Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտությունը մարդու մեջ է, երբեք եւ ոչինչ չի կարող լռեցնել նրան»

Ապրիլ 04,2022 12:00

Զրույց երաժիշտների միջեւ֊ 5

Սիրելի ընթերցող, երկար ընդմիջումից հետո վերսկսում եմ «Զրույց երաժիշտների միջեւ» շարքը։ Չսպասված համավարակը լռեցրեց մեր ձգտումները, շփման հնարավորությունները, կյանքեր խլեց ու կարծես դա քիչ էր՝ վրա հասավ մարդկության ամենադատապարտելի, առողջ մտքի կողմից չընկալվող երեւույթը, որ կոչվում է պատերազմ։ Մեզանից յուրաքանչյուրը իր չափով տառապեց, սգաց անդառնալի կորուստները։ Այս օրերը նույնպես տագնապալի են աշխարհի համար։ Կրկին պատերազմ, կրկին մարդկային խեղաթյուրված ճակատագրեր։ Բայց արեւը ամեն օր շարունակում է ծագել, հաստատելով միտքը, որ կյանքն է ճշմարիտը։

Երաժշտությունը, որ հոգու սնունդն է, նույնպես դատապարտված է իր վրա կրելու ժամանակի շունչը, ժամանակի անհեթեթությունները, որոնք կարող են լռեցնել նրան։ Բայց ինչպես իր առջեւ հանդիպած պատի՝ ջուրը անպայման գտնում է քարերի տակից դուրս գալու ճանապարհը, որովհետեւ այն կենսական է, անփոխարինելի է։ Այս անգամ զրուցակիցս իտալացի դիրիժոր Դոմենիկո Լոնգոն է, ում ճանաչում եմ երկար տարիներ։

– Մաեստրո, շնորհավորում եմ բոլորիս երկար ու ձիգ երկու տարուց հետո վերջապես օպերան կրկին բեմ բարձրացնելու կապակցությամբ, հուսալով, որ նոր, ավելի առողջ փուլ է մտնում մեր կյանքը։ Համավարակի եկող ու գնացող ալիքների ընթացքում երկու անգամ պատրաստ ներկայացումը չեղարկելուց հետո այժմ՝ երրորդ փորձը հաջողությամբ ավարտվեց։ Մարդիկ վայելեցին Պուչինիի այնքան սիրված ու սպասված La Boheme ֊ը։ Անչափ զգալի էր ունկնդրի կուտակված կարոտը, ոգու շփման անհրաժեշտությունը լեփ֊լեցուն դահլիճում։

Կրկին զգացինք, թե որքան կարեւոր է մարդու համար այս ամենը եւ որ երաժշտությունը այն օազիսն է, որը փնտրում են մարդիկ հոգին հանդարտեցնելու, կրկին լիցքավորվելու համար, քանի որ երաժշտությունը մարդկանց միավորելու, ուժեղ ու դրական զգացումներ փոխանցելու հզոր ուժ ունի։

– Այո, վերջապես եկավ այդ պահը։ Աշխարհը կարիք ունի վերադառնալու գեղեցիկին, որպեսզի վերականգնի իր բնական ընթացքը։
Երջանիկ եմ, որ դժվարին ամիսներից հետո հնարավոր եղավ համերգային սահմանափակ վիճակից անցնել դեպի օպերային բեմականացում բեմով, ձեւավորումով, հագուստներով, այսինքն՝ այնպես, ինչպես պետք է լինի օպերան։

Ցավոք, մեր չափանիշները նախկին գեղեցիկի նկատմամբ նույնը չեն կարող լինել։

Մենք միասին շատ լավ նախագծեր ենք իրականացրել, բայց այս անգամ բոլորի աչքերում ես նկատում եմ առանձնակի անհանգստություն, որի պատճառը համավարակը չէ այլեւս, այլ այս օրերին ընթացող պատերազմը, թունելի վերջում չերեւացող լույսի բացակայությունը, որ մտահոգում է բոլորիս։

Հուսալ է պետք եւ շարունակել ապրել ինչպես այս օպերայում, որտեղ մեզ նման սովորական մարդիկ են, երիտասարդներ, որոնք ապրում են իրենց օրը, սիրահարվում են, ուտում են ու խմում, ստեղծագործում, բայց նաեւ մահանում են հիվանդություններից ու դրաման երբեք չի ավարտվում։ Սա կյանքն է։

Ցավոք, մարդիկ կմահանան, բայց Արվեստը երբեք չի ավարտվի։

– Մեր մոլորակի շարժը, մարդկային հարաբերությունները էներգիաներն են պտտում, այն, ինչ մենք ստանում ենք եւ փոխանցում մյուսին։ Երաժշտության միջոցով ստեղծել այն բացառիկ մթնոլորտը, հնչյունի անկրկնելի պահը փոխանցել երաժիշտներին, որպեսզի կատարվի կախարդանքը… ինչպե՞ս է այն հաջողվում դիրիժորին։

– Հեշտ չէ բոլորովին։ Դիրիժորի ձեռքին է ամբողջ նվագախումբը, որը բաղկացած է ամենատարբեր մարդկանցից, յուրաքանչյուրը իր բնավորությամբ, իր զգացական աշխարհով, իր օրվա խնդիրներով։ Բայց երբ սկսվում է երաժշտությունը՝ դիրիժորը կարող պետք է լինի ձեռքը հավաքել բոլորին եւ նրանց միջոցով հնչեցնել ասելիքը, կարողանա իր եւ երաժիշտների միջոցով կամուրջ հյուսել դեպի ունկնդիրը։
Սովորաբար յուրաքանչյուր եվրոպական նվագախումբ կազմված է լինում ամենատարբեր ազգություններից, բայց երաժշտական լեզուն ընդհանուր է, համամարդկային։ Մենք, երաժիշտներս խոսում ենք այդ նույն լեզվով։

Այս զգացողությունը հրաշալի է, որովհետեւ միասին իրագործում ենք մեր զգացածը եւ ապրում չկրկնվող պահեր։

– Շատ հետաքրքիր է երաժշտությունը կապող այս երկու օղակների փոխհարաբերությունը։ Անծանոթ դիրիժորին երաժիշտներն անմիջապես «ռենտգեն» են անում եւ մեկ րոպե հետո իրենց զինված աչքերով տալիս են գնահատականը. ինչպիսի՞ մասնագետ է իրենց առջեւ։ Եվս մեկ բան, որ թերեւս հասկանալի է միայն երաժիշտներին։ Անչափ հետաքրքիր է երաժշտությունը կառուցելու ընթացքը, երաժիշտներս նայելով դիրիժորի դեմքին, աչքերի արտահայտությանը, հասկանում ենք, թե ինչ է անցնում նրա մտքով եւ իրականացնում ենք այդ մտքերը։ Սրանք ճիշտ այն էներգիաներն են, որոնք օդում են, սավառնում են ու այն ընկալելու համար խոսքի կարիք չկա։

– Այո, դիրիժորը կանգնում է նվագախմբի առջեւ, նա անզեն է, մերկ է, ինքն է իր ներքին զգացումներով եւ մի քանի րոպեն բավարար է, որ փորձառու երաժիշտները իրենց խիստ գնահատականը տան։ Բայց երբ տեղի է ունենում փոխադարձ զգացական ընկալումը դիրիժորի եւ նվագախմբի միջեւ, պետք չէ անգամ հոգնեցնել իրար երկար ու անվերջ փորձերով։ Լեցուն ու հագեցած փոխհասկացությունը ամենից կարեւորն է։ Մնացածը՝ մեկ ժեստ է, մեկ խոսք։ Ի դեպ, դիրիժորը նաեւ դերասան է, որովհետեւ նա, ինչպես ցանկացած մարդ, նույնպես ունի իր խնդիրները, տանը, դրսում, բայց կանգնելով նվագախմբի առջեւ՝ պարտավոր է միայն դրական էներգիա փոխանցել երաժիշտներին։

– Եվ արդյո՞ք երաժշտությունը միշտ է կարողանում մոռացնել անձնական խնդիրները։

– Փորձի սկզբում՝ ոչ, բայց երբ զգում եմ երաժիշտների ներգրավվումը երաժշտությունը «հյուսելու» հարցում, խնդիրները մնում են հետեւում։

Միշտ չէ, որ մեծ նվագախմբերը պատրաստակամ են, հատկապես այն դեպքում, երբ ամեն շաբաթ մի նոր դիրիժորի հետ են աշխատում։ Ես փորձում եմ գտնել նվագախմբի իմ ձայնը, ձայնի որակը, որը բնորոշ է իտալական դիրիժորական դպրոցին, Տոսկանինի, Ֆերրարա, Մոլինարի, Աբբադո, Ռենզետտի… Ես փորձում եմ երաժշտության մեջ դնել իմ անձը, որովհետեւ ինչպես նույն նախադասությունը կարելի է տարբեր ձեւով ասել եւ փոխել ասածի նշանակությունը, նույնն էլ երաժշտության մեջ է, որտեղ ասելիքը հնարավոր է փոխակերպել։ Այդ ձեւ տվողը դիրիժորն է։ Նույն ստեղծագործության բազում կատարումներ կան եւ հենց երաժշտական «ձեռագրի» միջոցով է, որ նրանք տարբեր են։ Քանի՞ անգամ ենք լսել La Boheme֊ը, այնուամենայնիվ ամեն դիրիժոր ու նվագախումբ իր մեկնաբանությամբ է տարբերվում։

Դիրիժորը նաեւ օգնողն է, որպեսզի հնարավորինս օգտակար լինի դժվարությունները հաղթահարելուն։ Օրինակ՝ եթե մի երգիչ ճիշտ տեղում չի շնչում, ես պարտավոր եմ օգնել նրան։ Այդ ժամանակ երգիչները, երաժիշտները սիրում են դիրիժորին, ունկնդիրը զգում է դա։ Ի վերջո, թատրոնը, բեմը նաեւ չքնաղ է իր անկատարելիությամբ, նա կենդանի է, շնչում է։ Ներկայացման ժամանակ հնարավոր է լինեն բազում անկատարելիություններ ու այդ ներքին անհանգստությունը թատրոնը դարձնում է ավելի կենդանի։ Այլապես կնստեինք տանը եւ ձայնագրություններ կլսեինք։

– Երաժշտությունը հազարավոր տարիների պատմություն ունի, մինչդեռ դիրիժորը որպես առանձին դերակատար՝ մոտ 200 տարվա։ Ինչպե՞ս ընտրեցիք երաժշտության մեջ ամենաերիտասարդ մասնագիտությունը։

– Ճիշտ եք։ Եթե մինչեւ 18֊րդ դարը առաջին ջութակը կամ կլավիսինահարն էր ղեկավարում փոքրիկ խմբերը, ցույց տալով մուտքերը, ապա երաժշտության զարգացմանը զուգահեռ, սկսած ռոմանտիզմի դարաշրջանից, նվագախմբերի մեծացման, նաեւ լիրիկական օպերաների առաջացման արդյունքում կատարումները անհնար դարձան առանց դիրիժորի օգնության։ Հնարավոր չէ նվագել Մալերի կամ Ռիխարդ Շտրաուսի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կամ՝ Վերդիի, Վագների օպերաները առանց դիրիժորի։ Նա փոխկապակցում է բեմը, նվագախումբը, որը տեխնիկական խնդիրներ է ծնում։ Օրինակ՝ բեմից դահլիճ տարածությունն անցնող հնչյունի արագությունը։

Ժամանակակից նվագախումբը ունի հարվածային գործիքներ, տավիղ, փողային գործիքներ, որոնց ձայնի տեղ հասնելու ընթացքը տարբեր է հարվածայիններից կամ լարայիններից։ Այս ամենը պետք է ձեռքի մեկ շարժումով կարողանալ ստանալ նույն պահին, որին լուծում տվողը դրիրժորն է։ Նման խնդիրները տեխնիկական են, հետո գալիս է ավելի բարդ՝ երաժշտության մեկնաբանության հարցը։

Իսկ դիրիժոր դառնալը ճակատագիրս էր։ Ես սերված եմ երաժիշտների ընտանիքից։ Երաժշտական կրթությունս սկսել եմ ֆագոտով, բայց քանի որ մեր քաղաքում՝ Տարանտայում չկար համապատասխան դասարան եւ շարունակել դասընթացներն անհարմար էր։ Մի օր մտնելով մեր տուն՝ տեսա թավջութակ, որը արեւի պես շողում էր։ Հայրս էր բերել։ Անմիջապես վերցրեցի եւ այդ օրվանից սկսեցի թավջութակի դասեր ունենալ։ Մեր քաղաքում չկար նվագախումբ։ Հայրս մեր քաղաքի կոնսերվատորիայի տնօրենն էր։ Մի օր հայրս, որ մեր քաղաքի կոնսերվատորիայի տնօրենն էր, ասաց՝ ինչո՞ւ չենք ստեղծում նվագախումբ, որը ինքդ կղեկավարես։ Ես ընդամենը 18-19 տարեկան էի։ Զարմացա, բայց սկսեցինք փոքրիկ ստեղծագործություններ կատարել մեր հավաքած նվագախմբով։ Դիրիժորական պոդիումից զգացի, թե դա ինչ է, դժվար էր իջնել այնտեղից, կարծես ուժեղ նարկոտիկ լիներ։

Հետո, 24 տարեկանում մոտոցիկլով վթար ունեցա։ Ինձ հիվանդանոց էին հասցրել մեկ լիտր արյունով, կորցրեցի ոտքս, բայց ես ապրում էի։ Հասկացա, որ պետք է գտնեմ իմ փրկության կղզին։ Թավջութակ այլեւս հնարավոր չէր նվագել, այն շարունակելու համար երկու ոտքի հպում էր պետք, որը ես այլեւս չունեի։ Այնուամենայնիվ, ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ կարող էի կորցնել ձեռքս ու չկարողանալ ո՛չ նվագել, ո՛չ ղեկավարել։ Որոշեցի շարունակել ուսումս՝ որպես դիրիժոր։ Բարեբախտաբար սովորել եմ բացառիկ մարդու, մասնագետի մոտ, Դոնատո Ռենզետտի, որը հենց սկզբից դարձավ ինձ հարազատ մարդ, իմ մեծ եղբայրը, ով փոխեց իմ կյանքը։
Ցավոք, իմ նոր մեծ եղբայրը նույնպես կյանքի մի հատվածում սրտի վիրահատության ժամանակ կանգնել էր կյանքի ու մահվան արանքում։ Մենք շատ արագ հասկացանք իրար …

– Այո, բախտ եմ ունեցել աշխատել Նրա հետ նույնպես եւ մինչեւ օրս համարում եմ, որ մեր օրերի լավագույն դիրիժորներից է Նա։
Բազում պատմություններից գիտենք, որ Տոսկանինին, Մրավինսկին, Հերբերտ Ֆոն Կարայանը եւ այլք, որոնք դիրիժորական արվեստի անկրկնելիներն են, իրենց գործում եղել են չափազանց խիստ, ասենք՝ դաժան։ Օրինակ, Տոսկանինին երաժիշտներին ասում էր. ատում եմ ձեզ, որովհետեւ դուք փչացնում եք իմ երազանքները։ Կարայանը իր նվագախումբ չէր ընդունում կին երաժիշտների, ասելով, որ նրանք շեղում են տղամարդկանց ուշադրությունը ամենակարեւորից։ Արդյո՞ք խստապահաջությունն էր հասցնում նման որակների։

– Այդ տարիներից շատ բան է փոխվել։ Տոսկանինիի փորձերից մի ձայնագրություն է պահպանվել, որտեղ Տրավիատա են փորձում։
Հանկարծ Նա անչափ բարկացած բղավում է կոնտրաբասների վրա, բայց նվագախումբը մեծագույն հարգանքի արդյունքում կարծես տվել էր նրան այդ իրավունքը։ Տարբեր ժամանակներ էին։ Իսկ, օրինակ, Կարայանը առաջինն էր, որ բացի դիրիժորի իր պարտականություններից, դարձավ նաեւ նվագախմբի կազմակերպիչը, վերադասավորեց նվագախմբի ձեւը, օրինակ՝ թավջութակներին նստեցնելով մեկ գծով։ Նա կարող էր ծխել փորձերի ժամանակ, մի բան, որ այսօրվա աչքերով անհնարին է… շատ բան է փոխվել, մինչեւ անգամ դահլիճի լուսավորումը, համերգի ժամանակ դահլիճի մթնեցումը։ Այս ամենը այսօր անհնար է, ամեն դեպքում խստությունն անհրաժեշտ է նվագախմբում։ Մենք կարող ենք ընկերներ լինել, փորձից հետո միասին գարեջուր խմել, բայց փորձի ընթացքում, երբ բոլորս մեր տեղերում ենք՝ այդ հարաբերությունները պետք է մոռացվեն։

