Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իրենք 33 ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու քաղաքական որոշումը կայացրել են եւ դիմելու են ՍԴ»

Հուլիս 14,2022 17:50 Share

«Հայելի» ակումբում, պատասխանելով հարցին, թե ըստ տարածվող տեղեկությունների այսօր երեկոյան հրավիրվելիք ԱԺ խորհրդի նիստում իշխանական պատգամավորները, հնարավոր է, որոշեն ու ընդդիմադիր 33 պատգամավորների մանդատից զրկելու հարցով առայժմ չդիմեն Սահմանադրական դատարան, քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասաց. «Չկա այդպիսի բան: Այսօր 18:30-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ: Ուղղակի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջով այդ պատգամավորների մասնակցությամբ պետք է խորհրդի նիստը տեղի ունենա: Որովհետեւ յուրաքանչյուրի վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Այսինքն, ԱԺ խորհուրդը չի կարող մի որոշումով երկու պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ: Յուրաքանչյուրի հետ կապված որոշումը պետք է կայացվի առանձին եւ իր ներկայությամբ:

Քանի որ այդ պատգամավորները չեն գնալու ԱԺ խորհրդի այսօրվա նիստին, կանոնակարգը նախատեսում է, որ հաջորդ նիստը պետք է լինի մեկ շաբաթ հետո եւ կարող է կայանալ արդեն առանց իրենց մասնակցության: Այսինքն, այսօր խորհրդի նիստը կանեն 18:30-ին, այդ պատգամավորները չեն գնա, կհետաձգվի մեկ շաբաթ ու մեկ շաբաթ հետո նիստը կանեն: Սա ֆորմալ կողմն է: Իրենք քաղաքական որոշումը կայացրել են եւ դիմելու են ՍԴ: Եվ դա ոչ թե իրենց բարի կամքով ու ցանկությամբ, այլ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով: Ընդամենը սա է տեղի ունենալու:

Թող սկսեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունը պետք է իրականացնի բանավոր ընթացակարգով եւ գործի քննության համար անհրաժեշտ է այդ պատգամավորների, ներկայությունը ՍԴ-ում: Ու  դիմումը մուտքագրվելուց 30-օրյա ժամկետում դատարանը պետք է որոշում կայացնի: Հիմա հետաքրքիր է, թե 33 հոգու վերաբերյալ դատարանը 30 օրում ո՞նց պետք է որոշում կայացնի: Այն էլ՝ այս դատարանը ու այս արձակուրդների շրջանում»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031