Լրահոս
Օրվա լրահոսը

«Միամիտ չենք, եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հայտարարեք, որ մեր հեռու եւ մոտիկ բարեկամներն էլ հասկանան». Արցախի խորհրդարանից՝ Փաշինյանին

Ապրիլ 14,2022 22:33

«Չեմ ուզում կենտրոնանամ ՀՀ վարչապետի ելույթին՝ դրվագային թատերականացված եւ բեմականացված սցենարին: Դա ոչ թե ինքնախոստովանության ու ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ եւ ուղեղները լվանալու տարիների գործելաոճին հարիր պահվածք էր, որին կրկին ներկայացավ ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային հանրությանը, որին հավանաբար պատասխանատու է իր անցած ճանապարհի եւ իր հասած նշաձողի համար»,- այսօր Արցախի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը հայտարարության տեքստ էր պատրաստել:

Իշխանյանը նշեց, որ իրենց համար զարմանալի ու անակնկալ չէին Փաշինյանի ելույթում հնչած թեզերը, պարզապես այն, ինչ արվում էր թաքուն, բացահայտվեց, այն, ինչ տասնամյակներ չէր հաջողվել, հիմա փորձում են առիթը չկորցնել: Իշխանյանի խոսքով՝ խղճահարության դրվագներ ստեղծողը չի կարող լինել իրենց առաջնորդը: Փաշինյանը, ըստ նրա, խաղաղության քողի տակ հրահրում է նոր պատերազմ ու Արցախի հայաթափում: Մեզ վախեցնում է միջազգային հանրության կեղծ դիրքորոշումների ներկայացմամբ: Այդ ո՞ր միջազգային հանրության դիրքորոշումների մասին է, որտե՞ղ էին նրանք 2020-ի աշնանը, ո՞ւմ ջրաղացին էին ջուր լցնում, իսկ ում վառած կրակին՝ յուղ: Այդ ի՞նչ արժեքներ դավանող միջազգային հանրության մասին է խոսքը, գուցե ավելի բաց համատեքստով խոսվեր…Հավանաբար, ԵԱՀԿ-ն էլ է համաշխարհային հանրություն, իսկ ո՞ւր են նրանք՝ մանդատ ունեցողները»:

Ըստ նրա, չպետք է «իլյուզիաների» մեջ ընկնել, բայց նաեւ չի կարելի ապակողմնորոշել ու մանիպուլացնել. «Գիտակցաբար փորձել ենք բոլոր տարբերակները՝ բանակցությունները սկսելով զրո կետից, սեփական նախաձեռնություններ ցուցաբերելով ու նույն համաշխարհային հանրությանը մոլորեցնելով, ամեն ինչ հասցնելով ուղղակի նահանջի եւ կորուստների: Արցախցիների ու Արցախի կողմից մանդատ չունենալու պատճառաբանություններով Արցախի ճակատագիր են մոգոնում, արյուն հեղում ու հետո խոստովանում, հետո՞ ինչ: Այդքան միամիտ չենք: Եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հստակ կողմնորոշվեք եւ հայտարարեք, որպեսզի մեր հեռու եւ մոտիկ բարեկամներն էլ հասկանան եւ կողմնորոշվեն: Մենք էլ հասկանանք ու կողմնորոշվենք: Ոհմակային հոգեբանությամբ ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի եւ արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու եւ այն էլ՝ ամենապատասխանատու եւ բարձր ամբիոնից՝ ՀՀ ԱԺ ամբիոնից: Կատարեք Արցախի եւ արցախցիների անվտանգության երաշխավորի ձեր պարտավորությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930