Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու նվիրումի համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահների հրամանագրերով «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատվել են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքներից, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա և Վարդենիկ բնակավայրերից ծառայության մեկնած կամավորներ Լեռնիկ Վահանյանը, Արթուր Վիրաբյանը, Երվանդ Խաչատրյանը, Գևորգ Օհանյանը, Մանվել Մանուկյանը և Արմեն Գրիգորյանը:
Հետմահու պարգևները մարտի 7-ին հերոսների ծնողներին և հարազատներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Մարզպետը շնորհակալության և զորակցության խոսքեր ասաց հերոսացած տղաների ծնողների և ընտանիքների անդամներին, նշելով, որ ամեն գնով պետք է լինել միահամուռ և ստեղծել այն երկիրը, որի մասին երազում էին հայրենիքի համար մարտնչող մեր տղաները:
«Մենք ազգովի շատ դառն ու դաժան ճանապարհ անցանք, մեծ դժվարություններ տեսանք, սակայն, շնորհիվ նման հերոս տղաների, մենք այսօր ունենք կանգուն հայրենիք: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրները այնպես լուծել, որպեսզի ունենանք հզոր բանակ, ապահով, մրցունակ ու զարգացած երկիր՝ այդկերպ ապահովելով այն բարեկեցությունը, որի մասին երազում էին մեր հերոսները: Մենք ազգովի երախտապարտ ենք ձեզ և գլուխ ենք խոնարհում մեր հերոս տղաների պայծառ հիշատակի առջև:Վստահ եղեք, որ մենք պատրաստակամ ենք՝ օգնել ու աջակցել ձեզ ցանկացած հարցում, իսկ այդ խնդիրների կարգավորման համար մենք պետք է ցուցաբերենք համախմբվածություն՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր քաջ տղաների թափած արյան»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին զորակցության խոսքեր ասացին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ Բենիկ Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզպետարան