Լրահոս
Օրվա լրահոսը

Դու պրկված նյարդ էիր, սեղմված պայքար. Նարինե Դելլալյանը՝ Գագիկ Գինոսյանի հիշատակին

Փետրվար 09,2024 18:40

Դու Արծիվ էիր, որ ճախրում էր ազատության մեջ, որին հնարավոր չէր բանտել, քեզանից քեզ խլել։ Դու պրկված նյարդ էիր, սեղմված պայքար։

Դու առաքյալ էիր, անհրաժեշտություն։

Քո աշխարհափոխ լինելու լուրը այն պահերից է, որ չի ընկալվում ու մերժվում է բանականության կողմից։ Աչքերը կարդում են, իսկ ուղեղը չի հավատում տեսածին ու մտածում է, որ ինչ որ բան սխալ է, որ սարսափելի խեղաթյուրում կա այս ամենի մեջ, որ պարզապես՝ անհնար է։

Մարդու անունը ամեն բան ասում է իր մասին՝ Գագիկ Գինոսյան

Այսօր, ազգային այս կորստից յուրաքանչյուրս մեր ձևով ենք ցավում։ Այսօր ամեն սգացող, հոգում ունի կորստի իր չափաբաժինը, իր Գագիկը, որովհետև մեր ընկալումների մեջ կարևոր է, թե նախ և առաջ ո՞վ ենք մենք։ Իմ Գագիկին գտա Հայրիկ Մուրադյանի միջոցով, ով իր մահվանից հետո էլ կապում էր մարդկանց։ Կապեց մեզ Հայրիկը ու դարձրեց հոգեհարազատներ։ Գագիկը, իմ սիրելի ընկերը բոլորից լավ էր հասկանում ամեն, թեկուզ փոքրիկ քայլի կարևորությունը, որը շփում էր ապահովելու մեր ինքնության, մեր ազգային շնչի, մշակույթի հետ ու չեմ հիշում մի դեպք, որ կազմակերպածս ազգագրական ծրագրերին ու միջոցառումներին իր մասնակցության համար խնդրանքս կես բառից ավելի լիներ։ Միակ հարցն էր լինում, ե՞րբ, որտե՞ղ ու կողքիս էր, մեջքիս կանգնած։

Այդպես կիլոմետրեր անցանք, բազում գյուղերում ու քաղաքներում, որտեղ իր ներկայությունը ու անցկացրած դասերը բավարար էին ոգեղենության կայծը բռնկելու համար։ Անում էր գիտակցված, ի շահ մեր ազգային մշակույթի, ի նվիրումն այն մարդկանց գործի շարունակության, որոնց իր հոգեհայր էր համարում, ինքն էլ՝ հոգեզավակը Հայրիկի ու միշտ կրկնում. օրհնյալ լինի Նա, ով ինձ առաջնորդեց դեպի բեմ։ Ամեն անգամ մեր տուն մտնելիս ասում էր ՝ եկա Հայրիկի տան սուրբ պատերի մեջ մի քիչ մաքրվեմ։

Մի օր էլ ցանկացավ այդ ժամանակ դեռ շատ երիտասարդ ու պատանի «Կարին» խմբի անդամների հետ գալ։ Պատմեց, երկար պատմեց Հայրիկի ու մեր մեծերի թողած գործի կարևորության մասին։ Հրաշք օր էր դա, կյանքի ամեն պահը պատգամով շաղախելու գիտակցումով… Սովորաբար մարդը կարողանում է իր առջև դրած խրթին նպատակներին կյանք տալ միայն այն ժամանակ, երբ հավատում է իր երազանքին։ Նա հավատում էր ու ամենօրյա անդադար վազքի մեջ կաթիլ առ կաթին գնում էր դեպի երազանքը։ Միայն ափսոսում եմ, որ այդ ճանապարհը չափազանց բարդ է լինում ու մասնագետը իր ուժը, իր էներգիան ծախսում է ոչ անհրաժեշտ պայքարներում։ Ու… իր անձը մոռացած անվերջ վազում էր Գագիկը։

Պարզապես պարուսույց չէր Գագիկը։ Այսօր նրա գաղափարախոսության, աշխարհայացքի, փիլիսոփայության շնորհիվ, որը նախ եւ առաջ արտահայտում էր պարի միջոցով, բազում հայորդիներ իրենց ինքնությունն են գտել ու չեմ զլանա կրկին ու կրկին ասել, որ մենք այս աշխարհում հետաքրքիր ենք մեր ինքնությամբ, մեր մշակույթով ու երազանք է տեսնել զարգացած, կիրթ, լավ կրթություն ստացած մասնագետներով մի հասարակության , որը առողջ գիտակցումը ունի նաև մեր յուրօրինակության վերաբերյալ։

Դեպի այդ հասարակությունը տանող ճանապարհին Գագիկին հաջողվեց իրեն տրված չափաբաժնով կոտրել դեռ կիսամեռ շնչով ապրող արհամարհանքը ազգայինի նկատմամբ։

Այնպես ապրել, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ… 

Այսօր պարով Քեզ ուղեկցեց մի ողջ ժողովուրդ, հեռվից ու մոտիկից, Քեզնով որբացած բազում հայորդիներ, բայց վստահ եմ նաև, հազարավոր սրտեր երդում տվեցին շարունակել ապրել Քո ձևով, Քո գործով։

Քո ֆենոմենալ ունակության, Քո անձի նկատմամբ սիրո ու պատկառանքի արդյունքում համախմբեցիր հազարավորներին, դարձար խորհրդանիշը համախմբման ու շուրջպարի օրենքով, որտեղ առաջնորդի շարքից դուրս գալու դեպքում հաջորդն է ստանձնում Նրա դերը, բազմաթիվ առաջնորդներ են կծնվեն, որովհետև Դու գերազանց ես արել Քո սուրբ գործը։ Մեր շուրջպարերի շրջանը դեռ պիտի մեծանա…

 

Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ, ջութակահար

«Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829