Լրահոս
Օրվա լրահոսը

Ենոքավանում կկառուցվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

Հուլիս 13,2022 22:25

«Հասել ենք այն կետի, որ Ենոքավանը գտնվում է ՀՀ տուրիստական քարտեզի վրա»,- 2003 թվականից, իր ընտանիքի կողմից սկսված բիզնեսի զարգացման դինամիկան է ներկայացնում «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Տիգրան Չիբուխչյանը:

Այս տարվա մարտին ընկերությանն, իբրեւ գործընկեր, միացել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը` ԱՆԻՖ-ը: Ֆոնդի եւ «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում, շուտով շահագործման կհանձնվի հյուրանոցային նոր համալիրը, աշխատանքները շարունակվում են ռեստորանային նոր համալիրում եւ «Յելլ Էքստրիմ» զվարճությունների այգում. նոր ծառայությունները շուտով հասանելի կլինեն:

Զվարճությունների այգում կկառուցվի մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայն, որը կլինի սպորտային զվարճության նոր հարթակ: Այն կլինի աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ 2680 մետր երկարությամբ եւ 200-300 մ բարձրությամբ: Զիփլայնով թռիչքը կտեւի 3-4 րոպե՝ մինչեւ 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Այն շահագործման կհանձնվի 2022 թվականի վերջ: Զվարճությունների այգում գործում են նաեւ պարագլայդինգ, Ռոփ պարկ, քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթեւեկություն, ձիով արշավներ:

Հիշեցնենք, ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն 1,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բաժնեմասային  ներդրում է իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ընկերությունում։ Տիգրան Չիբուխչյանը սա պետական եւ մասնավոր ոլորտի միջեւ արդյունավետ համագործակցության օրինակ է համարում: Նա ընդգծում է նաեւ ծրագրի սոցիալական բաղադրիչը, որը միտված է գյուղական համայնքի զարգացմանը, համայնքային կյանքի բարելավմանը:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Չիբուխչյանը նաեւ խնդիրներից ու դրանց լուծումներից խոսեց. «Մարդկային ռեսուրսի խնդիր կա, մասնագետների պակաս: Օրինակ, եթե հյուրընկալության ոլորտի մասին ենք խոսում, խոհարարների, հմուտ խոհարարների խնդիր կա»: Տեղական ռեսուրսը շատ սուղ է, Ենոքավան համայնքում այժմ գործում է չորս խոշոր համալիր, համայնքի բնակչությունը մոտ 900 մարդ է, երեխաները ներառյալ: Դրսից աշխատուժ ներգրավվելը թանկ է նստում գործարարների վրա, ինչը կամա թե ակամա, անդրադառնալու է գների վրա: Կադրերի պատրաստմամբ, մեր զրուցակցի համոզմամբ, պետք է պետությունը զբաղվի, ասենք, կատարելագործելով Դիլիջանի, Իջեւանի համապատասխան ուսումնական հաստատությունների որակը եւ մակարդակը: Լուծման տարբերակներից մյուսն էլ ապակենտրոնացումն է, ինչի մասին շարունակաբար խոսում են իրեր փոխող ՀՀ կառավարություններում,  սակայն, հստակ քայլեր դեռ չեն երեւում կամ աննշան են: ԱՆԻՖ-ի հետ համագործակցությամբ, մեր զրուցակիցը հույս ունի, որ այս ուղղությամբ էլ քայլ առ քայլ առաջընթաց կլինի:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանն, առհասարակ, պետական միջոցների ներդրման ամենաարդյունավետ ձեւերից մեկը համարում է հաջողված եւ շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելը։ Հիմնադրամն այժմ հինգ ծրագիր է իրականացնում՝ տարբեր ներդրումային չափերով եւ տարբեր ոլորտներում՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, նաեւ ֆինանսական շուկայում ներդրում ունեն: Բելլա Մանուկյանը «Ապագա Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ ծրագիրը հաջողվածներից է համարում, վստահ է, որ ընկերությունում արված ներդրումները բիզնեսի զարգացմանը, հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ նաեւ նպաստելու են տուրիզմի ոլորտի զարգացմանը եւ արդիականացմանը, ինչը հիմնական նպատակներից է:

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է, դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացման խթանումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են ՀՀ-ում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25%-49%  է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5-4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031