօրհնյալ մեր կյանքը, հաղթահարելու անարդարությունը, մխիթարություն բերելու վշտացյալներին, աջակցություն կարիքավորներին:

Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը, հույսի լուսավոր շող, ցավի ամոքում, քանզի մեզ կոչում է լավատեսությամբ ներշնչվելու, քաջալերվելու, ավելի լավ իրականություն ստեղծելու, որտեղ մեղքի ու մահվան փոխարեն թագավորում են առաքինություններն ու աստվածահաճո կյանքը։

Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնի ամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևոր ուրախության մեջ հաստատի մեր կյանքը։ Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատ ողորմությանը և Փրկչի հրաշափառ Հարության տոնը դիմավորենք մաքուր սրտով ու հոգով։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և շնորհները լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։

ՄԱՀՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28