– Ի՞նչ եք կարծում, կին դիրիժորի հնչեցրած երաժշտությունը տարբերվո՞ւմ է։ Օրինակ, նկարչության մեջ ես տեսնում եմ, որ այս կամ այն կտավը կնոջ ստեղծագործություն է։

– Գուցե այն պատճառով, որ կնոջ ընկալումը ավելի նուրբ է, ավելի զգայուն։ Ես բազում կին դիրիժորներ եմ ճանաչում, ովքեր հրաշալի ղեկավարներ են։ Մեր պարտականությունը նախ եւ առաջ անհատականություններ գտնելն է եւ այս աշխարհը ավելի լավը դարձնելը։ Հիմա կանանց ժամանակաշրջանն է։ Չեմ կարծում նաեւ, որ դա նորաձեւության արդյունք է։ Իմ կարծիքով՝ կանայք անչափ լավ են գործում ցանկացած ասպարեզում։ Կարծում եմ ցանկացած մարդ, մասնագետ պետք է շատ աշխատի իր վրա, ուսումնասիրի, ինչպես դեղագործ։ Կինը հաջողության բանալին է։ Կանայք հրաշալի են ամեն բնագավառում։ Դուք տիեզերք եք թռչում։ Դուք ավելին ունեք, քան՝ մենք։ Դուք մայրեր եք, սիրելի կին, մասնագետներ։ Ամենակարեւորը՝ ունակ լինել փոխանցել այն, ինչ կա հոգում եւ գիտելիքներում։

– Ինչպես վերեւում արդեն անդրադարձաք, այսօր բարդ ժամանակներ ենք ապրում։ Այն, որ 21֊րդ դարում գոյություն ունեն պատերազմներ, մարդը մարդուն ոչնչացման անվերջանալի ընթացք՝ դժվար ըմբռնելի է։ Մոլորակը չի կարող վտագավոր լինել մարդկության համար եւ մենք չենք կարող լռել այդ երեւույթի շուրջ։ Պատմությունը, որ լեցուն է պատերազմներով, խաղաղությամբ ապրելու ոչ մի ճանապարհ մինչ օրս չկարողացավ գտնել եւ դժվար թե գտնի։ Մարդը հրաշքներ է ստեղծում հենց այսօր, մեր աչքի առջեւ, որին հանդիպելուց շունչդ է կտրվում։ Նույն մարդը, որ գիտության մեջ աներեւակայելի հաջողություններ է գրանցել, ունակ է այդ ձեռքբերումները նաեւ չարիքի վերածել եւ ուղղել դեպի մարդը։ Միլիարդներ են ծախսվում զենք ստեղծելու եւ իրար վրա նետելու համար, այնինչ՝ այդ գումարներով կարելի էր տասնյակ անգամներ բժշկել մեր մոլորակի հիվանդությունները, մաքրել այն ախտից, որը կրկին մարդու ձեռքի արդյունք է եւ ի վերջո ապրել տրված կյանքը գեղեցկության մեջ։ Ի՞նչ խելագարություն է այս ամենը։ Մենք, որպես արվեստագետներ, լռելու իրավունք չունենք։

Ու կարծես այս ամենը բավարար չէ՝ մարդկային հիմարությունները շարունակվում են։ Որոշ եվրոպական նվագախմբեր, բարեբախտաբար ոչ բոլորը, այն երկրում, որտեղ ես ապրում եմ, այն տեղի չունեցավ, փոխեցին իրենց ծրագրերը, հանելով Չայկովսկու, Շոստակովիչի ստեղծագործությունները։ Այնինչ հենց Շոստակովիչը, Ռախմանինովը լուրջ սպառնալիք էին ստի վրա կառուցված ռեժիմի համար եւ հենց այս մարդիկ որքան են տառապել ռեժիմի ձեռքին։ Երաժշտությունը հզոր գործիք է ճշմարտության համար պայքարում եւ հենց այս կոմպոզիտորների երաժշտության մեր կատարումներով կարող ենք դիմադրել նրանց, ովքեր օգտագործում են Արվեստը իրենց ցինիկ նպատակների համար, որտեղ էլ այն լինի։ Ես ծնվել եմ Հայաստանում եւ իմ ազգի մշակույթի կրողն եմ։ Սակայն ես հարուստ եմ նաեւ այն ամենով, ինչ Եվրոպան է ստեղծել, Արեւելքը, մարդկությունը ընդհանրապես։ Չէի ցանկանա ապրել մի աշխարհում, որտեղ չլիներ Վագների երաժշտությունը, չլիներ Սրավինսկին կամ Շոստակովիչը։ Ի՞նչ թյուրիմացության մեջ ենք հայտնվել այսօր…

