Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին-ներկա» կարծրատիպերի առեղծվածը

Հուլիս 07,2022 18:45

2018թ. «թավշյա» իշխանափոխությունը, մեծ հաշվով ներկայացվեց որպես անցյալի կառավարման և նախկին իշխանությունների դեմ տարվող անողոք տեղեկատվական պայքար: «Ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզը երկար ժամանակ մտցրել էին հասարակության ուղեղը և այդ կերպ մանիպուլացնում էին մարդկանց: Նիկոլը մեղք չունի, նախկիններն են «ծախել», «թալանել», «կեղեքել» և այլն: Ակնհայտ էր որ այս հնարովի (ճշմարտանման սուտ) թեզը երկար կյանք ունենալ չէր կարող: Դրանով Փաշինյանը կարողացավ մարդկանց կերակրել մինչև 2020թ. արյունալի պատերազմը:

Այն, որ նախկինում (1991-2018թթ) եղել են պաշտոնյաներ, որոնք օգտվել են իրենց պաշտոնական դիրքից, չարաշահել են այն, որոշակի նյութական հարստություն են կուտակել` դա գաղտնիք չէ: Ոչ ոք չի կարող պնդել, որ նախկինում բոլոր պաշտոնյաներն ազնիվ էին: Նույն կերպ նաև հիմա, ոչ ոք չի կարող պնդել, որ օրինակ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Հայկ Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը,  Ռոմանոս Պետրոսյանը և էլի տարբեր պաշտոնյաներ նյութական հարստության տեր են դառնում բացառապես աշխատավարձի ու պարգևավճարի հաշվին: Պարզ է, որ նրանք պայքարել են հանուն իշխանության ու անձնական բարեկեցության: Նրանք շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին իրենք էլ են պատասխանատու Արցախի կործանմանն ու Հայաստանի թուլացմանը:

Տարօրինակ է, որ երկիրը դեպի ծանր պարտության և աշխարհաքաղաքական կոլապսի տարած իշխանությունները փորձում են շարունակել «նախկին-ներկա» այլևս անիմաստ դարձած հակադրությունը: Անիմաստ, որովհետև իրական ընդդիմության լոկոմոտիվը շարունակում են մնալ նրանք, որոնք երկար տարիներ լինելով իշխանության, կարողացել են չգայթակղվել ու անխոցելի մնալ:

Նախկին պաշտոնյաների ճնշող մեծամասությունը չի խառնվում քաղաքական պայքարին և նախընտրում է ստվերում մնալ: Նրանցից ոմանք լուծել են իրենց հարցերը Փաշինյանի իշխանության հետ և նույնիսկ համագործակցում են, կամ լոյալ են վերջիններիս նկատմամբ: Պարզ է, որ նրանք հասկանում են, որ այլևս վերադարձ դեպի իշխանություն, իրենց համար չի լինելու:

Եթե  չլիներ Արցախյան հարցում Փաշինյանի խայտառակ ձախողումն ու Հայաստանի աղետալի վիճակը, ապա քաղաքական պայքարում այս աստիճան  նախանձախնդրություն ու անհանդուրժողականություն չէին ցուցաբերի հատկապես երկրորդ և երրորդ Նախագահները: Վերջիններիս քաղաքական պայքարի և գործունեության ամբողջ իմաստը` այսինքն Արցախի հարցը փլուզվել է Փաշինյանի ապաշնորհ և կասկածելի գործունեության պատճառով: Հետևաբար` նախկին նախագահների պայքարն ունի արդարացված և խիստ հասկանալի շարժառիթներ: Իսկ նրանց դեմ սկսված դատական հաշվեհարդարները` առ այսօր զուրկ են փաստերից ու ապացուցողական բազայից:

Նախկին իշխանության ներկայացուցիչներից Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին, Արտակ Զաքարյանին, Հայկ Մամիջանյանին, Տիգրան Աբրահամյանին, Տարոն Մարգարյանին, Աննա Մկրտչյանին, Գագիկ Մինասյանին, Էդգար Ղազարյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Ագնեսա Խամոյանին, Արամ Վարդևանյանին, Արթուր Խաչատրյանին, Արմեն Ռուստամյանին, Գեղամ Մանուկյանին, Սերժ Սրապիոնյանին, Աշոտ Հարությունյանին, Լիլիթ Գալստյանին և շատ-շատերին, իրենց թերություններով հանդերձ` դժվար է մեղադրել թալանի կամ չարաշահումների մեջ: Թվարկված մարդիկ չունեն կուտակած նյութական հարստություններ և դժվար թե իրենց քաղաքական անհաշտ պայքարի նպատակը լինի ասենք Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի և մյուսների կուտակած հարստությունը «փրկելը»:

Ակնհայտ է, որ այսօրվա ընդդիմության հիմնական դեմքերը, ունենալով քաղաքական ու պետական կառավարման փորձ` պայքարում են բացառապես ազգային-պետական շահերի համար:

Հարկ է նշել նաև, որ ներկայիս ընդդիմության շարքերում երիտասարդ սերնդի բազմաթիվ նոր դեմքեր կան, որոնց ոչ մի կերպ չենք կարող կապել նախկին իշխանությունների հետ և ովքեր ունեն բացառապես հայրենասիրական մղումներ: Նրանք հավաքվել են Հանրապետականի, «Հայաստան» դաշինքի, Դաշնակցության, Հայրենիք կուսակցության և 5165 նախաձեռնության շուրջ: Իսկ շատերն էլ միացել են «Դիմադրություն» շարժմանը` առանց կուսակցական ամբիցիաների և առաջնորդվում են իրենց քաղաքացիական համոզմունքներով:

Հետևաբար, Փաշինյանի և նրա իշխանության քարոզչամիջոցների կողմից համառորեն թմբկահարվող «նախկին-ներկա» կամ «ներկաների» պայքարը «նախկինների» դեմ թեզը` կեղծ է ու անհիմն: Նույնիսկ պետք է ընդունել, որ Աստծո նախախնամությունն է այն, որ Հայաստանում կա իրական ընդդիմություն և հասարակությունն անհրաժեշտ պահին ունի իրական ընտրության հնարավորություն:

Մի խոսքով  թմբկահարվող «նախկին-ներկա» թեզը կեղծ է և անիմաստ: Որովհետև այսօրվա ընդդիմության «նախկինները» այն նախկին պաշտոնյաները չեն, որոնց դեմ պետք է պայքարել: Հակառակը` նրանց պետք է հնարավորություն տալ ծառայեցնել իրենց փորձն ու գիտելիքները` ի շահ պետության: Իսկ «ներկաներն» էլ բոլորովին այն ներկաները չեն, որոնք 2018թ-ին խոստանում էին «երջանիկ անհատ, հզոր պետություն և հոգատար հասարակություն»:

Նաև պետք է ականջներիս օղ անենք, որ անցյալ չունեցող հասարակություններն ապագա չեն ունենում:

Օ․ Խ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031