Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյանը՝ Վահագն Խաչատուրյանին նախագահ ընտրելու մասին

Մարտ 04,2022 18:30

«Որեւէ մեկին մեղադրել՝ հողերը հանձնելու մեջ, դա շատ ծանր մեղադրանք է: Հետեւաբար, ես այն թեւին եմ պատկանում, որը կարծում է, որ պոռթկումն ավելի շատ ցուցադրական էր: Ինքը խորապես մոտիվացված եւ պատճառաբանված արարք էր՝ կատարել մի բան, որպեսզի, ինչ-որ ձեւով, իր կարծիքով, որ մարդիկ այլեւս չօգտագործեն»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, այսօր ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ով իրեն ասի դավաճան, այսուհետ ինքն այդ մարդու հետ մատով է խոսելու:

Նիկոլ Փաշինյանի պոռթկումն Արա Սահակյանը բնական եւ պահի տակ արված չի համարում: Բանախոսը մի կողմից բնական է համարում ընդդիմության եւ իշխանության առճակատումը խորհրդարանում, մյուս կողմից, իր կարծիքով, այն պետք է պարպվի եւ լուծում գտնի փոխզիջումներով, ոչ թե անձնային առճակատումներում: «Իշխանությունը պետք է շատ արագ եզրակացությունների գա ընդդիմության քննադատումներից եւ որոշումներ ընդունի: Որովհետեւ ո՞րն է ընդդիմության դերը, ընդդիմության խնդիրն իշխանությանը քննադատելն է, իշխանության խաչն էլ՝ ընդդիմության քննադատությունը լսելն է, հասկանալը եւ եզրակացությունների գալը: Այնպես որ, կարծես թե ընդդիմությունը ճիշտ է դիրքավորվել, նա պետք է շարունակի իր կարծիքն արտահայտել: Կարեւորը՝ հակադրության բախման ձեւն ու կետը չի, այլ այն, թե ի՞նչ եզրակացության է հանգում իշխանությունը: Իշխանությունը պետք է եզրակացության հանգի, ընդդիմությունն անելիք չունի»,- գտնում է Արա Սահակյանը:

Արա Սահակյանի գնահատմամբ, ցավալի է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ այս առումով նա դրական է գնահատում ընդդիմության գործունեությունը, որ կարողացավ խնդիրը հասցնել եվրոպական եւ ամերիկյան կառույցներին՝ համապատասխան արձագանքներ ստանալով, գոնե այն մասով, որ Հայաստանում ժողովրդավարությունը դոփում է իր տեղում, նախորդ տարիների համեմատ չի բարձրացել, որ պահպանվում են փոխհարաբերություններ բիզնեսի եւ իշխանության միջեւ, որը մտնում է կոռուպցիայի սահմանման մեջ, քանի որ իշխանությունն իր ուսերի վրա խորհրդարան է բերում շատ հայտնի օլիգարխ-բիզնեսմենի: Արա Սահակյանի գնահատմամբ, այս գնահատականները արագության եւ հանրային սպասելիքների մեջ չեն բավարարվում, բայց պատմական բարձրությունից նայելիս՝ ակնհայտ է դառնում, որ ընթացքը ճիշտ է, որովհետեւ մերկանում են հայտարարությունները, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք:

«Ինչպես 1915 թվականի սերունդը համոզվեց՝ հայրենիքի 90 տոկոսի եւ հայության կորստի գնով, մեր այս սերունդն էլ համոզվեց եվրոպական դեմոկրատիաների երկդիմության մասին՝ մեզ համար անքանակ եւ անդառնալի կորուստների գնով, բայց, քանի որ այս իշխանության հենարանն է Արեւմուտք կոչվածը, ապա ճիշտ է ընդդիմությունը, որ աշխատում է Արեւմուտքի՝ Հայաստանում գտնվող ներկայացուցիչների միջոցով: Պետք է ավելի լավ աշխատել»,- ասաց Արա Սահակյանը:

Արա Սահակյանը հետեւել է նաեւ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության ընթացքին. «Ելույթները պլանավորված էին, որ այնպիսի տպավորություն չլիներ, թե ոչ ոք ոչինչ չունի ասելու եւ կոճակ են սեղմելու: Բայց այդ ցուցքային եւ տեսարանային քննարկումը այլ բան մերկացրեց. մերկացրեց, որ այս իշխանությունը, որը ոչնչացնում, նսեմացնում, հողին էր հավասարեցնում մեր պետության 30 տարվա կյանքը, պարզվեց, որ 30 տարում կյանք է եղել, քաղաքական կյանք է եղել, եղել է քաղաքապետարան, եղել են հաջողություններ: Իրենք մատնեցին իրենց: Դե պետք է գովեին այդ մարդուն եւ պարզվեց… հետո ինչ-որ մի երիտասարդ սկսեց պատմել, որ ինքը տեսել է, թե ինչպես են 1990-ականների էներգետիկ ճգնաժամի օրերին հարեւաններով միմյանց օգնել, լույս տվել եւ այլն: Պարզվեց, որ դա ճգնաժամ էր, ոչ թե երկիրը ղեկավարել են թշնամիները: Անգետների վրա աշխատելու ձեւերը յուրացրել են»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031