«Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է իմանա՝ ՀՀ-ում կան ուժեր, որոնք չեն կարող թույլ տալ, որ Փաշինյանը շարժվի այնպես, ինչպես ինքն է ուզում՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, Արցախի ապագա Ադրբեջանի կազմում։ Արցախի ճակատագիրը որոշում են արցախցիները, իսկ ՀՀ-ն այս գործընթացում պարտավոր է լինել Արցախի անվտանգության եւ զարգացման երաշխավորը»,-ՀՀ ԱԳՆ շենքի մոտ այսօր Դիմադրության շարժման հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պատրաստ է հանձնել ոչ միայն Արցախը, այլեւ ՀՀ սուվերեն տարածքը։
Աբրահամյանը նաեւ նշեց՝ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունում որոշակի փոփոխություններ պետք է լինեն․ «Սահմանագծում արվող ծառայությունը, որը մի մասով անում է նաեւ Արցախի ՊԲ-ն, վերանայումների կարիք ունի։ Սա ենթադրում է տեխնիկական միջոցների հագեցվածություն, բնակավայրերին մոտ հատվածում ադրբեջանական զորքերի հետքաշում, անվտանգության գոտիների հիմնում։ Առանց այս ամենի՝ տարբեր փուլերում ունենալու ենք լարվածություններ։ Փառուխի հատվածում ադրբեջանական ներխուժումը խոսում է այդ մասին»։
Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի Արցախ այցին, որի ընթացքում նա, ըստ լուրերի, տրամադրություններ է ուզում շոշափել, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Արցախում տրամադրություններ կարող են շոշափել մարդիկ, որոնք տիրապետում են Արցախի զարկերակին։ Այսքանով սահմանափակվենք»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ «Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են ՀՀ իշխանություն ներկայացողները․․․մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