Լրահոս
Օրվա լրահոսը

«5165 շարժումը» ՀՀ ԱԺ-ից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

Ապրիլ 04,2022 16:43

«Ինչո՞ւ ենք պահանջում ենք ԱԺ-ից: Կարծում եմ, անիմաստ է պահանջել Նիկոլ Փաշինյանից, մարդուց, որը որ պայմանավորված ձեւով ուզում է Արցախի հարցը փակել, ոչ թե լուծել եւ նրան շատ ձեռնտու է, որ Արցախում այսպիսի իրավիճակ առաջանա, ժողովրդի մոտ խուճապային տրամադրություններ արթնանան, Ադրբեջանի առաջարկած կետերը շուռ տա՝ իբր մենք ենք ցանկանում եւ արագ-արագ գնա դրանց ստորագրմանը»,- այսօր ՀՀ ԱԺ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը (լուսանկարում):

«5165 շարժման» ներկայացուցիչներն այսօր Հայաստանի եւ Արցախի դրոշներով ՀՀ խորհրդարանի շենքի մոտ էին: Նրանք եկել էին իրենց պահանջը փոխանցելու ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ այն է՝ ՀՀ ԱԺ-ն պետք է ճանաչի ԱՀ անկախությունը եւ անհապաղ աշխատանքներ սկսի ԱՀ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս պահանջը, բանախոսի պնդմամբ, Արցախի փրկության պահանջն է, արցախցիներին՝ ցեղասպանությունից փրկելու պահանջ:

«Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը: Գրավում է ռազմավարական նշանակության բարձունքներ, որտեղից վերահսկում է ամբողջ Արցախը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում նորմալ իշխանությունը պետք է հակահարված տար թշնամուն եւ Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ: Բայց ոչ մեկը, ոչ մյուսը մեր իշխանությունները չեն անում, ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից էլ չեն պահանջում, որպեսզի Ադրբեջանին բերեն հարցի խաղաղ կարգավորման դաշտ: Իսկ Ադրբեջանը արհամարհում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտարարելով, որ չկա Արցախ: Մենուա Սողոմոնյանի համոզմամբ, Ադրբեջանի նման սանձարձակությանը պետք է հակադրենք ժողովրդի կողմից գեներացված պահանջ՝ ՀՀ իշխանությունը պետք է ճանաչի Արցախը: Բանախոսը պնդում է՝ մինչեւ ՀՀ-ն չճանաչի Արցախի անկախությունը, ոչ ոք չի ճանաչի եւ միայն այդ կերպ է, որ ՀՀ-ն կդառնա արցախցիների՝ ցեղասպանությունից փրկվելու երաշխավորը:

Ցուցարարները եկել էին կարգախոսով՝ «Արցախի փրկություն, Հայաստանի անվտանգություն, ազգային արժանապատվություն». եթե այս կարգախոսի իրականացման համար միջազգային երաշխավորների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում, ապա, ըստ նրանց, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ լուծումներ պահանջի: Շարժման անդամները հայ ժողովրդին, բոլոր քաղաքական ուժերին խնդրում են աջակցել այս նախաձեռնությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930