Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Մարկոսյանի գույքի, դրամական միջոցների վրայից արգելանքը հանվեց, արգելանք դրվեց նրա՝ «Տիգրան մեծ» հրատարակչությունում ունեցած բաժնեմասի վրա

Հուլիս 28,2022 15:46

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախկին նախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանի պաշտպան Հունան Բաբայանը ներկայացրեց Վրեժ Մարկոսյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացնելու միջնորդություն․ «Մեղադրանքի փաստական մասից հայտնի է, որ Վրեժ Մարկոսյանին մեղադրում են այն առ, որ Աղվան Հովսեփյանի դրդմամբ նրա անվամբ հաշվառված գույքը վատնվել է, մասնավորապես Աջափնյակում գտնվող 3 հեկտար հողամասը անհատույց նվիրատվության պայմանագրով Հովսեփյանի որդուն է փոխանցել։ Դատարանի ուշադրությանն եմ հրավիրում այն հանգամանքը, որ դեռ նախաքննության ընթացքում քննիչն արգելանք է դրել այս անշարժ գույքի վրա։ Վերլուծելով Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմը՝ պարզ է դառնում, որ ենթադրյալ հանցագործության առարկան և ենթադրյալ վնասը փորձագիտական գնահատմամբ՝ հողամասն է, որը արգելադրված է, առգրավված են այդ հողամասի կադաստրային գործի փաստաթղթերը։ Ինչ կերպ էլ զարգանան հետագա դատական գործընթացները, վնասի առարկան չի կարող փոփոխվել, այն չի կարող որևէ կերպ ավելանալ, առավել ևս՝ հաշվի առնելով, որ անշարժ գույքը հողամաս է, չի կարող ձևափոխվել, կորսվել, հետևաբար նշված պատճառաբանությամբ պայմանավորված՝ բացակայում է այս գույքն արգելանքի տակ պահելու հիմնավորվածությունը»։

Փաստաբանը նշեց՝ Վրեժ Մարկոսյանի մոտ հայտնաբերվել են ծանր հիվանդություններ․մի քանի օրգանների քաղցկեղ, ուստի բուժում է ստանում ՀՀ-ում և Գերմանիայում, և գաղտնիք չէ, որ բուժման ծախսերը հսկայական են։ Ուստի այս տեսանկյունից ելնելով՝ պաշտպանը միջնորդեց՝ եթե դատավորը չբավարարի միջնորդությունը, ապա գոնե բավարարի իր միջնորդությունը՝ փոփոխել արգելանքի կազմը և արգելանք դնել «Տիգրան մեծ» հրատարակչության՝ Վրեժ Մարկոսյանի ունեցած բաժնեմասերի չափաբաժնի վրա։

Մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանն առարկություն ներկայացրեց Վրեժ Մարկոսյանի անշարժ ու շարժական գույքի, դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու միջնորդության դեմ՝ հղում կատարելով նոր քրեական օրենսգրքին։ Սակայն ասաց, որ դեմ չէ արգելանքի կազմը փոխելուն։

Մնացական Մարտիրոսյանը որոշեց մասնակի բավարարել պաշտպանի միջնորդությունը․ բավարարեց միայն արգելանքի կազմը փոխելու միջնորդությունը՝ արգելանք դնել Մարկոսյանի՝ «Տիգրան մեծ» հրատարակչության բաժնեմասի մի չափաբաժնի վրա։

Հունան Բաբայանը նաև ներկայացրեց Վրեժ Մարկոսյանին՝ օգոստոսի 15-25-ը երկրից բացակայելու թույլտվություն տալ, քանի որ ցուցված է նրա բուժումը Գերմանիայում։ Այնուհետև միջնորդեց՝ ընդհանրապես վերացնել Մարկոսյանի՝ մեկնելու արգելքը։

Մեղադրող դատախազն առարկեց․ «Ճիշտ կլիներ յուրաքանչյուր արտասահման մեկնելու հանգամանքը հիմնավորվեր բժշկական փաստաթղթով։ Իսկ ընդհանրապես՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելուն դեմ եմ, քանի որ դա կամայական չի եղել։ Հակառակ դեպքում խափանման միջոցն էլ կիմաստազրկվի։ Չթաքցնեմ՝ մինչև դատական նիստը սկսելը հենց դատարանի դահլիճում Վրեժ Մարկոսյանը դժգոհություն արտահայտեց, «էս գնալ-գալու հետ կապված» կարծիք հայտնեց՝ թե այլևս կարող է չգա էլ, ինչն ինձ համար մտահոգիչ է»։ Վրեժ Մարկոսյանն արձագանքեց՝ ի վիճակի չեմ նստել։

Մնացական Մարտիրոսյանը կրկին պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակիորեն՝ թույլ տալով Վրեժ Մարկոսյանին երկրից մեկնել օգոստոսի 14-25-ը, իսկ մնացած մասով մերժեց՝ պատճառաբանելով, որ դա հիմնավոր չէ։ Նա նաև առաջարկեց այս գործից անջատել Մարկոսյանի հատվածն ու առանձին լուծում տալ։

Արձագանքելով մեղադրող դատախազի հայտարարություններին՝ Հունան Բաբայանն ասաց․ «Վրեժ Մարկոսյանի հիվանդությունների նկարագրին ծանոթանալուց հետո չգիտեմ՝ նույնիսկ զարմանում ես, որ նա ուժ է գտնում, գալիս է, կարողանում է քայլել, նստել։ Հենց այդ նկատառումներով նույնիսկ ես եմ խնդրել, որ այսօր նիստը կայանա, որ միջնորդությունները ներկայացնեմ»։

Վրեժ Մարկոսյանն էլ տեղից հայտարարեց․ «12-մատնյա աղիք չունեմ, լեղապարկ չունեմ, փայծաղի կեսը չունեմ, լյարդի կեսը չունեմ»։

Մնացական Մարտիրոսյանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին՝ ժամը 11․30-ին։

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սույն գործի շրջանակներում Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031