Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Գործն այստեղ բերելու միակ նպատակը Քյարամյանի ցանկություններին հագուրդ տալն է»․ փաստաբան

Հունիս 22,2022 16:59

«Այս գործով մեզ քննչական կոմիտե կանչելն արդեն իսկ ապօրինի գործընթաց է։ Սա չեմ անվանի իրավական գործընթաց, քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն իսկ փաստել է, որ երեք հոդվածով բացակայում է հիմնավոր կասկածը։ Հետո մենք միջնորդություն էինք ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ․ պատասխանը դեռ չենք ստացել»,-քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արթուր եւ Գարիկ Գալեյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2020թ․ պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն իր եղբոր՝ Արթուր Գալեյանի հետ մեղադրվում են զորամաս մուտք գործելու եւ զորամասի տարածքում սպային ֆիզիկական ցավ պատճառելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ եղբայրները քաշքշել են սպային, հարվածել պլաստմասե շշով։ Արթուր Գալեյանին այսօր կանչել էին քննչական գործողությունների, մյուս ծնողները եւս եկել էին՝ նրանց սատարելու։

Վահան Հովհաննիսյանը նշեց․ «Կարեւոր է այն հանգամանքը, որ քննիչը դատարանում ինքն է հայտարարել, որ մեղադրանք առաջադրելու պահին բավարար ապացույցներ առկա չեն եղել։ Այսքանից հետո միակ իրավական որոշումը, որը կարող էր կայացվել, դա քրեական հետապնդումը դադարեցնելն էր, որովհետեւ այսքանից հետո քրեական հետապնդումը պարզապես բացառվում է։ Սակայն անօրինական մեղադրանքով անձին կանչում են քննչական գործողությունների։ Պետք է այսօր լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին։ Ընդ որում, քննիչը տեղեկացրեց, որ գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է քննչական կոմիտե։ Ասաց, որ պատճառը հայտնի չէ։ Ենթադրում ենք, որ գործի տեղափոխման նպատակը չի կարող լինել իրավական։ Այն նպատակ ունի այս գործով կոնկրետ քննչական կոմիտեի ղեկավարի համար արդյունքի հասնել՝ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել դատարան»։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ օրերս, երբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ծնողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ էր եղել, Քյարամյանն ասել էր այնպիսի արտահայտություններ, որոնցից ենթադրելի է՝ նա հետաքրքրված է, շահագրգռված է այս գործի ելքով․ «Ուստի գործն այստեղ բերելու միակ նպատակն այդ ցանկություններին հագուրդ տալն է։ Արգիշտի Քյարամյանի մասին է խոսքը։ Քննիչն ազնիվ մարդ է, լավ կարծիքներ ենք լսել, բայց այս շենքի որեւէ քննիչ, որքան էլ ազնիվ լինի, չի կարող այս գործով ինքնուրույն որոշումներ կայացնել։ Քյարամյանը փաստել է, որ այս գործը, ինչպես եւ ծնողների դիմումի հիման վրա հարուցված գործն իր անմիջական հսկողության ներքո են։ Իրեն պարբերաբար զեկուցում են։ Այսօր այդ հիմքով հրաժարվեցինք մասնակցել քննչական գործողությունների։ Երկու օրում ներկայացնելու ենք ինքնաբացարկի միջնորդություն»։

Նշենք, որ օրերս զոհված զինծառայողների ծնողները հերթական անգամ հանդիպել էին քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ եւ ահազանգել, որ հանդիպման ժամանակ նա իրեն մեղմ ասած լավ չի պահել, վիրավորել է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930