Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նոր պատժամիջոցներ` ընդդեմ Ռուսաստանի, զենքերի մատակարարումներ` ի պաշտպանություն Ուկրաինայի. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 07,2022 22:30

«Ամերիկայի ձայն».  Մոսկվան հերքում է ուկրաինական գրավված քաղաքներում խաղաղ բնակիչների դեմ իրականացված բռնությունների մասին մեղադրանքները: Սակայն ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին ապացույցներն ավելանում են:

Սպիտակ տունը նույնպես վկայակոչել է այս վայրագությունները, երբ չորեքշաբթի օրը ներկայացրեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին նախագիծը: Նոր պատժամիջոցների տակ են հայտնվում Ռուսաստանի երկու խոշորագույն բանկերը՝ Սբերբանկը և Ալֆա բանկը, ինչպես նաև ռուսական խոշոր պետական ձեռնարկությունների մի ամբողջ ցանց: Արգելվում են Ռուսաստանում բոլոր նոր ներդրումները, եւ Ռուսաստանը զրկվում է ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող միջոցներով պարտքի վճարումներ կատարելու հնարավորությունից:

Պատժամիջոցներն ուղղված են նաև ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի և այլ ռուս պաշտոնյաների ընտանիքի անդամների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի:

«Ընդամենը մեկ տարում մեր պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը կկորցնի անցած տասնհինգ տարիներին ձեռք բերած տնտեսական եկամուտները: Եվ քանի որ մենք Ռուսաստանին կտրել ենք այնպիսի տեխնոլոգիաների ներմուծումից, ինչպիսիք են կիսահաղորդիչներն ու գաղտնագրման անվտանգությունը և քվանտային տեխնոլոգիայի կարևոր բաղադրիչները, մենք գալիք մի քանի տարիների ընթացքում կխեղդենք Ռուսաստանի տնտեսական կարողությունները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Մեծ Բրիտանիան նույնպես հավանություն է տվել պատժամիջոցների նոր փաթեթին: Այս երկրի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է. «Ռուսական նավերի մուտքը մեր նավահանգիստներ, արգելվում է. ճնշումներ ենք բանեցնելու ավելի մեծաթիվ ռուսական բանկերի նկատմամբ, հետապնդելու ենք ռուսական արդյունաբերության այն ճյուղերը, որոնք լցնում են Պուտինի պատերազմական դրամապանակը»։

Եվրամիությունը նույնպես վերջնական տեսքի է բերում իր կողմից հաստատվող պատժամիջոցները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով, «Նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելքը» Նա ասել է նաեւ, թե նավթի ու նույնիսկ գազի վերաբերյալ միջոցներ նույնպես վաղ թե ուշ անհրաժեշտ կլինեն։

Չորեքշաբթի օրը ԵՄ-ը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր երեսունութ միլիարդ դոլարի էներգավճարներ է կատարել Ռուսաստանին, այն դեպքում, որ Ուկրաինային հատկացրել է միայն մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի ռազմական օգնություն:

Ռուսական ուժերի կողմից վայրագություններ գործելու մասին մեղադրանքները կարող են փոխել ՆԱՏՕ-ի հաշվարկը, ասում են փորձագետները:

Վերջին տեղեկությունների համաձայն, Չեխիան Ուկրաինա է ուղարկում խորհրդային ժամանակաշրջանի T-72 տիպի տանկեր և հետևակային մեքենաներ, ինչը Կիևին ստիպում է հավատալ, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամներից նույնպես կստանա ծանր սպառազինություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930