Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխողին «տուպիկի» մեջ ենք դնում՝ փաստացի ասելով, որ «ծխողը մարդ չի»…Պետք է փորձել կանխել, ոչ թե «դախ ծխողի» հարցը լուծել». Միհրդատ Մադաթյան

Ապրիլ 08,2022 15:26

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել հանրային սննդի փակ եւ բաց վայրերում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործման արգելքի մասին աղմկահարույց օրենքի շուրջ: Հիշեցնենք, որ մարտի 15-ից օրենքի այդ դրույթը մտել է ուժի մեջ ու արդեն խնդիրներ են նկատվում՝ կիրառման հետ կապված:

Այս օրենքի շուրջ բանավեճը Արամ Վարդեւանյանին հիշեցրել են 18-19-րդ դարերի բանավեճերը. «Ասում էին՝ ո՞րն է մազի թեփի դեմ լավագույն լուծումը եւ հնչում էր կարծիք, որ դա գիլյոտինն է: Այս ռեֆորմը նման է դրան: Ի՞նչն էր պատճառը, որ որոշեցին բացօթյա տարածքներում արգելել ծխելը. Քննարկումներից մեկի ժամանակ պատասխանը, որը հնչեց կառավարության ներկայացուցչից, հետեւյալն էր՝ բացօթյա տարածք սահմանելը մի քիչ դժվարություն է առաջացում, թե որն էր լինելու, դրա համար որոշեցինք ամբողջությամբ արգելել: Այսպես չի լինում»:

Տնտեսվարողները բողոքեցին, որ օրենքի դրույթներից մեկով արգելվում է օդանավակայանում ծխախոտ վաճառել, բայց մի հատ շատ կարեւոր կետ կա՝ բացառությամբ Duty free խանութից. «Այսինքն, ոչ մի առողջապահական խնդիր չի լուծվում դրանով: Մի քանի տնտեսվարողի իրավունքը վերցնում են, տալիս մեկին, այսինքն, մենաշնորհացնում են»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց. «Օրենքը ընդունվել է չմտածված եւ չդիտարկված: Աշխարհում մենք ունենք օրենք, որը բերել է ծխողների քանակի մեծացման: Դա եղել է ծխախոտի տուփի վրա «առաջացնում է քաղցկեղ-մաղցկեղ» գրառումը: Եթե վիճակագրությունը նայեք, բերում է մեծացման ու օրենքի նախագիծը բերողները չեն փորձել հասկանալ՝ ո՞ր գործոնն է բերել մեծացման: Նեգատիվիզմով մարդկանց մոտ որոշակի արգելքների ժամանակ հակառակ պրոցեսն է լինում: Հայերը աշխարհում նեգատիվիզմով օժտված մարդիկ են»:

Ըստ նրա, մեր երկրում ծխախոտի դեմ պայքարը արդյունավետ էր 2000-2008 թվականներին, երբ առողջ ապրելակերպի, սպորտի խրախուսմամբ էր դա արվում:

Մադաթյանի խոսքով՝ ծխողին «տուպիկի» մեջ ենք դնում այս օրենքով՝ փաստացի ասելով, որ «ծխողը մարդ չի, ինքը ստորադասված մարդ է». «Ծխողն իրավունք չունի չծխողների վրա բռնանալու, բայց եթե լինեին լիցենզավորված օբյեկտներ ծխողների համար, մարդն իմանար, որ այնտեղ ծխում են, գիտակցված մտներ կամ չմտներ՝ լուծում կլիներ: Կարող է՝ ես ուզում եմ գնամ, ուրիշի ծխած օդը շնչեմ: Այս արգելքները ոչ մի լավ բանի չեն բերելու, հումանիստական չի, ոչ մի հոգեբան չի աշխատել սրա վրա, իսկ ծխելը հոգեբանական է: Պետք է նախ հասկանալ՝ ե՞րբ են մարդիկ սկսում ծխել, փորձել դա կանխել, ոչ թե վերցնել կոպիտ ասած «դախ ծխողի» հարցը լուծել: Դեռահասության շրջանում, բանակում ինչի՞ հարցը չի լուծվում: Մեծ մասը ծխելը սկսում է բանակում: Մենք այս օրենքի արդյունքում թազա ծլող ծխողների շարք ենք ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930