Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն վայրագություններն անում են ուկրաինական ազգայնամոլները»․ Ցույց ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության

Ապրիլ 08,2022 19:55

«Այսօր այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա ռուս-ուկրաինական հակամարտություն չէ, դա ՌԴ-ԱՄՆ հակամարտություն է»,-այսօր «Մայր Հայաստան» հուշահամալիրում մի շարք կազմակերպությունների կազմակերպած ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության եւ արցախահայության անվտանգության  ցույցի ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը, որին ներկայացրեցին, որպես ռազմական փորձագետ։ Նա իր ելույթում ասաց․«Պատահական չէ, որ այն գործելաոճը, որը արեւմուտքը սովորեցրել է դեռեւս իսլամական արմատական տարբեր կազմակերպություններին, վայրագությունները, որ անում էին Իրաքում եւ Սիրիայում, այսօր նույն վայրագություններն անում են ուկրաինական ազգայնամոլները, նացիստները»։

Նրա խոսքով՝ այն ուժերը, պետությունները որոնք ապահովում են մեր բնակչության անվտանգությունը, Արցախում ռուս խաղաղապահները, ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող զինծառայողները մեր եղբայրներն են, իսկ ցանկացած մեկը, ով փորձում է անվանարկել ռուս խաղաղապահներին, ռուսական ռազմական ներկայությանը, նրանք թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարն են։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր ելույթում ասաց՝ առանց ազգային արժանապատվության մենք ապագա չունենք․«Խոսում ենք ազնվության, հավատարմության մասին, իսկ մյուս կողմից  մեզ հարկադրում են, որ ուրանանք մեր բարեկամներին։ Առանց այն էլ Հայաստանը դարերի ընթացքում շատ բարեկամներ չի ունեցել, եղած բարեկամներին պետք է փայփայենք։ Ամոթ է դարձել, չգիտես՝ ինչու, Հայաստանում բարձրաձայն ասել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Այն Ռուսաստանը, որը բառացիորեն, 44-օրյա պատերազմը, որը ցեղասպանության նոր փորձ էր, կանխել է այդ ցեղասպանությունը։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության եւ դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից»։

Նա ասաց, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց դա պետք է արժանապատիվ լինի, այնպես, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո եղավ․«Երկու ոսոխները նստեցին սեղանի շուրջ, ընդունեցին եղածն ու գնացին առաջ։ Այս արժանապատվորեն կառուցված միության՝ Եվրամիությանն են ձգտում շատ ազգեր։ Մի՛ ասեք, որ Եվրամիությունը բաղկացած է այն անձանցից, ովքեր այս կամ այն կոչերն են անում, դա բաղկացած է առաջին հերթին այդ ժողովուրդներից, ովքեր կամք եւ ազգային արժանապատվություն գտան»։ Մանասերյանը նաեւ նշեց՝ թուրքի համար հասկանալի լեզուն ուժն է․«Մենք խաղաղություն չենք մուրում։ Մենք այստեղ ենք, որ մեր աջակցությունը հայտնենք Արցախի Հանրապետությանը, Հայաստանի հանրապետությանը, եւ մեր բարեկամ երկին»։

Այս ցույցին մասնակցում էր նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումը հակաուկրաինական ուղղվածություն չունի։

Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով, Համբարձումյանն ասաց․«Ես եւ իմ ընկերները եւս մեկ անգամ արձանագրում ենք հայ-ռուսական բարեկամության կարեւորությունը եւ այս ակցիան դրա նպատակն ունի։ Փաստենք, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք եւ այդ դաշնակցությունը ենթադրում է նաեւ պարտավորություններ։ Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի թեկուզ այսպիսի ակցիաների տեսքով,  Ռուսաստանը  պետք է տեսնի, որ հայ ժողովուրդն իր կողքին է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930