Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել է մեղքը, գործը կարճվել է եւ սերունդներ է կրթում

Ապրիլ 20,2022 12:30

Դրվագ` կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետի ու կնոջ գործունեությունից

Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի կինը` Հերմինե Ալեքսանյանը, Շիրակի մարզի գյուղական համայնքներից 2000 դրամով հողատարածքներ էր վարձակալել եւ շուրջ կես միլիոն դրամով վերավարձակալության հանձնել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում): Հետագայում գործը կարճվել էր, բայց ոչ արդարացման հիմքով, այլ որ ամուսիններն ընդունել էին իրենց մեղքը: Ներկայումս Հերմինե Ալեքսանյանն աշխատում է Գյումրու թիվ 11 դպրոցում, հայոց լեզվի ուսուցչուհի է, եւ սերունդներ է կրթում: Մեզ հետաքրքրում էր` ինչպե՞ս է նա մանկավարժական գործունեություն իրականացնում:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը հրաժարվեց «Առավոտին» որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ մեկնաբանությունները միայն լրատվականի միջոցով են արվում:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանն ասաց, որ ինքն իրավաբան չէ, որպեսզի օրենք մեկնաբանի, հավելեց, որ արդեն գրավոր պատասխանել են «Առավոտի» հարցմանը, իսկ եթե այն չի բավարարի, կարող ենք նոր հարցում ուղարկել: «Առավոտին» ուղարկված գրավոր պատասխանում էլ ասվում էր, որ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում քրեական գործերի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը:

«Առավոտը» «Ահարոնյան» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ընդհանրապես որ դեպքում անձը կարող է զրկվել մանկավարժական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

«Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ են, որոնք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամուր երաշխիքներ են։ Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է, եւ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ընտրելու այն աշխատանքը կամ զբաղվելու այն գործունեությամբ, որը օրենքով արգելված չէ։ Ավելին՝ դատապարտված անձը անգամ հնարավորություն ունի աշխատանք կատարելու եւ վարձատրվելու, այս հարաբերությունները կարգավորվում են օրենքով։

Իհարկե, որոշ աշխատանքների կամ գործունեության պարագայում օրենսդրությունը նախատեսում է նաեւ բացառություններ։ Օրինակ՝ Քրեական օրենսգրքում որպես պատժի տեսակ կիրառվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Օրենսդրի ձեւակերպմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է: Ընդ որում, այս պատժատեսակը կիրառվում է ե՛ւ որպես հիմնական, ե՛ւ որպես լրացուցիչ պատիժ։

Պրակտիկայում պատահել են դեպքեր, երբ դատարանը կիրառել է հիշյալ պատժատեսակը, որի ընտրությունը պայմանավորվում է կոնկրետ գործի բնույթից եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի արարքի բնույթից։ Տեղեկատվության համար նշեմ, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, եւ մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով։

Հատկանշական է նշել, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը: Դիցուք, նկատենք, որ հատկապես անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններով դատապարտվող անձանց նկատմամբ, եթե այդ անձանց աշխատանքը կապված է մանկավարժական գործունեություն կատարելու հետ, դատարանը որպես պատիժ կարող է ընտրել՝ մանկավարժին զրկել մանկավարժական գործունեություն կատարելու իրավունքից»,-ասաց պարոն Ահարոնյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930