Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի վտանգավոր բաղադրիչները, որոնք չարժե անուշադրության մատնել, անգամ եթե հայկական հեքիաթի՝ «Ես քեզ սիրում եմ աղի չափ» արտահայտությունն այլևս արդիական չէ

Մարտ 06,2022 23:00

Եվ այսպես, առողջապահության նախարարության թեթև ձեռքով աղի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճեց, ով չէր ալարում սկսեց քննարկել հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացման մասին որոշումը, որը, եկեք անկեղծ լինենք, հնչեց որպես «որոտ պարզ երկնքում», այն էլ՝ համաշխարհային վերջին մարտահրավերների ֆոնին։

Այն, որ աղի չարաշահումը կարող է մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, փաստում են բազմաթիվ հետազոտությունները, բայց արդյո՞ք սեղաններին աղամաններ դնելու արգելանքը կարող է ցանկալի ազդեցություն ունենալ հանրային առողջության պահպանման գործում։ Մեր համեստ կարծիքով այն ավելի շատ «արգելված պտուղի» ազդեցություն կգործի, այն էլ մեր հասարակությունում, որտեղ աղը ոչ միայն սննդային, այլև խորհրդանշական նշանակություն ունի (միայն հայկական հեքիաթները բավարար են դրանում համոզվելու համար)։ Այլ բան է հանրային գրագետ իրազեկման կազմակերպումը, որը երկարաժամկետ պլանավորում է պահանջում, բայց և նպաստում է մարդու՝ սեփական առողջության վերաբերյալ գիտակցված որոշումների կայացմանը՝ չխաթարելով ազատ ընտրության իրավունքը։

Եվ հետո՝ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հենց աղն առանձնացվում որպես հատկապես վտանգավոր սննդային հավելում այն դեպքում, երբ կան սննդային բազմաթիվ բաղադրիչներ, որոնք նույնքան, կամ շատ ավելի վտանգավոր են, և ի տարբերություն աղի, որի համը չզգալ պարզապես հնարավոր չէ, «թաքնված են» և համից ելնելով շատ դժվար է որոշել՝ արդյո՞ք դրանք կան սննդամթերքի կազմում, թե՞ ոչ։ Իսկ դրանք առկա են, այն էլ՝ վտանգավոր չափաբաժիններով և սովորաբար «քողարկված» են աճող սերնդի սիրելի սննդամթերքների կազմում։

Մենք առանձնացրել ենք դրանցից երեքը, որոնք լայնորեն տարածված են հայկական շուկայում առկա սննդամթերքների և ըմպելիքների բաղադրությունում և որոնց վնասակարության մասին արժե խոսել և անգամ կիրառել սահմանափակող միջոցառումեր, եթե իսկապես ցանկանում ենք առողջ հասարակություն ունենալ։

Արհեստական քաղցրացուցիչներ, ասպարտամ

Բազմաթիվ հրապարակված հետազոտություններ կան, որոնք արհեստական քաղցրացուցիչները, ինչպիսին ասպարտամն է, կապում են առողջական լրջագույն խնդիրների սրացման հետ։ Դրանցից մեկը պնդում է, որ դիետիկ, «առանց շաքարի» մակնշումով գազավորված ըմպելիքների օգտագործումը կաթվածի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների զարգացման վտանգ է պարունակում։

Հիշյալ հետազոտությունն իրականացնողները նշում են․ «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ գազավորված դիետիկ ըմպելիքները չեն հանդիսանում շաքար պարունակող ըմպելիքների օպտիմալ փոխարինողներ, և կարող են կապված լինել կաթվածի, սրտամկանի ինֆարկտի և անոթային այլ խնդիրների զարգացման վտանգի հետ»։

Բազմաթիվ են ապացույցները, որ ասպարտամը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ ԱՄՆ սննդի և դեղերի վարչության (FDA) տվյալներով սննդային հավելումներից առաջացած կողմնակի ազդեցությունների ավելի քան 75 տոկոսը բաժին է ընկնում ասպարտամին։

Ըստ այդ տվյալների՝ ասպարտամի ընդունման հետևանքով առաջացած ավելի սուր ռեակցիաների թվին են պատկանում

  • Գլխացավեր, միգրեն,
  • Սրտխառնոց,
  • Ցավեր որովայնում,
  • Հոգնածություն,
  • Քնի խանգարումներ,
  • Տեսողական խնդիրներ,
  • Տագնապի նոպաներ,
  • Դեպրեսիա,
  • Ասթմա, կրծքում սեղմվածության զգացողություն,
  • Էմոցիոնալ խանգարումներ,
  • Ֆիբրոմիալգիա, քրոնիկ հոգնածության համախտանիշ,
  • Պարկինսոնի հիվանդություն,
  • Ալցհեյմերի հիվանդություն, հիշողության խանգարումներ,
  • Քաղցկեղ,
  • Վաղաժամ ծննդաբերություն, պտղի զարգացման խանգարումներ։

