Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում չճանաչել Արցախը, նշանակում է՝ ընդունել, որ Արցախը հայկական չի լինելու». Հովհաննես Ղազարյան

Ապրիլ 04,2022 17:40

Տարիներ շարունակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, որպեսզի չխաթարի բանակցային գործընթացը, բայց հարցն այսօր հրատապություն է ստացել մի քանի պատճառներով, որոնցից հիմնականը Ադրբեջանի վարքագիծն է. ՀՀ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, «5165 շարժման» հիմնադիր Հովհաննես Ղազարյանը (լուսանկարում):

Ըստ բանախոսի՝ անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունը գնում է լուռ զիջումների, խոսում է խաղաղության՝ իր բնութագրմամբ, կեղծ օրակարգից, ինչը ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության վերջին նիստում հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է Արցախում էթնիկ զտումները եւ Հայաստանի ու Արցախի վրա հարձակման հող է նախապատրաստում, Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիան: Մինչդեռ ընդամենը հունվար ամսին Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խաղաղության օրակարգից մեզ ոչ ոք եւ ոչինչ չի կարող շեղել:

Բանախոսը նաեւ նկատում է՝ դիվանագիտական դաշտում մենք տանուլ ենք տալիս, մինչդեռ պատերազմն այժմ էլ դիվանագիտական դաշտում է շարունակվում:

Հովհաննես Ղազարյանը նաեւ հայտարարեց՝ ՀՀ իշխանությունը չի խոսում տարածքային հարցի մասին, խոսում է միայն Արցախի ժողովրդի իրավունքների մասին եւ այդ համատեքստում, միջազգային մամուլը գրում է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից: Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը անգամ Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործման հետ է մեծ խնդիր տեսնում, երբ չի ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաքելությունը, Հայաստանին այլ բան չի մնում անել, քան ճանաչել ԱՀ-ն եւ միջնորդներից պահանջել, որպեսզի հետեւողական լինեն, քանի որ նրանք են եղել մինչ օրս քննարկված սկզբունքների երաշխավորը:

«Այս իրավիճակում չճանաչել Արցախը, նշանակում է՝ ընդունել, որ Արցախը հայկական չի լինելու, նշանակում է՝ ճանապարհ բացել արցախցիների ցեղասպանության համար եւ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի դրսեւորումների, այս անգամ արդեն նաեւ Հայաստանի նկատմամբ»,- հայտարարեց Հովհաննես Ղազարյանը:

Երգիչ Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ հայտարարեց, որ այսօր Արցախում իրավիճակն ավելի վատ է, քան 1988-ին էր: Շարժման անդամները նորերս են վերադարձել Արցախից: Օրերս Փառուխում եւ Քարագլխի լեռնաշղթայում լարվածության աճի ժամանակ նրանք եղել են Արցախում: Նա հայ հասարակությանը, համայն աշխարհի հայերին կոչ արեց՝ արթնանալ, փրկել եւ տեր կանգնել Արցախին ու Հայաստանին: Հորդորեց՝ ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա՝ յուրաքանչյուր իր երկրում եւ իր տեղում պահանջատեր լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930