Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանի հետ սակարկում է որդուս կյանքի իրավունքի գինը. Գոհար Սարգսյան

Ապրիլ 04,2022 16:10

2007 թվականին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը դեռ չի տեղեկացել, որ իր որդու գործով ՄԻԵԴ ներկայացված իրենց բողոքի քննությունը հենց եվրոպական դատարանի որոշմամբ հանվել է ցուցակից:

Հիշեցնենք, որ այդ մասին Aravot.am-ին հայտնել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Թեեւ Եղիշե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ գործի քննությունը վերսկսել է ու կոնկրետ քայլեր են արվում մեղավորներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, Գոհար Սարգսյանը վրդովված ասաց. «11 ամիս է՝ գործը բացել են, բա ինչու ոչ մի բան չեն արել: Հիմա էլ ոնց կարողանում եք՝ տուժողի իրավահաջորդին ջնջելով մա՞ն եք գալիս: Եթե 15 տարի ոչինչ չեն արել, 15 տարուց հետո նոր զգացել են, որ սխալ քննություն են արել ու նոր քննություն են սկսել, 11 ամիս է՝ գործը նախաքննության փուլում է, ոչինչ չեն արել: Ի՞նչ ակնկալիք ունենամ, որ նորմալ քննություն կանեն ու մեղավորին կբացահայտեն ու կպատժեն:

Հունվարի 14-ին գնացել ենք դեպքի վայր, քննիչը, քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը գլուխները բռնել էին, թե ինչ է կատարվել էդտեղ: Գործի ուսումնասիրությունից էլ երեւում է, որ դեպքից մի քանի ժամ հետո արդեն դեպքի վայր չի եղել: Ո՞նց են այդ քրեական գործը բացահայտելու ու մեղավորին պատժելու, եթե ի սկզբանե սխալ ուղղությամբ են գործը տարել: Մինչեւ վերջ ոնց կարողանում են, սրիկայություն են անում»:

Նա նաեւ ասաց, որ Եղիշե Կիրակոսյանը իրենց որպես փոխհատուցում դեռ 2021-ի հունիսին առաջարկել է 19.500 եվրո, իսկ Եվրոպական դատարանից ավելի ուշ ստացած գրության համաձայն առաջարկվում էր մոտ 21.000 եվրո. «Այսինքն, այդքա՞ն են գնահատում որդուս կյանքի իրավունքը, թքեմ էսպիսի պետության երեսին… Ես չհասկացա՝ այն ժամանակ 19,500 էր, հիմա դարձավ 21.000, ստացվում է՝ մեր կառավարությունը սակարկում է գինը: Ես դեռ հունիսին եմ ասել, որ հաշտության չեմ գնում մի պետության հետ, որը կարող էր իմ երեխուն սպանել ու 15 տարի գործը չբացահայտեր ու մեղավորին չպատժեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930