– Պատերազմը ինքնին թյուրիմացություն է եւ աբսուրդի հասնելու չափ կրկնվում է պատմությունը։ Նույնն է, ինչ նացիստական ժամանակներում չէին նվագում Վագներ։ Որոշ մարդիկ փորձում են ջնջել հումանիզմը, վերացնել մարդկությունը։ Ի՞նչ կապ ունեն ստեղծագործողները այս ամենի հետ։ Ես բացառապես համաձայն չեմ նման շարժերի հետ։ Այսօրվա ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս մեկ համակարգչային հարվածով ճամփորդություններ կատարել ու ճանաչել տարբեր մշակույթներ եւ փոխարեն այս ամենը մոտեցնի մարդկանց՝ ավելի հեռացնում է։ Այսօրվա արագացված ռիթմը վնասներ է բերում, որովհետեւ ճանաչողությունը դառնում է անչափ մակերեսային։ Մեր օրերի տեղեկատվական դաշտը անչափ ուղղորդված է, այնինչ՝ կյանքը ամենուր նույնն է, մարդիկ նույնպես։ Ամեն տեղ կան երեխաներ, նոր սկսվող կյանքեր, մեծահասակներ… կյանքը մեկն է, ինչպես որ երաժշտությունն է մեկը։ Մարդկությունը նույնպես մեկն է։ Տեսեք, Իտալիան որքան մեծ մշակութային ժառանգություն է տվել։ Պորտուգալիան նույնպես աներեւակայելի հնարավորություն է ունեցել, ճամփորդել են, հայտնագործել երկրներ, բազում լավ, նաեւ բազում սխալներ են գործել։ Բայց ուժ գործադրելով ուզենալ տիրապետել մոլորակը՝ խենթություն է, բացարձակ խենթություն։ Կոնկրետ այս դեպքում ես միայն Պուտինին եմ մեղադրում, որ երկխոսության փոխարեն նախընտրել է պատերազմի ուղին։

Մենք պարտավոր ենք հակառակը անել, մշակույթի եւ Արվեստի միջոցով ցույց տալ, որ ռուս ժողովուրդը, մեծ ստեղծագործողները սատանա չեն, որ այդ անունները պատկանում են մարդկությանը։ Արվեստը պատկանում է ամբողջ մարդկությանը։

– Իսկ եթե պատերազմների արդյունքում մի օր լռի երաժշտությունը…

– Ես հավատում եմ, որ երաժշտությունը կհնչի, անգամ եթե այն լինի միակ ջութակի նվագը։ Կամք է պետք ավարտելու այս պատերազմը։ Այն սկսելը ավելի հեշտ է, քան հետո կանգնեցնելը։ Բոլորս միաբերան պետք է Ո՛Չ ասենք պատերազմներին։ Եվրոպան պարտավոր է իր շատ հստակ դիրքորոշումը ասի։ Երաժշտությունը մարդու բնույթի մեջ է։ Ինչպես բնությունն է ամեն բան պատրաստում, որպեսզի հողը նորից ծիլ տա, նույնը մարդու բնույթն է, գենետիկական պահանջ է այն։ Մի շատ հետաքրքիր վավերագրական ֆիլմ կա, որտեղ գիտնականները ուսումնասիրում են, թե ինչպես են երազում կույրերը։ Նրանք, ինչպես բոլորս, տեսնում են ծովը, երկինքը, լեռները, որովհետեւ նրանք գենետիկորեն իրենց մեջ կրում են այդ պաշարը։ Երաժշտությունը մարդու մեջ է եւ երբեք եւ ոչինչ չի կարող լռեցնել նրան։

Զրույցը վարեց եւ իտալերենից թարգմանեց ջութակահար Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930