JAMnews. Ուկրաինայի հետ համերաշխության հերթական բազմամարդ ցույցն է անցկացվել Թբիլիսիում մարտի 1-ին։ Նման ակցիաներ Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունենում արդեն մի քանի օր, սակայն այս անգամ քաղաքական պահանջներ են առաջ քաշվել։
Ցուցարարները կառավարությունից երեք բան են պահանջել․
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարական,
օգնություն Ուկրաինային,
Վրաստանը պետք է հնարավորինս շուտ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի։
Այս ակցիան պլանավորվել էր այն բանից հետո, երբ մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ էր կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների համար։ Նրա խոսքով՝ այդ որոշման պատճառը եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմի նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշումը։ Վրաստանի իշխանությունը թույլ չի տալիս վրացի կամավորներին Ուկրաինա մեկնել և հրաժարվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։
Կարդացեք նաև
Այս բոլոր որոշումները կառավարության անդամները բացատրում են «ազգային շահերով» և «երկրի անվտանգությամբ»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահն Ուկրաինայի դեսպանին հետ կանչելն անվանել է Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձ։
«Դրոա» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան բարձրաձայնել է կառավարությանը ներկայացվող պահանջները․ «Առաջինը՝ Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հեռանա և կառավարությանն էլ հետը տանի։ Այն խայտառակությունը, որ նա բերել է Վրաստանին, մենք պետք է մաքրենք, նա պետք է հեռանա և այլևս չպետք է ներկայացնի մեր արժանավոր ժողովրդին։
Երկրորդը՝ մենք պետք է գործողություններ և հստակ քայլեր ձեռնարկենք՝ Ուկրաինային օգնելու և նրա հետ համերաշխ լինելու համար։ Փակենք երկինքը Ռուսաստանի, բացենք Ուկրաինայի համար։
Երրորդը՝ այսօր Ուկրաինան ու նրա զոհերը, որոնց համար սգում ենք արդեն հինգերորդ օրը, մեզ բոլորիս համար հնարավորություն է ստեղծել՝ ազատ Եվրոպայի մասը դառնալու, և այդ հնարավորությունը, որի մասին երազում էին մեր նախնիները, այսօր սեղանին է, իսկ այս խելագարներն ասում են, թե մենք դա չենք ուզում, այդ պատճառով էլ մեր պահանջը հետևյալն է․ Վրաստանը պետք է ԵՄ անդամակցության դիմում ներկայացնի։
Կտրուկ և էմոցիոնալ էր «Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի ելույթը։ Նա հայտարարել է, որ ճգնաժամի լուծման ուղին արտահերթ ընտրություններն են․ «Կարծում եմ՝ գլխավոր հանգամանքը, որ մեզ այսօր այստեղ հավաքել է, զայրույթն է այն ամոթի պատճառով, որը մեզ բոլորիս ստիպեցին զգալ։
Մենք պետք է արտահերթ ընտրություններ անցկացնենք, սակայն որոշումն այն է, որ նրանք, ովքեր Կրեմլն են ներկայացնում, լքեն այս շենքը։ Նրանց թվում պետք է լինեն նաև այն անձինք, որոնց անվանում են ընդդիմադիր պատգամավորներ», — ասել է Զուրաբ Ջափարիձեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































