Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանում տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտին առնչվող հարցեր

Ապրիլ 26,2022 16:12

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզական ու մշակութային հիմնարկների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կրթության ոլորտը եղել է, կա ու կլինի պետականության կառուցման հիմնական հենասյուներից մեկը, եւ ներկաները շատ կարեւոր առաքելություն ունեն այս առումով։
Մարզի ղեկավարն իր խոսքում մի շարք շեշտադրումներ կատարեց՝ ներկայացնելով կրթօջախների աշխատանքի հանդեպ իր նկատառումները, պահանջները, մոտեցումներն ու բնագավառում մարզային իշխանության առաջիկա ծրագրերը։

Ռ․Ղուկասյանը նշեց, որ հատկապես հեռավոր, սահմանային ու փոքր գյուղերի դպրոցները կլինեն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, կարեւորեց ուսուցչի կերպարը աշակերտի աչքերում, անթույլատրելի համարեց կրթական թեմայից դուրս այլ շեղող երեւույթների գոյությունը դպրոցներում։

«Փորձեք օգնել երեխաներին ու բացահայտեք նրանց մեջ այն շնորհներն ու ունակությունները, որոնց գոյության մասին իրենք միգուցե չգիտեն էլ․ տաղանդներ ու տարբեր ոլորտներում աչքի ընկնող աշակերտներ ունեցող դպրոցները յուրահատուկ մոտեցում կունենան մեր կողմից», – ասաց մարզպետը։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն անդրադարձավ մարզի կրթական համակարգի ընթացիկ աշխատանքային հարցերին ու անելիքներին, ամփոփեց առարկայական օլիմպիադաների արդյունքները, խոսեց ոլորտի իրավական, կազմակերպական, մեթոդական մի շարք խնդիրների մասին, ներկայացրեց մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների զարգացման ու դրանցում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները։

Հանդիպմանը ներկա տնօրենները նաեւ հարցեր, առաջարկներ ուղղեցին եւ կրթօջախներում առկա խնդիրներ ներկայացրին Ռոբերտ Ղուկասյանին։

Խորհրդակցության ավարտին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը խոսեց ապրիլի 30-ին հանրապետությունում անցկացվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման ու այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մասին։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930