Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի շնչառությունը

Մարտ 27,2022 10:40
dimak

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է

Այն, ինչ քոնն է, պետք է պահես, երբեք չզիջես ու չթողնես քայքայվի: Թատրոնն այսօրինակ վերամարմնավորված մեծ տարածքի տեր է՝ մարդու ներսի ու դրսի հետ մշտապես կապի մեջ: Այն հոգու անսահման ճանապարհ է բացում՝ մշտապես ուղենշելով երեւույթների կարեւորությունը, որը հաճախ մարդու կողմից այս կամ այն կերպ հետին պլան է մղվում: Իսկ ովքե՞ր են նրան լսում: Քչերը, որովհետեւ թատրոնը նաեւ հայելի է, մարդը նրա միջով շատ անգամ իրեն է տեսնում՝ ամաչելու չափ գորշ, երջանիկ լինելու պես հիանալի, միշտ ներկա՝ կյանքում, բացակա՝ ինչ-ինչ հարցերում:

«Արվեստը ճաշակ է, ճաշա՛կ: Կա ճաշակ՝ արվեստ կա՛»,-դիպուկ ընդգծում է արել վարպետը՝ Սոս Սարգսյանը: Իրական արվեստը չի փոխվել դարերի հոլովույթում, որովհետեւ ճաշակի հարցն առաջնային է եղել՝ որպես ժառանգաբար փոխանցվող «շնչառություն»: Այն վերաիմաստավորվել է ժամանակակից մարդու՝ միջավայրին ու աշխարհին, սեփական անձն ինքնադիտարկելու առաքելությամբ: Անքննարկելի է, որ արվեստը ժամանակի ընթացքում որոշակի զարգացում է ենթադրում, որին զուգահեռ պետք է ամուր պահել այն երակը, որով արյան պես հոսում է ազգային գաղափարը: Ժամանակը միշտ է անտարբեր, նրան անաչառություն պարտադրողը միայն մարդն է…

Թատրոնը հավատի քննության լավագույն միջավայրն է ստեղծում, մարդու ներաշխարհի տեսիլքով ներգործում մեկ այլ մարդու մեջ՝ միաժամանակ հյուսելով կարեւորի ու երկրորդականի շղթան: Նույն շղթայի մի մասն է թատրոնի ժամանակը:
Այստեղ ու այս պահի արվեստ է թատրոնը, որը նույնպես ունի բնավորություն, ինչպես մարդը։ Ժամանակ է գալիս, երբ այն դառնում է սանձարձակ, հասարակության մի շերտի համար անընդունելի, որովհետեւ, վերջիվերջո, ճշմարտությունն է արտացոլում։ Իսկ ճշմարտություն լսելը նույնպես դժվար արվեստ է։

Արարիչը մարդուն ստեղծեց բանականությամբ օժտված։ Սա հաստատումն է այն բանի, որ անհատը գործելուց առաջ կարող է մտածել։ Իսկ արվեստում, հատկապես թատերարվեստում իրապես մտածված գործելը դյուրին չէ։ Չմոռանանք, որ թատրոնի բնությունը խաղն է։ Իսկ անհատի գիտակցությունը գաղափարապես սնելու ճանապարհը ապահովում է որակապես բարձր դրամատուրգիան։ Խաղի հմայքը բարդ է հասկանալը։ Այն իր մեջ մի բնություն էլ ունի, որի ներսում խտացված են ինքնաճանաչման հայացքները: Հենց այդտեղից է արմատը մխրճվում հողի մեջ՝ որպես նվաճման փայլուն օրինակ, կիրք հաղորդում բնավորությանը՝ գաղտնիքներ վերծանելու հատկությամբ օժտված: Եվ ամենակարեւորը՝ մարդու բուն խնդիրը ժամանակի մեջ ցույց տալն է՝ դրական ու բացասական կողմերով, գիտակցության վերին աստիճանին հենված: Թատրոնը մարդու միտքն արմատից կտրելու փորձն է կանխում, որով բացում է մի նոր աշխարհ՝ իրականի ու թվացյալի միջանցքում, որտեղ նաեւ մարդկային կյանքի վերաձեւակերպված տարբերակն է` երկրից երկինք եւ հակառակը։ Այն անհատի որոնումների համար նոր ուղի է մատնանշում:

Սա ազատասեր արվեստ է, որը խիզախում է դժվար իրավիճակում։ Այն հոգատար արվեստ է, որ ամոքում է հոգու ցավն ու տառապանքը։ Վերջիվերջո, թատրոնն արժեքներով վերաիմաստավորված հոգու տաճար է։ Սա արվեստ է, որը սիրում է ազնվություն։ Եկեք մեզանով փրկենք ազնվությունը…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031