Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Վարդանյան․ «Մենք պատրաստ էինք պայքարի, անկախ նրանից, թե առաջնությունում ով կլինի եւ ով կբացակայի»

Հուլիս 07,2022 18:15

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Հռոմում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 10 մարզիկով, նվաճեց 3 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկով զբաղեցրեց 2-րդ տեղը:

Այսօր հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը, մարզիչ Արմեն Մալխասյանը, Եվրոպայի չեմպիոններ Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գեւորգյանը եւ արծաթե մեդալակիր Հարություն Հովհաննիսյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում ամփոփեցին առաջնության արդյունքները:

Ավետիք Վարդանյանը նշեց, որ առաջնությունը մեր թիմի համար անցավ լավ, որ սպասում էին մեդալների: «Ունեցանք այն, ինչ ունենք այսօր: Սակայն ավելի լավ հանդես գալու հնարավորություն ունեինք: Հարություն Հովհաննիսյանը, թերեւս, եզրափակչում ավելորդ լարվածության պատճառով չկարողացավ չեմպիոնի կոչում նվաճել: Բրոնզե մեդալի համար Հայկ Աբրահամյանը, որը հաղթում էր վրացի մրցակցին, վերջին վայրկյանին 2 միավորանոց հնարք բաց թողեց ու պարտվեց 3:3 հավասար հաշվով»,- ասաց նա:

Հավաքականի 2-րդ մարզիչ Արմեն Մալխասյանը եւս նշեց, որ, ընդհանուր առմամբ, արդյունքը գոհացուցիչ է: «Բայց ամեն դեպքում ունեցանք տակտիկական սխալներ, որոնք հետագայում շտկելի են: Շարունակելու ենք աշխատել եւ շտկելով վրիպումները՝ լավագույն մասնակցություն ենք ունենալու հաջորդ մեկնարկներում»,-ասաց նա:

Մարզիչները նշեցին, որ Ռուսաստանի եւ Բելառուսի բացակայությունը թեեւ որոշակիորեն զգացվեց, սակայն դրանից մրցակցությունն ամենեւին էլ չէր նվազել, որովհետեւ նման առաջնություններում թույլ ըմբիշներ չեն լինում եւ բոլորն էլ պայքարում են առավելագույնին հասնելու համար:

Բանախոսները նշեցին, որ առաջնությունում հիշարժան պահերի պակաս չի եղել, սակայն ամենահիշարժանը թիմային 2-րդ տեղը գրավելն է եղել, քանի որ դա թիմային աշխատանքի արդյունք ու գնահատական է: Ավետիք Վարդանյանը հիշեցրեց, որ նման արդյունք ոսկե մեդալների հաշվարկով վերջին անգամ եղել է 2018 թվականին: «Այն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը մասնակցում էին, եւ մենք զբաղեցրինք թիմային երրորդ տեղը»,- ասաց նա եւ բերեց մի հետաքրքիր վիճակագրություն: «Այս տարի Հռոմում 10 քաշային կարգերից երեքում մենք ենք հաղթել, իսկ պայքարի մեջ եղած մնացած երկրներից ոչ մեկը երկրորդ ոսկե մեդալ չի ունեցել: Այնպես որ, մեր համար նշանակություն չի ունեցել, թե որ երկրներն են մասնակցում եւ որոնք՝ ոչ: Մենք մեր պլանավորած նախապատրաստությունը՝ հավաքները, միջազգային մրցաշարերը անցկացրել ենք ու պատրաստ եղել պայքարի, անկախ նրանից, թե առաջնությունում ով կլինի եւ ով կբացակայի»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031