Լրահոս
Օրվա լրահոսը

Լորիս Ճգնավորյանի որդին ազատվեց բանակից. Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրգործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով

Մարտ 10,2022 18:06

Վարչապետի որոշմամբ` պարտադիր զինվորական ծառայությունից այսօր ազատվեց Էմմանուել Լորիսի Ճգնավորյանը՝ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին: Հարցը կառավարության քննարկման է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Սակայն այն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

Որպես հիմնավորում նախագծում նշված է՝ Էմմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայում, որ նա այսօր միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է եւ, հաշվի առնելով նրա՝ երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաեւ Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ Դումանյանն առաջարկում է Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նույն նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ Էմմանուել Ճգնավորյանը 2016 թվականին էլ զինվորական ծառայությունից ազատվելու տարկետում է ստացել եւ տարկետում ստանալուց հետո շարունակել է իր գործունեությունը:

Ուշագրավ է, որ կառավարության կայքում տեղադրված ամփոփաթերթում ՀՀ պաշտպանության նախարարությունը Էմմանուելի՝ բանակից ազատման նախագիծը միանշանակ չի ընդունել, եւ, առաջարկ է ներկայացրել, որը չի ընդունվել: ՊՆ-ն նախագիծն ուսումնասիրելիս պարզել է, որ Էմմանուել Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրեական գործ` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, ինչի առիթով պաշտպանության նախարարությունն առաջարկել է որոշման նախագծով ներկայացված ազատման հարցը համաձայնեցնել նաեւ քրեական վարույթ իրականացնող մարմնի հետ: Սակայն այս առաջարկը չի ընդունվել՝ պատճառաբանվելով, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը նմանատիպ դեպքի համար արդեն իսկ հայտնել է, որ նախագծի վերաբերյալ դիրքորոշումը հայտնելը դուրս է իր իրավասության շրջանակներից:

Հիշեցնեն, որ բոլորովին վերջերս էլ հայտնի դիրիժորը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Նախագծում Էմմանուել Ճգնավորյանին տարկետում տալու հիմնավորման մեջ նշված է. «Radio Klassik Stephansdom-ը Ճգնավորյանին ճանաչել է որպես երաժշտության պերճախոս մեկնաբան: 2017-ից նշյալ ռադիոկայանում նա վարում էր իր “Der Klassik-Tjek” հաղորդումը: Հիշատակման է արժանի Ճգնավորյանի երաժշտական ընտանիքի դերը: Որպես կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմմանուելը երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ հասակից եւ իր արվեստում միավորել է երաժշտական եւ մշակութային աշխարհները: Այն փաստը, որ Էմմանուել Ճգնավորյանը բացառիկ նրբության եւ ինտելեկտուալ խորության տեր երաժիշտ է ակնհայտ է միջազգային կարեւոր համերգասրահներում եւ նվագախմբերի հետ նրա ելույթներից:

2021/22թթ. համերգաշրջանում նա ղեկավարելու է Գրացի ֆիլհարմոնիկ, Tonkünstler Orchestra, Հեյլբրոննի Württembergisches Kammerorchester, Լինցի Bruckner Orchestra եւ այլ նվագախմբեր:

2014-ից դիրիժորության դասեր է առել հորից՝ կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանից, միաժամանակ վարպետության դասեր առնելով Անգլիայում եւ Իտալիայում: Ապագայում նա մտադրված է զբաղվել զուտ դիրիժորությամբ: Որպես մենակատար ջութակահար Ճգնավորյանը մոտ ապագայում հանդես է գալու Filarmonica della Scala (դիրիժոր՝ Ռիկարդո Շայի), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ (դիրիժոր՝ Յուրի Տեմիրկանով), Accademia Nazionale de Santa Cecilia (դիրիժոր՝ Սակարի Օրամո) և այլ նվագախմբերի հետ: Essen Philharmonic-ը 2021/22 համերգաշրջանում Էմմանուել Ճգնավորյանին է նվիրել «Արտիստի դիմանկարը» ծրագիրը, իսկ որպես մշտական հրավիրյալ արտիստ՝ “Artist in Association”, Ճգնավորյանը հանդես է գալու Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի հետ: Որպես Վիեննայի Musikverein-ի պատմության ամենաերիտասարդ “Artist in Residence” երաժիշտ, Էմմանուել Ճգնավորյանը իր անհատական համերգաշարն է ստեղծել 2019/20-ին հեղինակավոր սրահում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031