Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկում են Գյումրու «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) պատմամշակութային շենքը սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշից հետ վերցնելու հարցը։
«Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկան հիմա չի աշխատում ու շատ պատճառներ կան։ Շենքը կառավարության կողմից նվիրաբերվեց գործարարին։ Սկզբնական շրջանում ահագին աշխատանքներ կատարվեցին, շենքը վերանորոգվեց, հարակից տարածքում արտադրամաս պիտի կառուցեին, ինչպես նաև բնակելի տներ էին նախատեսված այդ աշխատողների ու հարակից տարածքում ապրող բնակիչների համար, բայց․․․
Գործադուլներ եղան, աշխատողները բողոքում էին աշխատավարձից ու աշխատանքային պայմաններից։ Հողատարածքը քաղաքապատկան է, տրված է իրենց, աշխատում ենք հետ վերցնելու ուղղությամբ, դեռևս չենք հանդիպել պարոն Սրմաքեշի կամ նրա ներկայացուցչի հետ, գուցե հույսեր կա՞ն, որ պիտի կազմակերպեն այդ արտադրությունը։ Երբ որ հանդիպենք, վերջնական որոշում կկայացնենք»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք երկաթգծի թաղամասում գտնվող այդ շենքն՝ հարակից տարածքներով, որպես նվիրատվություն՝ տրամադրվել էր Շվեյցարիայում բնակվող գործարար Վարդան Սրմաքեշին։
Նրա ներկայացուցիչը՝ սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին էլ այնտեղ կառուցել էր «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում։ Գործարարները խոստանում էին առաջին փուլում 400 աշխատատեղ ստեղծել Գյումրիում, իսկ հետագայում ավելացնել քանակը։
Գեղեցիկ վերանորոգումից ու 2018 թվականի դեկտեմբերի 7-ին պաշտոնապես բացելուց հետո, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարճ ժամանակ անց սկսվեցին բողոքի ցույցեր՝ կապված աշխատավարձի ու աշխատանքային պայմանների հետ։
Աշխատակիցները բողոքում էին, որ իրենց հետ գործարանում վարվում են այնպես, ինչպես ստրուկի հետ։ Տևական բողոքներից հետո, գործարանը փակվեց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































