Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացը կթվայնացվի»․ ինչո՞ւ է մի քաղաքացին մի քանի անգամ կանչվում զորահավաքի, մյուսը՝ ոչ մի

Մարտ 15,2022 14:07

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնեց՝ գիտի կոնկրետ դեպք, երբ 44-օրյա պատերազմից հետո անձը երրորդ անգամ արդեն կանչվում  է զորահավաքների մասնակցելու համար․ «Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմին մասնակցելուց հետո կանչում են, բայց այլ երիտասարդների չեն կանչել անգամ մեկ անգամ։ Հարցը քննարկել եմ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նա ասաց, որ արդեն հանձնարարական է տվել ֆիլտրեր մտցնելու, որպեսզի չստացվի այնպես, որ մեկ պահեստազորայինը մի քանի անգամ մասնակցում է զորահավաքի, իսկ մյուսները՝ ոչ մի»։

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ  է լինելու, եթե անձինք ծանուցվում են, բայց չեն ներկայանում զորահավաքների։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիսի վերջ մոտ 1400 պահեստազորայիններ պետք է մասնակցեն հավաքների․ «Ապրիլի 15-ից հունիսի 15-ը եւս հավաքներ կլինեն, կընդգրկվեն 7-10-օրյա ժամկետում։ Տարբերությունն այն է, որ առաջինի պարագայում մասնակցելու են նաեւ մարտական հերթապահության։ Ձեր ասած խնդիրները կան։ Զորահավաքը կատարյալ չէ։ Քաղաքացիներն արդարացի դժգոհում են, որ մեկին տանում են, մյուսին չեն ծանուցում։ Դրա համար սա որպես հանձնարարական է։ Կա ծրագիր, որի միջոցով գործընթացը կթվայնացվի, սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն»։

Արման Սարգսյանը նաեւ ասաց՝ պետական մարմիններից ունենք ահազանգեր, որ որոշ աշխատողների՝ աշխատանքի չներկայանալը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար․ «Ընթացքում նման խնդիրները լուծվում են, թեեւ չենք կարող ասել, որ մենք գոհ ենք գործընթացից։ Առհասարակ, համալրման հետ կապված որեւէ խնդիր չի ծագել երբեւէ։ Խուսափողներ լինում են, նրանց հանդեպ օրենքով սահմանված հետեւանքներ կկիրառվեն, որովհետեւ հավաքից խուսափելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031