Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական իշխանական քարոզչությունը լրիվ ուղիղ ձևով խոսում է Հայաստանի բնակչության հետ». Կարեն Վրթանեսյանի մտահոգությունը

Մարտ 18,2022 23:50

«Արտաքին դաշտում կատարյալ կրավորական վիճակ է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից տեղեկատվական պատերազմներում իրականացվող գործողություններին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Twitter-ում գրել է, որ «Խանքենդի» անունը կրող օդանավով ուղեւորվում են Շուշի, որտեղ նշվելու է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-րդ տարեդարձը:

Մեր հարցին՝ ադրբեջանական կողմի այսպիսի տեղեկատվական հարվածների հետ կապված, երբ կոնկրետ շեշտադրումներով փորձում են մեր ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրել, հայկական տեղեկատվական դաշտում և ընդհանրապես պետական մակարդակով համարժեք քաղաքականություն վարվո՞ւմ է, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Սա մի քանի օրվա պատմություն չէ, այլ 1988-ից սկսած: Միշտ էլ Ադրբեջանը քարոզչական ճնշումներ է արել, հոգեբանական գործողություններ կատարել՝ կրակելով բնակավայրերի վրա, սպառնացել Արցախին: Հիմա Հայաստանի իշխանությունների՝ այսպես ասած անտաղանդ կերպով ամբողջ պետական դիմադրության անվտանգության համակարգը քանդելուց հետո՝ այդ թվում տեղեկատվական, պարզ է, որ այսպիսի հոգեբանական ճնշումներն անարգել գալիս են հայկական դաշտ: Ոչ մի ռեալ պատասխան չեն ստանում: Իսկ այն դեպքում, երբ ուղղակի դա պետք է արհամարհել, դա չի արվում, փոխարենը ադրբեջանական իշխանական քարոզչությունը լրիվ ուղիղ ձևով խոսում է Հայաստանի բնակչության հետ: Սա այն ճակատներից մեկն է, որը տապալել են Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունները»:

Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմից նետված տեղեկատվությանն այնպես չէ, որ պետք է արձագանքել: Այս առիթով մանրամասնեց. «Շատ հաճախ ինչ-որ բան ասվում է հենց այն հաշվարկով, որ այստեղից կարձագանքեն, իրենք մի հատ էլ կարձագանքեն: Արձագանքներ պետք է լինեն պաշտոնական սպառնալիքներին, լինեն հայտարարություններ Ղարաբաղի կարգավիճակի մասին և այլն: Օրինակ՝ հայտարարություններ չեն արվում արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, որը պետք է արվի: Իսկ բաներ կան, որ արձագանքել պետք չէ, բայց արձագանքում են: Այսօր, ըստ էության, ամբողջ տեղեկատվական դաշտում էլ, ընդհանրապես պետության կողմից էլ Հայաստանում որևէ լուրջ աշխատանք չի տարվում հակազդելու ադրբեջանցիներին՝ լինի դա արձագանքի, թե արհամարհելու տեսքով: Փոխարենը բոլոր ռեսուրսներն ուղղված են իշխանության քննադատներին լռեցնելու, ժողովրդին մանիպուլացնելու համար»:

Ըստ փորձագետի՝ արտաքին դաշտում կատարյալ կրավորական վիճակ է: Նա փաստեց՝ չկա հստակ բանաձև աշխարհում տեղեկատվական պայքարի հետ կապված: Տարբեր իրավիճակներում տարբեր գործիքներ են կիրառվում: Նա շարունակեց. «Եթե հնչում է պաշտոնական սպառնալիք, պետք է լինի պաշտոնական արձագանք, եթե ասվում է՝ ինչ-որ բան, որը հակասում է ՀՀ դիրքորոշմանը, ապա պետք է հստակ պատասխան լինի պաշտոնական կառույցների կողմից, եթե ասում է դա Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով: Իսկ եթե ինչ- որ մի ադրբեջանցի փորձագետ կամ բլոգեր ինչ-որ բան է ասում, դրան պետք չէ արձագանքել»:

Կարեն Վրթանեսյանը ցավով է նշում, որ նախկինում կային ՀՀ-ում փորձագետներ, որոնք հստակ անհրաժեշտության դեպքում կարող էին պատասխանել ադրբեջանական կողմին. «Կային համապատասխան գերատեսչություններ, կառույցներ, որոնք ունեին իրենց բաժինները, որոնք դրանով զբաղվում էին: Հիմա դա կաթվածահար վիճակում է. փոխվել են տնօրենները, կադրեր են դուրս եկել, չկա պետական ռազմավարություն՝ բացի լռելուց: Այնպես չէ, որ ադրբեջանցիները պայծառ, հանճարեղ հոգեբանական գործողություններ վարող են, ուղղակի որևէ հակազդեցություն չեն ստանում: Հաճախ նույնիսկ ստանում են աջակցություն ՀՀ իշխանության կողմից, ի դեմս հայտարարությունների՝ թե այս կամ այն տարածքը ադրբեջանական է: Դրանից օգտվելով` Ադրբեջանն անընդհատ առաջ է գալիս: Երբ իրենք առաջ են գալիս, ասում են դա վիճելի տարածք է, իսկ հայկական կողմից ասում են, որ դա իրենց տարածքն է: Այսինքն՝ նման հարմար պասեր, եթե ստանում են ՀՀ իշխանություններից, ինչո՞ւ չպետք է օգտվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031