Ինչո՞ւ է ասպարտամը վտանգավոր

Այն բաղկացած է՝

  • Ֆենիլալանին- 50 տոկոս։
  • Մեթանոլ – 10 տոկոս․ առաջանում է ասպարաթթվի ու ֆենիլալանինի քայքայման արդյունքում։

Ասպարտամի կողմնակիցները հավաստում են, որ ֆենիլալանինն ու ասպարաթթուն մեր սննդակարգի անվնաս ու բնական բաղադրիչներից են, քանի որ այդ երկու ամինաթթուները պարունակվում են սպիտակուցային մթերքների մեծամասնության կազմում։ Սակայն այդ երկու ամինաթթուները բնական ու անվնաս կարելի է համարել այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են այլ ամինաթթուների հետ ճիշտ հարաբերակցությամբ, ոչ թե մեկուսացված ամինաթթուների տեսքով։

Իսկ եթե դրանք օգտագործվում են որպես սննդի բաղկացուցիչ մաս չկազմող ազատ ամինաթթուներ, թափանցում են կենտրոնական նյարդային համակարգ անոմալ բարձր խտությամբ՝ հարուցելով գլխուղեղի նեյրոնների չափից ավելի գրգռում և բջիջների մահվան վտանգ առաջացնելով։

Մարդիկ կարող են անգամ չկասկածել, որ իրենց վատ ինքնազգացողության պատճառն ասպարտամն է, ու ծախսում են հսկայական ժամանակ ու միջոցներ՝ փորձելով պարզել, թե որոնք են իրենց առողջական խնդիրների պատճառները։ Կարծում ենք, ավելորդ է նշել, թե որքան սիրելի են դիետիկ՝ «առանց շաքարի» գազավորված ըմպելիքները իրենց կազմվածքի համար մտահոգվող քաղաքացիների համար․․․

Տրանս-ճարպեր

Neurology ամսագրի՝ 2019-ի հոկտեմբերին թողարկված համարի հրապարակումներից մեկը փաստում էր կապը տրանս-ճարպերի օգտագործման ու դեմենցիայի, Ալցհեյմերի հիվանդության միջև։

Հետազոտությանը մասնակցել են 1628 ճապոնացիներ, որոնց տարիքը 60-ից բարձր է եղել։ Հետազոտության սկզբում նրանցից ոչ մեկի մոտ դեմենցիա չի հայտնաբերվել։ Հետազոտությունը տևել է 10 տարի։

Պարբերաբար չափվել է մասնակիցների արյան մեջ էլայդիկ թթվի՝ արդյունաբերական տրանս ճարպերի կենսամարկերի մակարդակը, որի հիման վրա էլ հաշվարկվել են տարբեր պատճառներով առաջացող դեմենցիայի ռիսկի գործակիցները։

Ինչպես հայտնում է  CNN-ը, Էլայդիկ թթվի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ 74%-ով ավելի բարձր էր դեմենցիայի զարգացման հավանականությունը: Ինչպես պարզվել է, օրգանիզմում էլայդիկ թթվի մակարդակի բարձրացմանը նպաստում են վերամշակված այնպիսի մթերքներ, ինչպիսիք են խմորեղենը, մարգարինը, կոնֆետները, ոչ կաթնային հիմքով սերուցքը, պաղպաղակը և այլն։

Ինչ են տրանս-ճարպերը

Ինչպես պարզաբանում է CNN-ը․ «… Արհեստական տրանս-ճարպերը ստեղծվում են արդյունաբերական եղանակով, երբ հեղուկ վիճակում գտնվող բուսական յուղերը հարստացվում են ջրածնով՝ դրանք ավելի պինդ դարձնելու նպատակով (ինչպես մարգարինը կամ հրուշակեղենի ճարպը)։ Սննդի արդյունաբերությունը գերադասում է տրանս-ճարպեր օգտագործել, քանի որ դրանք ավելի մատչելի են, երկար են պահպանվում, սննդին լավ համ ու տեսք են հաղորդում»։

Դեմենցիայի զարգացումից բացի տրանս ճարպերը կապվում են օրգանիզմում բորբոքման, ինսուլինառեզիստենտության և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման վտանգի հետ։

Պարզելու համար՝ սննդամթերքը պարունակո՞ւմ է տրանս-ճարպեր, թե ոչ, պետք է ուշադիր կարդալ բաղադրիչների ցանկը։ Ցանկացած մթերք, որը պարունակում է հիդրոգենացված բուսական յուղ, պարունակում է նաև տրանս-ճարպեր, անգամ եթե մթերքի վրա առկա է «առանց տրանս-ճարպերի» մակնշումը։

2009 թ․-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել սննդակարգից բացառել արդյունաբերական եղանակով ստացված տրանս -ճարպերը։ Շատ երկրներում արդյունաբերական տրանս ճարպերը կամ արգելված են, կամ՝ լրջորեն սահմանափակված։

Շաքարը՝ հատկապես «թաքնված» տեսքով

Այսօր ամենավնասակար մթերքների շարքին է դասվում նաև շաքարը, որի «թաքնված» տարբերակը շատ ավելի վնասաբեր կարող է լինել, իսկ այդպիսի շաքար մենք ուտում ենք ամեն օր։ Այն բավականին պատկառելի քանակությամբ պարունակվում է վերամշակված մթերքներում, ինչպիսիք, օրինակ, պատրաստի մսամթերքն ու մակարոնեղենն են, կամ էլ տոմատի սովորական թանձրուկն ու տարատեսակ սոուսները։

Մարդկանց կողմից օգտագործվող «թաքնված» շաքարը հիմնականում ֆրուկտոզայի կամ ֆրուկտոզայի մեծ քանակ պարունակող եգիպտացորենի օշարակի տեսքով է հանդես գալիս։ Դա շաքարի վերամշակված ու ավելի էժան տարբերակն է և սեղանի սովորական շաքարից մոտ 20 տոկոսով ավելի քաղցր է․ դրա համար էլ այն այդքան «սիրելի» է արտադրողների համար, քանի որ գումար խնայելու մեծ հնարավորություն է տալիս։ Ֆրուկտոզան այդ տեսքով այսօր պարունակվում է գրեթե բոլոր վերամշակված մթերքների ու ըմպելիքների, հատկապես՝ գազավորված ըմպելիքների կազմում։

Մարդու օրգանիզմը, սակայն, պատրաստ չէ մարսելու ֆրուկտոզայի այդպիսի քանակությունը։ Իրականում շաքարը հեպատոտոքսին է (լատ․ hepar – լյարդ և հուն․ τοξικον – թույն), որն անմիջականորեն ճարպի է վերափոխվում՝ օրգանիզմի համար մի շարք խնդիրներ հարուցելով։

  • Շաքարի չարաշահումը կարող է 2-րդ տիպի դիաբետի, սրտի հիվանդությունների, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի, թուլամտության և այլ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։
  • Շաքարը խախտում է նյութափոխանակության գործընթացները։
  • Շաքարի չարաշահումը առաջացնում է այնպիսի ախտանշաններ, որոնք հայտնի են որպես դասական մետաբոլիկ համախտանիշ։
  • Շաքարի չարաշահումը լրջագույն սպառնալիք է լյարդի համար։ Այն կարող է հանգեցնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, ինչը համարժեք է լյարդի՝ ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրներին։ Պատճառն այն է, որ ալկոհոլն ու ֆրուկտոզան ընդհանրություններ ունեն, և լյարդը ալկոհոլն ու ֆրուկտոզան նույն կերպ է նյութափոխանակում։ Շաքարի ավելցուկը, սակայն, հղի է նաև այլ վտանգներով։
  • Հետազոտություններից մեկի համաձայն՝ ֆրուկտոզան «սնուցում» է քաղցկեղի բջիջները՝ նպաստելով դրանց բաժանմանն ու արագ տարածմանը։
  • Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հաստատում ֆրուկտոզայով հարուստ սննդակարգի ու Ալցհեյմերի հիվանդության միջև կապը։ Շաքարի չարաշահումը կարող է մեծացնել նաև այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը, սրտի հիվանդությունները, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, թուլամտությունը և այլն։

Ցավոք, վերոհիշյալ օրինակներով չի սահմանափակվում անառողջ սննդատեսակների ցանկը, դրանք բազմաթիվ են, և թերևս հնարավոր չէ դրանց ամբողջական բացառումը մեր սննդակարգից։ Այս հարցում, մեր կարծիքով, համալիր մոտեցում պետք է ցուցաբերել՝ սովորեցնելով առողջ սննդի հիմունքները՝ դեռևս մանուկ հասակից և չմոռանալով լրջագույն և իրական վերահսկողություն իրականացնել տնտեսվարողների ու շուկայի նկատմամբ՝  հանուն հանրային առողջության։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Օգտագործված աղբյուրներ՝ thechart.blogs.cnn.com, Joseph Mercola, Վիքիպեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031