Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինձ ղեկավարողը նախ ինքը պետք է լինի աշխատունակ»

Մարտ 11,2022 22:30

Մեզ հետ զրույցում ասաց Նոր-Նորքի բնակիչ, գործարար Գուրգեն Պողոսյանը, ում անունը վերջին օրերին մամուլի հրապարակումներում հաճախակի շոշափվեց Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավարի հնարավոր պաշտոնանկության և նորի նշանակման հեռանկարների համատեքստում:

 

– Որոշ թերթեր և կայքեր, վկայակոչելով իրենց լավատեղյակ աղբյուրներին, գրեցին, որ Նոր-Նորքի գործող ղեկավարի պաշտոնանկությունն օրերի հարց է, իսկ նոր թաղապետի նշանակման հարցում իշխանությունների ընտրությունը կանգ է առել Ձեր թեկնածության վրա: Այս ամենը անսպասելի՞ էր Ձեզ համար:

– Ե՛վ այո, և՛ ոչ: Նախ՝ «ոչ»-ի մասով: Անսպասելի չեր, որովհետև՝ որպես ծննդով նորնորքեցի, լավ եմ ճանաչում համայնքը, նրա բնակիչներին, առկա հին ու նոր հիմնախնդիրները: Հետևապես, չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իմ իմացությունն ու կազմակերպչական ունակությունները, հասարակական-քաղաքական ասպարեզում կուտակած փորձառությունս պետք են եկել երկրի իշխանություններին և մեր համայնքին: Ինչ վերաբերում է «այո»-ին: Այդ հրապարակումները ինձ համար անակնկալ էին առնվազն մեկ հիմնական պատճառով. դրանցում հիշատակված բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք իբր սատարում են ինձ, կա՛մ չեմ ճանաչում անձամբ, կա՛մ ճանաչում եմ ոչ անձնական սերտ մտերմության աստիճան:

– Այսինքն, Դուք չե՞ք հանդիպել և Ձեր նշանակման հարցը չե՞ք քննարկել Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի հետ:

– Իհարկե՝ ոչ: Կայքերից մեկը գրել էր, թե նշանակման հարցով ինձ անձամբ իր մոտ է հրավիրել Տիգրան Ավինյանը: Նման բան երբեք չի եղել: Ես մինչ օրս նրան տեսել եմ միայն հեռուստաեթերում: Իսկ Սուրեն Պապիկյանին, որն իբր իմ մտերիմն է, իրական կյանքում, հավանաբար, տեսել եմ 1-2 անգամ, այն էլ պատահաբար, հպանցիկ՝ որևէ նախարարությունում կամ թաղապետարանում:

– Բայց, ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում… Դուք, օրինակ, նաև չե՞ք ճանաչում Նոր-Նորքի բնակիչ ոմն Արմեն Սարգսյանին, ով զանգահարել է վերոհիշյալ կայքի խմբագրություն և գովասանքի խոսքեր շռայլել Ձեր՝ որպես Նոր-Նորքի բնակչի, հաջողակ գործարարի և պարզապես լավ մարդու հասցեին: Տարօրինա՞կ չէ…

– Որոշ իմաստով, այո, տարօրինակ է: Բայց այդ հարցը նախ պետք է տրվեր տվյալ մարդուն, ոչ թե ինձ: Ես գոնե այս պահին նման մարդու չեմ մտաբերում: Եթե նույնիսկ Նոր-Նորքում կա նման մարդ, ապա հաստատ նա ո՛չ իմ հարազատն է, ո՛չ մտերիմը, ո՛չ հարևանը…

– Փաստորեն Դուք պաշտոնի չե՞ք ձգտում: Օրինակ, ի՞նչ կպատասխանեիք, եթե վաղը Ձեզ թաղապետի պաշտոնի առաջարկ արվեր:

– Նախ կմտածեի լրջորեն: Պաշտոնը ինձ համար ինքնանպատակ զբաղմունք չի կարող լինել: Ես՝ որպես գործարար, գործի մարդ, սովոր չեմ անարդյունք ժամանակ վատնել և, այսպես ասած՝ աթոռ տաքացնել: Իմ պատկերացմամբ՝ պետական պաշտոնյայի աշխատանքի լավ կամ վատ արդյունքը էապես կախված է լինում նաև իր անմիջական ղեկավարից: Մոտեցումս այս հարցում միանշանակ է. ինձ ղեկավարողը նախ ինքը պետք է լինի աշխատունակ, գործին լավ տիրապետող մասնագետ և կառավարիչ: Հակառակ դեպքում, ես այնտեղ անելիք չեմ ունենա:

– Դուք հերքո՞ւմ եք մամուլի հավաստիացումներն այն մասին, թե ժամանակին լինելով ՀՀԿ-ի բավականին ակտիվ անդամ, վերջին համապետական ընտրություններում ոչ պակաս ակտիվությամբ Նոր-Նորքում աշխատել եք ՔՊ-ի համար՝ նրա օգտին հավաքելով մեծ թվով ձայներ:

– Նախ՝ մի կարևոր ճշտում: Ես Հանրապետական կուսակցությունից դուրս եմ եկել 2017-ին՝ իմ դիմումի համաձայն: Պատճառը ՀՀԿ-ի կադրային քաղաքականությունն էր, որը ես տվյալ պահին համարում էի ոչ ճիշտ: Ի դեպ, հետագայում այդ սխալը խոստովանեցին նաև կուսակցության ղեկավարները, ինչը ես համարել և այսօր էլ համարում եմ քաղաքական բարձր մշակույթի աննախադեպ դրսևորում: Ինչ վերաբերում է ՔՊ-ի օգտին իմ ծավալած աշխատանքին, այո, ես՝ անգամ չլինելով ՔՊ-ի շարքային անդամ, ուժերիս ներածին չափով փորձել եմ սատարել լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժի դիրքերի ամրապնդմանը՝ անկախ անձերից ու կարգախոսներից: Եվ այդ քայլին եմ գնացել՝ որպես երկրի ճակատագրով, Երևանի և Նոր-Նորքի հիմնախնդիրներով անկեղծորեն մտահոգ քաղաքացի:

– Անձնական ակնկալիքներ չե՞ք ունեցել և չունե՞ք՝ որպես արվածի փոխհատուցում:

– Հարցին հարցով կպատասխանեմ. ի՞նչ եք կարծում, այսօր ես ունե՞մ որևէ պետական պաշտոն…

– Եվ, վերջին հարցս: Երևանի ապագա ընտրություններում դարձյալ ՔՊ-ի համա՞ր եք աշխատելու:

– Եկեք ժամանակից առաջ չանցնենք: Առայժն՝ այսքանը:

Հարցազրույցը՝ Սիմոն Սամվելյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031